Արթուր Դավթյան. Կարողացա կատարյալ ցատկեր անել, բայց ֆիլիպինցին հաղթեց  վարժության բարդությամբ

13:23   26 հոկտեմբերի, 2025

 Ուրախ եմ, որ կարողացա կատարյալ ցատկեր անել, բայց ֆիլիպինցին ինձ հաղթեց  վարժության բարդությամբ: Փարիզ-2024-ում նրան բարձր գնահատեցին, ինձ՝ ոչ: Այստեղ  համաձայն եմ, որ նա ինձ հաղթեց, որովհետեւ ավել անել չէի կարող: Սա իմ գագաթնակետն էր, բոլոր ժամանակների լավագույն ցատկերս:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ջակարտայից ասաց օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Արթուր Դավթյանը:

Ինդոնեզիայի մայրաքաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը նվաճեց արծաթե մեդալ: Հենացատկի վարժության եզրափակիչում Հայաստանի առաջատար մարմնամարզիկը վաստակեց 14.833 միավոր: Տիտղոսը նվաճեց  կրկնակի օլիմպիական չեմպիոն ֆիլիպինցի Կառլոս Յուլոն, որը վաստակեց 14.866 միավոր:

Արթուր, շնորհավորում եմ աշխարհի փոխչեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ: Ցատկերդ իսկապես չեմպիոնական էին: Ի՞նչը պակասեց տիտղոսը նվաճելու համար:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Ես առավելագույնը կատարեցի: Դրանից ավել չէի կարող անել: Իմ ցատկերի գագաթնակետն եմ արել: Պետք է ուղղակի բարդացնել, որպեսզի հաղթեմ ֆիլիպինցուն: Այս պահին չեմ կարողանում բարդացնել, որովհետեւ ոտքերի խնդիր, վնասվածք ունեմ: Իսկապես, ես իմ ցատկերն այս առաջնությունում ամենալավ ձեւով արեցի: Սրանից լավ չէի կարող անել, գնահատականս 14.833-ից ավել չէի կարող ստանալ:

Ինչո՞վ քո ցատկերը զիջեցին ֆիլիպինցու ցատկերին:

Կառլոս Յուլոյի ցատկերը բարդությամբ 4 տասնորդական ավել են: Նա առաջին ցատկը շատ լավ արեց, բայց երկրորդն այդքան էլ լավ չարեց: Ես երկու ցատկերում վերջնամասում քայլ չարեցի: Նա առաջինը մաքուր ավարտեց, երկրորդում քայլ կատարեց: Այսինքն՝ իմ ցատկերը մաքրությամբ էին բարձր, նրանը՝ բարդությամբ: Դրանով նա ինձ հաղթեց:

Ուրախ եմ, որ կարողացա կատարյալ ցատկեր անել, բայց անհերքելի է, որ ֆիլիպինցին եւս իր լավագույն ձեւով ցատկեց: Օրինակ՝ Օլիմպիական խաղերի եզրափակիչում նա այդքան էլ լավ չցատկեց, բայց ոսկե մեդալը նրան տվեցին: Այստեղ այդպես չէր: Իմ կարծիքով՝ Փարիզ-2024-ում նրան բարձր գնահատեցին, ինձ՝ ոչ: Այստեղ ես համաձայն եմ, որ նա հաղթեց, որովհետեւ ես այսքանից ավել չէի կարող անել:

Այսինքն՝ աշխարհի չեմպիոնը քեզնից ուժեղ չէր, որ հաղթեց, խնդիրը զուտ բարդությունն էր...

Ուժեղ է, որ բարդ վարժություն է կատարում, բայց եթե համեմատենք, թե ով ավելի լավ ցատկեց, իհարկե, ես եմ ավելի լավ արել, երկու ցատկն էլ եկել, կանգնել եմ, քայլ չեմ կատարել: Նա ուժեղ է նրանով, որ մեկ ցատկը 4 տասնորդական բարդ է կատարում եւ լավ է անում: Հենց այդ բարդ ցատկը լավ կատարեց:

Դու նույնքան գերազանց ցատկեր կատարեցիր նաեւ այս տարվա Եվրոպայի առաջնությունում, որտեղ դարձար չեմպիոն: Ո՞ր դեպքում ավելի լավ հանդես եկար: 

Եվրոպայի առաջնությունում էլ երկու ցատկերը լավ կատարեցի, բայց այս առաջնությունում առավելագույնն էր: Այստեղ ես ավել անել չէի կարող, իդեալական կատարեցի: Այստեղի ցատկերն ավելի լավն էին, քան Եվրոպայի առաջնությունում:

Մրցավարների գնահատականի հետ համաձա՞յն ես:

Եթե ուզենային, ոսկե մեդալն ինձ կտային, որովհետեւ երկուսի դեպքում ես կատարյալ արեցի, կանգնեցի ու քայլ չարեցի: Բայց չէ, նորմալ դատել են, որեւէ անարդարություն չի եղել, ինձ անարդար չեն դատել: Կառլոս Յուլոն լավ ցատկեց: Օրինակ, Օլիմպիական խաղերի հետ ես համաձայն չեմ, այստեղ՝ համաձայն եմ:

Լոս Անջելես-2028-ի համար վարժությունդ կբարդացնե՞ս:

Ես շատ կուզեմ ցատկերս բարդացնել, եթե վնասվածքներս թույլ տան: Գուցե մինչեւ Օլիմպիական խաղեր ավելի վատ լինի, չկարողանամ նույնիսկ նորմալ պատրաստվել: 18 տարեկան չեմ, որ հանգիստ լինեմ: Խնդիրները գնալով շատանում են ու բարդանում:

Ի դեպ, առաջին ցատկից հետո, կարծես, մեջքի խնդիր առաջացավ: Ի՞նչ պատահեց:

Ձգվեց, այդպես հաճախակի է լինում: Այդքան լուրջ խնդիր չի, պահի տակ ձգվում է, ցավում: Այդպես էլ եզրափակիչում եղավ, բայց երբ կանգնում եմ մեկնարկի, մոռանում եմ ամեն ինչի մասին, քանի որ կենտրոնանում եմ վարժությանս վրա: Ծնկի խնդիր ունեմ: Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում 1,5 ամիս չեմ մարզվել. բուժվում էի: Փորձում էի հնարավորինս բուժել, բայց եկավ մի պահ, որ հասկացա՝ բուժումները ոչ մի օգուտ չեն տալիս, ցավերը պարբերաբար կրկնվում են: Տեսնելով, որ ժամանակ չկա այլեւս, աշխարհի առաջնությունը մոտենում է, վերսկսեցի մարզումներս: Նախկինում եթե մեկ ծունկս էր, հիմա կարծես երկուսն են: Գնալով  դժվարանում է: Պետք է ամեն ինչ անենք, որ Օլիմպիական խաղերին մասնակցենք, թե ինչպես, ինչ ցատկերով, ժամանակը ցույց կտա:

Ի՞նչ գնահատական կտաս երիտասարդների արդյունքներին, որոնք այս տարի առաջին անգամ էին մասնակցում աշխարհի առաջնությանը:

Համլետ Մանուկյանը չեմպիոն պետք է դառնար, այդ պարագայում Մամիկոն Խաչատրյանը բրոնզե մեդալակիր կլիներ: Ափսոս էր, որ Մանուկյանը վերջում շտապեց եւ չկարողացավ մաքուր կատարել վարժությունը: Այս տղաները 18 տարեկան են, եւ նրանց համար դեռ ամեն ինչ առջեւում է: Համլետ Մանուկյանն իսկապես շատ ուժեղ է եւ այս տարի բազմիցս ապացուցել է Եվրոպայի չեմպիոնությամբ, Ուսանողական խաղերի չեմպիոնությամբ, աշխարհի գավաթում՝ հաղթանակով: Ես Համլետից չեմպիոնություն էի սպասում այստեղ, քանի որ նա կարող էր: Ափսոս չստացվեց:

Մամիկոն Խաչատրյանը մեզ շատ ուրախացրեց, շատ լավ մրցելույթ ունեցավ: 8-րդ էր անում, եզրափակիչում եկավ, իր վարժությունը լավ ձեւով արեց: Շատ ուրախացրեց:  Ես երկուսից էլ մեդալ էի սպասում, կարող էին, այդքան ուժեղ են: Ոչինչ, որ Համլետի մոտ այս անգամ չստացվեց, կարեւորը՝ Մամիկոնն արեց: Մեզ համար տարբերություն չկա, թե թիմից ով մեդալակիր կդառնա, յուրաքանչյուրի համար ուրախանում ենք, մեր երկրի մեդալն է:

Ինչով կարողանում ենք, օգնում ենք այս տղաներին, մեր կրտսեր եղբայրներն են: Մենք մի թիմ ենք, ընտանիք, մեկս մեկին օգնում ենք: Մեկը մեդալ չնվաճի, թող մյուսը նվաճի, մեզ համար տարբերություն չկա, նույնքան ուրախանում ենք:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.