Այս նվաճումը թիմային աշխատանքի արդյունք է: Ուրախ եմ մեդալակիր դառնալու կապակցությամբ, որի համար շնորհակալ եմ մեր մարզիչներին, ընկերներիս, ընտանիքիս անդամներին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ջակարտայից ասաց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը նվաճած 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը:
Ինդոնեզիայի մայրաքաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Եվրոպայի փոխչեմպիոն, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժությունում նվաճեց իր առաջին մեդալը մեծահասակների աշխարհի առաջնությունում:
Եզրափակիչում հայ մարմնամարզիկը վաստակեց 14.600 միավոր, հավասար միավոր վաստակեց նաեւ տիտղոսը նվաճած չինացի մարմնամարզիկը:
Մամիկոն, շնորհավորում եմ աշխարհի առաջնությունում առաջին մեդալդ նվաճելու կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունես:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Մեծահասակներում մեր առաջին աշխարհի առաջնությունն էր, բնական էր, որ լարվածությունն ու պատասխանատվությունը շատ մեծ էր: Մեր մարզիչները պատրաստել էին մեզ, շատ լավ մարզավիճակով էինք եկել աշխարհի առաջնության: Ուրախ եմ մեդալակիր դառնալու կապակցությամբ, որի համար շնորհակալ եմ իմ մարզիչներին, ընկերներին, ընտանիքիս անդամներին: Նրանց շնորհիվ ես կարողացա մեդալ նվաճել: Այս նվաճումը թիմային աշխատանքի արդյունք է: Տխրում եմ միայն Համլետի համար:
Եզրափակիչում ամենավերջինը մասնակցեցիր: Լարվածությունը մե՞ծ էր:
Հոյակապ պատրաստ էինք: Պետք է մեր լավ վարժությունը կատարեինք: Եզրափակիչում լարվածություն կար, բայց արդեն գործիքի վրա կար կարեւոր խնդիր՝ անել առավելագույնը եւ լավագույնը: Ընթացքում դժվար էր հասկանալը՝ իմ կատարած վարժությունը մեդալային է, թե ոչ: Արդեն վերջում ավարտելիս հավատացի, որ մեդալին մոտ եմ:
Քեզ հավասար միավոր վաստակեց չինացի մասնակիցը, որը նվաճեց տիտղոսը: Ի՞նչը քեզ պակասեց, որ գերազանցես նրան:
Իմ վարժությունն ավելի բարդ էր, բայց նա մեկ տասնորդական ավել գնահատվեց, որովհետեւ ավելի մաքուր էր նրա վարժությունը: Սա նաշանակում է, որ պետք է ավելի շատ աշխատենք, ավելի լավ կատարենք մեր վարժությունը, որպեսզի առանց խոսքի կարողանայի հաղթել նրան: Եթե այսպես ստացվեց, ուրեմն ասյդես էր պետք. Աստծո կամքն էր: Ինձ այս իրավիճակն ավելի ոգեշնչեց, որ հաջորդ աշխարհի առաջնությունում ավելի լավ կատարեմ իմ աշխատանքը:
Մրցակցության մասին ի՞նչ կասես:
Աշխարհի առաջնություն էր, շատ բարդ էր, մեծ մրցակցություն կար: Ուղղակի պետք է հաղթահարել լարվածությունը, դժվարությունը եւ անել այն, ինչ կարողանում ես եւ անել այնպես, ինչպես քեզ պատրաստել են մարզիչները:
Աշխարհի առաջնություն մեկնելիս հավատո՞ւմ էիր, որ մեդալակիր կդառնաս:
Յուրաքանչյուր մրցաշարի հավատով եմ մեկնում, բոլորս ենք հավատով գնում մարզումների, հավաքների եւ մրցաշարերի, որ մեդալներ պետք է նվաճենք: Այստեղ էլ եկել էինք հաղթելու, մեդալակիր դառնալու մեծ հավատով:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:19 , 12 նոյեմբերի
23:08 , 12 նոյեմբերի 
22:51 , 12 նոյեմբերի
22:04 , 12 նոյեմբերի
21:47 , 12 նոյեմբերի 
20:27 , 12 նոյեմբերի
19:45 , 12 նոյեմբերի
18:42 , 12 նոյեմբերի
18:05 , 12 նոյեմբերի
17:24 , 12 նոյեմբերի