00:02 17 սեպտեմբերի, 2026Չեմ ուզում, որ այս արդյունքը մեզ կոտրի, առջեւում շատ խաղեր ունենք: Մեր պարտության պատճառը շատ պարզ է, մրցակիցը շատ ուժեղ թիմ էր եւ մեզ գերազանցեց: Որեւէ մեկին դուր չի գալիս պարտվել, բայց պետք է պատրաստ լինենք մրցաշարի ընթացքում հանդիպել նման թիմերի: Պարտության պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում, որովհետեւ ես եմ ընտրում կազմը, ֆուտբոլիստներին:
Այսպես Եվրոպայի լիգայի հիմնական փուլի առաջին խաղում տանը չեխական «Սպարտայից» կրած 1:4 հաշվով պարտությունը մեկնաբանեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան:
«Շատ լավ մտանք խաղի մեջ: Սկզբում շատ լավ հնարավորություններ ունեցանք: Խնդիրներ ունեցանք ստանդարտների ժամանակ: Գիտեինք, թե որքան լավ է մրցակիցը խաղում մենապայքարներում: Մրցակիցն իսկապես մասնագետ էր անկյունայինների ու ստանդարտների:
Մեր պարտության պատճառը շատ պարզ է, մրցակիցը շատ ուժեղ թիմ էր եւ մեզ գերազանցեց: Առաջին րոպեներին մեր հնարավորությունները չօգտագործեցինք, ապա երկու րոպեում երկու գոլ բաց թողեցինք ու չկարողացանք հետ բերել: Մենք չէին կարողանում հաջող սկսել մեր գրոհները խորքից, որն էլ նրանց հաղթաթղթերից մեկն էր: Հնարավոր չի նման մրցակցի դեմ խաղում ունենալ 70 տոկոս գնդակի վերահսկողություն: Գոլային պահերի առումով հավասար իրավիճակ էր: Մրցակիցը 5 ֆուտբոլիստով գալիս էր պրեսինգի: Այսպիսի իրավիճակներում ունեինք լուրջ խնդիրներ: «Սպարտայի» դեմ գնդակ երկար պահելը բավականին բարդ էր:
Որեւէ մեկին դուր չի գալիս պարտվել, բայց խաղից կային որոշակի դրական նշաններ: Մենք պետք է պատրաստ լինենք մրցաշարի ընթացքում նման թիմերի հանդիպել: Եվրոպայի լիգան միջակ մրցաշար չի, սա ուժեղագույն մրցաշարերից մեկն է, եւ մենք դեռ հանդիպելու ենք բարձրակարգ թիմերի:
Պետք է վերանայեմ խաղը, վերանայեմ նաեւ իմ սխալները: Ես նույնպես շատ սխալներ եմ թույլ տալիս: Հիմա հասկանում եմ, որ եթե խաղայինք 5 պաշտպանով, գուցե ավելի լուրջ խնդիրներ կարողանայինք ստեղծել մրցակցի համար:
Չեմ ուզում, որ այս արդյունքը մեզ կոտրի, առջեւում շատ խաղեր ունենք եւ պետք է պատրաստ լինենք այսպիսի թիմերի դեմ պայքարին:
Ես չեմ ուզում, որ մենք խաղանք մշտական ճնշման տակ:
Եվրոպայի լիգան Եվրոպայի նշանակությամբ երկրորդ մրցաշարն է: Երբ հիմնական փուլի վիճակահանության արդյունքներն ամփոփեցի, թիմերին ուսումնասիրեցի, հասկացա, որ կարող ենք 8-9 միավոր վաստակել: Մեր հիմնական նպատակ դա է: Ամեն դեպքում՝ գիտեի, որ «Սպարտան» ուժեղ թիմ է եւ մեզ համար լուրջ խնդիրներ է ստեղծելու:
«Սպարտան» հզոր թիմ է, ես գիտեմ, թե որքան բյուջե ունի:
Կարող էինք հաղթել այսօր, եթե օգտագործեինք առաջին րոպեների մեր հնարավորությունները, բայց ֆուտբոլը «եթե»-ների մասին չէ: Մրցակիցը երկու ստանդարտ իրացրեց՝ երկու րոպե, երկու գոլ:
Պարտության պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում, որովհետեւ ես եմ ընտրում կազմը, ֆուտբոլիստներին: Սա շատ բարձր մակարդակի, բարդ խաղ էր շատ ուժեղ մրցակցի դեմ: Ինձ համար այս հանդիպումը մեծ դաս էր»,- ասաց Մանուել Տուլիպան:
Երկրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հոկտեմբերի 15-ին կհյուրընկալվի լեհական «Յագելոնիային»։
Լուսինե Շահբազյան
Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.