Համաշխարհային փոփ-աստղ Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը մի փոքր է վնասվել: Լուրջ խնդիր չկա: Մասնագետները եկել, գնահատել են: Բնություն է, խոտ է կվերականգնվի: Գուցե, ֆեդերացիան որոշի միայն «Արարատի» խաղը հետաձգել, հստակ չեմ կարող ասել: Ամեն ինչ կանենք, որ շուտ վերականգնվի:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:
Ըստ պաշտոնական տվյալների, օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում համաշխարհային փոփ-աստղ Ջենիֆեր Լոպեսի համերգին ներկա է եղել 30.000 երկրպագու: Հանդիսատեսի զգալի հատվածը համերգին հետեւել է ֆան գոտուց, որը կառուցված էր անմիջապես խաղադաշտի կենտրոնում՝ խոտածածկի վրա: Շուրջ երկու ժամ տեւած համերգի ընթացքում հայ երկրպագուները խոտածածկի վրա պարել են եւ վայելել փոփ արտիստի առաջին մեծ համերգը Երեւանում: Համերգից հետո օգոստոսի 4-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը մասնագետների հետ այցելել են «Հանրապետական» մարզադաշտ եւ տեղում ծանոթացել խոտածածկի վիճակին:
«Համերգից հետո մարզադաշտի խոտածածկը մի փոքր է վնասվել, բայց ամեն ինչ կարգավորվող է, ամեն ինչ լավ է լինելու: Լուրջ խնդիր չկա, ինչն էլ վնասվել է, մեր մասնագետները կշտկեն, թեմա չի լինի: Գազոնը փոխելու կարիք, կարծում եմ չի առաջանա: «Հանրապետական» էին ժամանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, փոխնախագահը, որոնք մասնագետների հետ նայել են, գնահատել են խոտածածկի վիճակը: Մարզադաշտ այցելելուց հետո ֆեդերացիայում մասնագետների հետ քննարկում է եղել: Ֆեդերացիայից ավելի ճիշտ կասեն, թե ինչ վիճակում է խոտածածկը:
Բնություն է, խոտ է, կվերականգնվի, որեւէ խնդիր չի լինի: Կտեսնենք, ամեն ինչ կանենք, որ վերականգնվի: Գուցե այս իրավիճակով պայմանավորված ֆեդերացիան ընդամենը «Արարատի» (խոսքը՝ «Արարատ-Արմենիայի ԿԼ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղի մասին է,- խմբ.) խաղը հետաձգի: Այլ խնդիր չի առաջանա: Ֆեդերացիան ավելի ստույգ կպատասխանի այս հարցի վերաբերյալ, քանի որ ինքս մասնագետ չեմ, որ վնասը գնահատեմ: Մասնագետները խոսել են, ՀՖՖ նախագահը, փոխնախագահը եկել են, գնահատել են եւ իրենք միայն կարող են հստակ պատասխանել»,- ասաց Աշոտ Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը եվրոպական գոտու F խմբում սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի հավաքանականին:
Մինչեւ այդ, «Արարատ-Արմենիա» ակումբը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում օգոստոսի 14-ին «Հանրապետական» ստադիոնում պատասխան խաղում կմրցի չեխական «Սպարտայի» հետ:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի
16:02 , 9 սեպտեմբերի
15:23 , 9 սեպտեմբերի
14:18 , 9 սեպտեմբերի
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի