Վաղվա խաղում արդյունքը կարեւոր է, բայց առաջնահերթություն չի ինձ համար: Չեմ հուսահատվի, եթե այս տարի մեզ մոտ ոչինչ չստացվի: Համբերություն, եւ վաղ թե ուշ այս թիմը լավ թիմ կլինի, որը կգնա հստակ արդյունքների: Համբերություն կունենաք, ես կտանեմ, եթե չէ, մեկ այլ մարզիչ կգա եւ կտանի թիմին:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
Հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ղազախստանին:
«Ունենք ուղղություն, թե ինչ ենք ուզում ստանալ այս երկու ընկերական խաղերում: Ունենք մեծ փոփոխություններ, վնասվածքների պատճառով՝ կորուստներ: Առիթ ունենք վերլուծելու: Աշնան պաշտոնական խաղերից առաջ պետք է աշխատենք մեր սխալների վրա եւ փորձենք ստանալ արդյունք: Կարեւորը՝ ճիշտ ուղու վրա ենք: Այս երկու խաղերում պետք է ամեն ինչ անենք, որ այդ արդյունքը ստանանք: Աստված տա ունենանք հաղթանակ, եթե ոչ՝ տեսնենք, վերլուծենք մեր խնդիրները:
Առաջին խնդիրն այն է, որ Ղազախստանում դեռ շարունակվում է առաջնությունը եւ մրցակից թիմի ֆուտբոլիստներն ավելի լավ մարզավիճակում են լինելու այս խաղում: Մեր տղաները հանգստից են եկել եւ միացել հավաքին:
Մի քանի ֆուտբոլիստ չի միացել թիմին վնասվածքների պատճառով, ինչը կորուստ է մեզ համար: Ունենք խնդիրներ, բայց այս օրերին լավ աշխատանք ենք տարել: Այժմ առիթ է՝ տեսնել, թե ինչ արդյունք տվել մեր աշխատանք:
Վաղվա եւ հաջորդ խաղում ինձ համար եւ թիմի համար արդյունքը կարեւոր է, բայց առաջնահերթ չէ: Անկախ արդյունքից, ուզում եմ տեսնել, թե ինչ կունենանք աշնանը: Ուզում եմ, որ արդյունքը չխանգարի, այլ հող նախապատրաստի աշնան խաղերի համար:
Ղազախստանի թիմն այս տարի այլ է, ավելի ուժեղ է նախորդ տարիների համեմատ: Մեզ պետք է համապատասխան թիմ, ինչպիսին կունենանք աշնանը: Ընտրել ենք ոչ շատ ուժեղ, ոչ միջին, ոչ թույլ թիմեր: Ինձ պետք էին թիմեր, որոնք մեզ համար խնդիրներ կստեղծեն խաղադաշտում, մենք հնարավորություն կունենանք տեսնել այդ խնդիրները եւ գտնել դրանք լուծումները:
Բանդիկյանի ոճը պաշտպանողական է, այլ ոչ հարձակողական: Նրան տեսնում եմ պաշտպանությունում:
Էդգար Սեւիկյանի հրավերի քննարկումներ են եղել: Որքան ես աշխատում եմ հավաքականում, տեսնում եմ խնդիրներ, որոնցից մեկը որակի պակասն է: Սեւիկյանը որակ ունի եւ մի քանի տարի կօգնի հավաքականին: Այսօր նրա մարզավիճակը լավ չի: Նա ունի մեծ պոտենցիալ եւ ապագայում նա շատ կօգնի հավաքականին:
Հավաքական ենք հրավիրել լավագույններից լավագույններին եւ փորձելու ենք բոլորին փորձակել տարբեր դիրքերում: Նորեկների մասով դեռ կտրուկ քայլեր եւ որոշումներ չեմ անի: Ժամանակի ընթացքում կհասկանանք՝ ով, ինչքանով կկարողանա հավաքականին օգնել: Խոսքը Հայաստանի առաջնությունում հանդես եկող խաղացողների մասին է, իսկ Հայաստանի հավաքականն այն ցուցանիշը չի, որը կարող ենք հիմք վերցնել եւ մեկնարկային կազմ մտցնել ֆուտբոլիստներին:
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գեւորգյանի հետ որեւէ խնդիր չի եղել, ես նրա եւ թիմի մասին երբեք ոչինչ չեմ ասել: Ինչ Վահե Գեւորգյանն է խոսել, իր կարծիքն է: Ես չեմ իջնի. ես ճանապարհ անցած մարդ եմ, գիտեմ՝ որտեղ եմ գտնվում եւ չեմ գնա այլ դաշտ:
Վերցրել եմ այս պրոբլեմներով թիմը եւ աշխատում եմ խնդիրների վրա: Չեմ կարող խոսք տալ, որ ամեն ինչ լավ կլինի: Ես կախարդական փայտիկ չունեմ, որ միանգամից խնդիրները լուծեմ: Ես չեմ ուզում բարձր խոստումներ անել, երիտասարդ թիմ ենք: Սերնդափոխություն է կատարվել, եւ չհաշված այս խնդիրներին եւ սերնդափոխությանը, մեր խնդիրները ժամանակ են ուզում:
Չեմ հուսահատվի, եթե այս տարի մեզ մոտ ոչինչ չստացվի: Համբերություն եւ վաղ թե ուշ այս թիմը լավ թիմ կլինի, որը կգնա հստակ արդյունքների: Համբերություն կունենաք, ես կտանեմ, եթե չէ, մեկ այլ մարզիչ կգա եւ կտանի թիմին»,- ասաց Եղիշե Մելիքյանը:
Հայաստան - Ղազախստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 6-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:08 , 2 նոյեմբերի
18:04 , 2 նոյեմբերի
17:07 , 2 նոյեմբերի
16:16 , 2 նոյեմբերի
15:27 , 2 նոյեմբերի
15:11 , 2 նոյեմբերի
14:40 , 2 նոյեմբերի 
14:04 , 2 նոյեմբերի
13:01 , 2 նոյեմբերի
12:45 , 2 նոյեմբերի