00:55  ,  5 փետրվարի, 2026

Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը մեկնեց Միլան

25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի երկրորդ պավիրակությունը մեկնեց օլիմպիական Իտալիա: Երեւանի ժամանակով 21:30-ին Երեւան - Միլան ուղիղ չվերթով օլիմպիական քաղաք մեկնեցին գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը: Գեղասահորդները փետրվարի 6-ին կմասնակցեն Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, ապա կմեկնեն Շվեյցարիա 5-օրյա ուսումնամարզական հավաքի՝ մինչեւ իրենց մրցելույթների օրը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի խորհրդի անդամ Մելանյա Ստեփանյանը:

«Մեր թիմը մեկնեց օլիմպիական քաղաք: Կարինան եւ Նիկիտան Միլանում կմասնակցեն Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, օլիմպիականների շքերթում կլինեն Հայաստանի դրոշակակիրները: Մեր թիմը փետրվարի 7-ին կմեկնի Շվեյցարիայի մոտակա քաղաք, որտեց ուսումնամարզական հավաք կանցնի մինչեւ փետրվարի 13-ը: Կվերադառնան Միլան եւ արդեն կպատրաստվեն իրենց մրցելույթներին»,- ասաց Մելանյա Ստեփանյանը:

Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը օլիմպիական սառույց դուրս կգա փետրվարի 15-ին եւ կմասնակցի կարճ ծրագրի որակավորման փուլին: Գեղասահքի մրցաշարի կարճ ծրագիրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 00:45 (փետրվարի 16):

Հայաստանի սպորտային զույգը ազատ ծրագրին կմասնակցի փետրվարի 16-ին, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 01:00-ին (փետրվարի 17):

Գեղասահքի մրցաշարը կանցկացվի Միլանի Ice Skating Arena-ում:

Հայաստանի սպորտային զույգը Օլիմպիական խաղեր մեկնելուց առաջ Երեւանում վերջին մարզումն անցկացրեց, որին հետեւել էր նաեւ NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ Հայաստանի օլիմպիական հավաքականից առաջինը մրցավայր է մեկնել լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:

Դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը օլիմպիական քաղաք կմեկնեն փետրվարի 5-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English