Չեմ ուզում, որ այս արդյունքը մեզ կոտրի, առջեւում շատ խաղեր ունենք: Մեր պարտության պատճառը շատ պարզ է, մրցակիցը շատ ուժեղ թիմ էր եւ մեզ գերազանցեց: Որեւէ մեկին դուր չի գալիս պարտվել, բայց պետք է պատրաստ լինենք մրցաշարի ընթացքում հանդիպել նման թիմերի: Պարտության պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում, որովհետեւ ես եմ ընտրում կազմը, ֆուտբոլիստներին:
Այսպես Եվրոպայի լիգայի հիմնական փուլի առաջին խաղում տանը չեխական «Սպարտայից» կրած 1:4 հաշվով պարտությունը մեկնաբանեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան:
«Շատ լավ մտանք խաղի մեջ: Սկզբում շատ լավ հնարավորություններ ունեցանք: Խնդիրներ ունեցանք ստանդարտների ժամանակ: Գիտեինք, թե որքան լավ է մրցակիցը խաղում մենապայքարներում: Մրցակիցն իսկապես մասնագետ էր անկյունայինների ու ստանդարտների:
Մեր պարտության պատճառը շատ պարզ է, մրցակիցը շատ ուժեղ թիմ էր եւ մեզ գերազանցեց: Առաջին րոպեներին մեր հնարավորությունները չօգտագործեցինք, ապա երկու րոպեում երկու գոլ բաց թողեցինք ու չկարողացանք հետ բերել: Մենք չէին կարողանում հաջող սկսել մեր գրոհները խորքից, որն էլ նրանց հաղթաթղթերից մեկն էր: Հնարավոր չի նման մրցակցի դեմ խաղում ունենալ 70 տոկոս գնդակի վերահսկողություն: Գոլային պահերի առումով հավասար իրավիճակ էր: Մրցակիցը 5 ֆուտբոլիստով գալիս էր պրեսինգի: Այսպիսի իրավիճակներում ունեինք լուրջ խնդիրներ: «Սպարտայի» դեմ գնդակ երկար պահելը բավականին բարդ էր:
Որեւէ մեկին դուր չի գալիս պարտվել, բայց խաղից կային որոշակի դրական նշաններ: Մենք պետք է պատրաստ լինենք մրցաշարի ընթացքում նման թիմերի հանդիպել: Եվրոպայի լիգան միջակ մրցաշար չի, սա ուժեղագույն մրցաշարերից մեկն է, եւ մենք դեռ հանդիպելու ենք բարձրակարգ թիմերի:
Պետք է վերանայեմ խաղը, վերանայեմ նաեւ իմ սխալները: Ես նույնպես շատ սխալներ եմ թույլ տալիս: Հիմա հասկանում եմ, որ եթե խաղայինք 5 պաշտպանով, գուցե ավելի լուրջ խնդիրներ կարողանայինք ստեղծել մրցակցի համար:
Չեմ ուզում, որ այս արդյունքը մեզ կոտրի, առջեւում շատ խաղեր ունենք եւ պետք է պատրաստ լինենք այսպիսի թիմերի դեմ պայքարին:
Ես չեմ ուզում, որ մենք խաղանք մշտական ճնշման տակ:
Եվրոպայի լիգան Եվրոպայի նշանակությամբ երկրորդ մրցաշարն է: Երբ հիմնական փուլի վիճակահանության արդյունքներն ամփոփեցի, թիմերին ուսումնասիրեցի, հասկացա, որ կարող ենք 8-9 միավոր վաստակել: Մեր հիմնական նպատակ դա է: Ամեն դեպքում՝ գիտեի, որ «Սպարտան» ուժեղ թիմ է եւ մեզ համար լուրջ խնդիրներ է ստեղծելու:
«Սպարտան» հզոր թիմ է, ես գիտեմ, թե որքան բյուջե ունի:
Կարող էինք հաղթել այսօր, եթե օգտագործեինք առաջին րոպեների մեր հնարավորությունները, բայց ֆուտբոլը «եթե»-ների մասին չէ: Մրցակիցը երկու ստանդարտ իրացրեց՝ երկու րոպե, երկու գոլ:
Պարտության պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում, որովհետեւ ես եմ ընտրում կազմը, ֆուտբոլիստներին: Սա շատ բարձր մակարդակի, բարդ խաղ էր շատ ուժեղ մրցակցի դեմ: Ինձ համար այս հանդիպումը մեծ դաս էր»,- ասաց Մանուել Տուլիպան:
Երկրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հոկտեմբերի 15-ին կհյուրընկալվի լեհական «Յագելոնիային»։
Լուսինե Շահբազյան
Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:32 , 17 սեպտեմբերի
01:07 , 17 սեպտեմբերի
00:59 , 17 սեպտեմբերի
00:30 , 17 սեպտեմբերի
00:02 , 17 սեպտեմբերի
23:20 , 16 սեպտեմբերի
23:11 , 16 սեպտեմբերի 
22:37 , 16 սեպտեմբերի 
22:11 , 16 սեպտեմբերի 
21:36 , 16 սեպտեմբերի