08:17  ,  12 հուլիսի, 2026

ԱԱ-2026. Արգենտինան լրացուցիչ ժամանակում հաղթեց Շվեյցարիային եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը դուրս եկավ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։  

ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Կանզաս Սիթիում անցկացված քառորդ եզրափակիչի խաղում արգենտինացի Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով հաղթեց Շվեյցարիայի հավաքականին (տեսանյութ):

10-րդ րոպեին Արգենտինայի հավաքականն անկյունայինի իրավունք վաստակեց: ՄԼՍ-ի չեմպիոն, ամերիկյան «Ինտեր Մայամիի» եւ Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի արդյունավետ փոխանցումից հետո Շվեյցարիայի դարպասը գլխի հարվածով գրավեց անգլիական «Լիվերպուլի» 27-ամյա հարձակվող Ալեքսիս Մաք Ալիսթերը: 

Լիոնել Մեսին 10-րդ գոլային փոխանցումը կատարեց աշխարհի առաջնություններում:

67-րդ րոպեին պատասխան գոլը խփեց անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթի» 25-ամյա հարձակվող Դան Նդոյեն, որին փոխանցում կատարեց իսպանական «Ռեալ Բետիսի» 33-ամյա պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը:

72-րդ րոպեից Շվեյցարիայի հավաքականը խաղում էր 10 ֆուտբոլիստներով։

Արգենտինայի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը դեղին քարտ ստացավ Ֆրանսիական «Ռենի» 29-ամյա հարձակվող Բրիլ Էմբոլոյի հետ պայքարում խախտում կատարելու համար: VAR- հուշումից հետո մրցավարը չեղարկեց Պարեդեսի դեղին քարտը եւ կարմիր քարտ ցույց տվեց Բրիլ Էմբոլոյին՝ սիմուլյացիայի համար: Էմբոլոն հեռացվեց՝ թողնելով Շվեյցարիայի հավաքականին 10 ֆուտբոլիստով։

Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:

Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսում մրցակիցները գոլ չխփեցին: 112-րդ րոպեին Արգենտինայի հավաքականից աչքի ընկավ Մադրիդի «Աթլետիկոյի» 26-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսը: Նրան փոխանցում կատարեց բրազիլական «Պալմեյրասի» 25-ամյա հարձակվող Խոսե Մանուել Լոպեսը:

Լրացուցիչ ժամանակի ավելացված րոպեին Արգենտինայի հաղթական գոլը խփեց Միլանի «Ինտերի» 28-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Կիսաեզրափակիչում Արգենտինայի մրցակիցը կլինի Անգլիայի հավաքականը, որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս թողեց Նորվեգիային:

ԱԱ-2026, 1/4 եզրափակիչ

Արգենտինա – Շվեյցարիա՝ 3:1 (տեսանյութ)

Ալեքսիս Մաք Ալիսթեր, 10, Խուլիան Ալվարես, 112, Լաուտարո Մարտինես, 120+1 - Դան Նդոյ, 67,

Հեռացում՝ Բրիլ Էմբոլո (Շվեյցարիա), 72

Մանե Կոտիկյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News