16:33  ,  14 սեպտեմբերի, 2026

Ստեփան Սարգսյանի գավաթ. Հայաստանը նվաճեց 3 ոսկե, 6 բրոնզե մեդալներ (տեսանյութ)

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտեց Ստեփան Սարգսյանի անվան գավաթ ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին Հայաստանը մասնակցում էր ընդլայնված կազմով: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմը մրցաշարում նվաճեց 3 ոսկե եւ 6 բրոնզե մեդալներ:

Ոսկե մեդալակիրներ դարձան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) եւ Վազգեն Թեւանյանը (70 կգ):

2026 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը 57 կգ քաշայինների եզրափակիչում 8:6 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Արիան Ծյուտրինին:

Երիտասարդ ըմբիշ Սարգիս Բեգոյանը 61 կգ քաշայինների եզրափակիչում 4:4 հաշվով առավելության հասավ Ղազախստանը ներկայացնող Մեյրմբեկ Կարտբայի նկատմամբ:

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից, 2026 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանն այս մրցաշարում հանդես էր գալիս 70 կգ քաշային կարգում, որի հաղթողն էլ դարձավ: Եզրափակիչում նա պետք է մրցեր ռուս Իբրահիմ Իբրահիմովի հետ, որը հրաժարվեց գոտեմարտից, հաղթանակը շնորհվեց Վազգեն Թեւանյանին:

Բրոնզե մեդալներ նվաճեցին Նարեկ Հարությունյանը (74 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Լեւիկ Միքայելյանը, Տիգրան Բունաթյանը (երկուսն էլ՝ 61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Նարեկ Նիկողոսյանը (79 կգ):

Ստեփան Սարգսյանի գավաթ միջազգային մրցաշարի հաղթողները պարգեւատրվեցին 2000-ական ԱՄՆ դոլարներով, երկրորդ տեղը գրավածները՝ 1000-ական, երրորդ տեղը գրավածները՝ 500-ական ԱՄՆ դոլարներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print