00:55 5 փետրվարի, 202625-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի երկրորդ պավիրակությունը մեկնեց օլիմպիական Իտալիա: Երեւանի ժամանակով 21:30-ին Երեւան - Միլան ուղիղ չվերթով օլիմպիական քաղաք մեկնեցին գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը: Գեղասահորդները փետրվարի 6-ին կմասնակցեն Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, ապա կմեկնեն Շվեյցարիա 5-օրյա ուսումնամարզական հավաքի՝ մինչեւ իրենց մրցելույթների օրը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի խորհրդի անդամ Մելանյա Ստեփանյանը:
«Մեր թիմը մեկնեց օլիմպիական քաղաք: Կարինան եւ Նիկիտան Միլանում կմասնակցեն Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, օլիմպիականների շքերթում կլինեն Հայաստանի դրոշակակիրները: Մեր թիմը փետրվարի 7-ին կմեկնի Շվեյցարիայի մոտակա քաղաք, որտեց ուսումնամարզական հավաք կանցնի մինչեւ փետրվարի 13-ը: Կվերադառնան Միլան եւ արդեն կպատրաստվեն իրենց մրցելույթներին»,- ասաց Մելանյա Ստեփանյանը:
Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը օլիմպիական սառույց դուրս կգա փետրվարի 15-ին եւ կմասնակցի կարճ ծրագրի որակավորման փուլին: Գեղասահքի մրցաշարի կարճ ծրագիրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 00:45 (փետրվարի 16):
Հայաստանի սպորտային զույգը ազատ ծրագրին կմասնակցի փետրվարի 16-ին, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 01:00-ին (փետրվարի 17):
Գեղասահքի մրցաշարը կանցկացվի Միլանի Ice Skating Arena-ում:
Հայաստանի սպորտային զույգը Օլիմպիական խաղեր մեկնելուց առաջ Երեւանում վերջին մարզումն անցկացրեց, որին հետեւել էր նաեւ NEWS.am Sport-ի թղթակիցը:
Հիշեցնենք, որ Հայաստանի օլիմպիական հավաքականից առաջինը մրցավայր է մեկնել լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:
Դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը օլիմպիական քաղաք կմեկնեն փետրվարի 5-ին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.