Ուրախ եմ, որ կարողացա կատարյալ ցատկեր անել, բայց ֆիլիպինցին ինձ հաղթեց վարժության բարդությամբ: Փարիզ-2024-ում նրան բարձր գնահատեցին, ինձ՝ ոչ: Այստեղ համաձայն եմ, որ նա ինձ հաղթեց, որովհետեւ ավել անել չէի կարող: Սա իմ գագաթնակետն էր, բոլոր ժամանակների լավագույն ցատկերս:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ջակարտայից ասաց օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Արթուր Դավթյանը:
Ինդոնեզիայի մայրաքաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը նվաճեց արծաթե մեդալ: Հենացատկի վարժության եզրափակիչում Հայաստանի առաջատար մարմնամարզիկը վաստակեց 14.833 միավոր: Տիտղոսը նվաճեց կրկնակի օլիմպիական չեմպիոն ֆիլիպինցի Կառլոս Յուլոն, որը վաստակեց 14.866 միավոր:
Արթուր, շնորհավորում եմ աշխարհի փոխչեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ: Ցատկերդ իսկապես չեմպիոնական էին: Ի՞նչը պակասեց տիտղոսը նվաճելու համար:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Ես առավելագույնը կատարեցի: Դրանից ավել չէի կարող անել: Իմ ցատկերի գագաթնակետն եմ արել: Պետք է ուղղակի բարդացնել, որպեսզի հաղթեմ ֆիլիպինցուն: Այս պահին չեմ կարողանում բարդացնել, որովհետեւ ոտքերի խնդիր, վնասվածք ունեմ: Իսկապես, ես իմ ցատկերն այս առաջնությունում ամենալավ ձեւով արեցի: Սրանից լավ չէի կարող անել, գնահատականս 14.833-ից ավել չէի կարող ստանալ:
Ինչո՞վ քո ցատկերը զիջեցին ֆիլիպինցու ցատկերին:
Կառլոս Յուլոյի ցատկերը բարդությամբ 4 տասնորդական ավել են: Նա առաջին ցատկը շատ լավ արեց, բայց երկրորդն այդքան էլ լավ չարեց: Ես երկու ցատկերում վերջնամասում քայլ չարեցի: Նա առաջինը մաքուր ավարտեց, երկրորդում քայլ կատարեց: Այսինքն՝ իմ ցատկերը մաքրությամբ էին բարձր, նրանը՝ բարդությամբ: Դրանով նա ինձ հաղթեց:
Ուրախ եմ, որ կարողացա կատարյալ ցատկեր անել, բայց անհերքելի է, որ ֆիլիպինցին եւս իր լավագույն ձեւով ցատկեց: Օրինակ՝ Օլիմպիական խաղերի եզրափակիչում նա այդքան էլ լավ չցատկեց, բայց ոսկե մեդալը նրան տվեցին: Այստեղ այդպես չէր: Իմ կարծիքով՝ Փարիզ-2024-ում նրան բարձր գնահատեցին, ինձ՝ ոչ: Այստեղ ես համաձայն եմ, որ նա հաղթեց, որովհետեւ ես այսքանից ավել չէի կարող անել:
Այսինքն՝ աշխարհի չեմպիոնը քեզնից ուժեղ չէր, որ հաղթեց, խնդիրը զուտ բարդությունն էր...
Ուժեղ է, որ բարդ վարժություն է կատարում, բայց եթե համեմատենք, թե ով ավելի լավ ցատկեց, իհարկե, ես եմ ավելի լավ արել, երկու ցատկն էլ եկել, կանգնել եմ, քայլ չեմ կատարել: Նա ուժեղ է նրանով, որ մեկ ցատկը 4 տասնորդական բարդ է կատարում եւ լավ է անում: Հենց այդ բարդ ցատկը լավ կատարեց:
Դու նույնքան գերազանց ցատկեր կատարեցիր նաեւ այս տարվա Եվրոպայի առաջնությունում, որտեղ դարձար չեմպիոն: Ո՞ր դեպքում ավելի լավ հանդես եկար:
Եվրոպայի առաջնությունում էլ երկու ցատկերը լավ կատարեցի, բայց այս առաջնությունում առավելագույնն էր: Այստեղ ես ավել անել չէի կարող, իդեալական կատարեցի: Այստեղի ցատկերն ավելի լավն էին, քան Եվրոպայի առաջնությունում:
Մրցավարների գնահատականի հետ համաձա՞յն ես:
Եթե ուզենային, ոսկե մեդալն ինձ կտային, որովհետեւ երկուսի դեպքում ես կատարյալ արեցի, կանգնեցի ու քայլ չարեցի: Բայց չէ, նորմալ դատել են, որեւէ անարդարություն չի եղել, ինձ անարդար չեն դատել: Կառլոս Յուլոն լավ ցատկեց: Օրինակ, Օլիմպիական խաղերի հետ ես համաձայն չեմ, այստեղ՝ համաձայն եմ:
Լոս Անջելես-2028-ի համար վարժությունդ կբարդացնե՞ս:
Ես շատ կուզեմ ցատկերս բարդացնել, եթե վնասվածքներս թույլ տան: Գուցե մինչեւ Օլիմպիական խաղեր ավելի վատ լինի, չկարողանամ նույնիսկ նորմալ պատրաստվել: 18 տարեկան չեմ, որ հանգիստ լինեմ: Խնդիրները գնալով շատանում են ու բարդանում:
Ի դեպ, առաջին ցատկից հետո, կարծես, մեջքի խնդիր առաջացավ: Ի՞նչ պատահեց:
Ձգվեց, այդպես հաճախակի է լինում: Այդքան լուրջ խնդիր չի, պահի տակ ձգվում է, ցավում: Այդպես էլ եզրափակիչում եղավ, բայց երբ կանգնում եմ մեկնարկի, մոռանում եմ ամեն ինչի մասին, քանի որ կենտրոնանում եմ վարժությանս վրա: Ծնկի խնդիր ունեմ: Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում 1,5 ամիս չեմ մարզվել. բուժվում էի: Փորձում էի հնարավորինս բուժել, բայց եկավ մի պահ, որ հասկացա՝ բուժումները ոչ մի օգուտ չեն տալիս, ցավերը պարբերաբար կրկնվում են: Տեսնելով, որ ժամանակ չկա այլեւս, աշխարհի առաջնությունը մոտենում է, վերսկսեցի մարզումներս: Նախկինում եթե մեկ ծունկս էր, հիմա կարծես երկուսն են: Գնալով դժվարանում է: Պետք է ամեն ինչ անենք, որ Օլիմպիական խաղերին մասնակցենք, թե ինչպես, ինչ ցատկերով, ժամանակը ցույց կտա:
Ի՞նչ գնահատական կտաս երիտասարդների արդյունքներին, որոնք այս տարի առաջին անգամ էին մասնակցում աշխարհի առաջնությանը:
Համլետ Մանուկյանը չեմպիոն պետք է դառնար, այդ պարագայում Մամիկոն Խաչատրյանը բրոնզե մեդալակիր կլիներ: Ափսոս էր, որ Մանուկյանը վերջում շտապեց եւ չկարողացավ մաքուր կատարել վարժությունը: Այս տղաները 18 տարեկան են, եւ նրանց համար դեռ ամեն ինչ առջեւում է: Համլետ Մանուկյանն իսկապես շատ ուժեղ է եւ այս տարի բազմիցս ապացուցել է Եվրոպայի չեմպիոնությամբ, Ուսանողական խաղերի չեմպիոնությամբ, աշխարհի գավաթում՝ հաղթանակով: Ես Համլետից չեմպիոնություն էի սպասում այստեղ, քանի որ նա կարող էր: Ափսոս չստացվեց:
Մամիկոն Խաչատրյանը մեզ շատ ուրախացրեց, շատ լավ մրցելույթ ունեցավ: 8-րդ էր անում, եզրափակիչում եկավ, իր վարժությունը լավ ձեւով արեց: Շատ ուրախացրեց: Ես երկուսից էլ մեդալ էի սպասում, կարող էին, այդքան ուժեղ են: Ոչինչ, որ Համլետի մոտ այս անգամ չստացվեց, կարեւորը՝ Մամիկոնն արեց: Մեզ համար տարբերություն չկա, թե թիմից ով մեդալակիր կդառնա, յուրաքանչյուրի համար ուրախանում ենք, մեր երկրի մեդալն է:
Ինչով կարողանում ենք, օգնում ենք այս տղաներին, մեր կրտսեր եղբայրներն են: Մենք մի թիմ ենք, ընտանիք, մեկս մեկին օգնում ենք: Մեկը մեդալ չնվաճի, թող մյուսը նվաճի, մեզ համար տարբերություն չկա, նույնքան ուրախանում ենք:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:05 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի