11:48 5 օգոստոսի, 2025Համաշխարհային փոփ-աստղ Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը մի փոքր է վնասվել: Լուրջ խնդիր չկա: Մասնագետները եկել, գնահատել են: Բնություն է, խոտ է կվերականգնվի: Գուցե, ֆեդերացիան որոշի միայն «Արարատի» խաղը հետաձգել, հստակ չեմ կարող ասել: Ամեն ինչ կանենք, որ շուտ վերականգնվի:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:
Ըստ պաշտոնական տվյալների, օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում համաշխարհային փոփ-աստղ Ջենիֆեր Լոպեսի համերգին ներկա է եղել 30.000 երկրպագու: Հանդիսատեսի զգալի հատվածը համերգին հետեւել է ֆան գոտուց, որը կառուցված էր անմիջապես խաղադաշտի կենտրոնում՝ խոտածածկի վրա: Շուրջ երկու ժամ տեւած համերգի ընթացքում հայ երկրպագուները խոտածածկի վրա պարել են եւ վայելել փոփ արտիստի առաջին մեծ համերգը Երեւանում: Համերգից հետո օգոստոսի 4-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը մասնագետների հետ այցելել են «Հանրապետական» մարզադաշտ եւ տեղում ծանոթացել խոտածածկի վիճակին:
«Համերգից հետո մարզադաշտի խոտածածկը մի փոքր է վնասվել, բայց ամեն ինչ կարգավորվող է, ամեն ինչ լավ է լինելու: Լուրջ խնդիր չկա, ինչն էլ վնասվել է, մեր մասնագետները կշտկեն, թեմա չի լինի: Գազոնը փոխելու կարիք, կարծում եմ չի առաջանա: «Հանրապետական» էին ժամանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, փոխնախագահը, որոնք մասնագետների հետ նայել են, գնահատել են խոտածածկի վիճակը: Մարզադաշտ այցելելուց հետո ֆեդերացիայում մասնագետների հետ քննարկում է եղել: Ֆեդերացիայից ավելի ճիշտ կասեն, թե ինչ վիճակում է խոտածածկը:
Բնություն է, խոտ է, կվերականգնվի, որեւէ խնդիր չի լինի: Կտեսնենք, ամեն ինչ կանենք, որ վերականգնվի: Գուցե այս իրավիճակով պայմանավորված ֆեդերացիան ընդամենը «Արարատի» (խոսքը՝ «Արարատ-Արմենիայի ԿԼ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղի մասին է,- խմբ.) խաղը հետաձգի: Այլ խնդիր չի առաջանա: Ֆեդերացիան ավելի ստույգ կպատասխանի այս հարցի վերաբերյալ, քանի որ ինքս մասնագետ չեմ, որ վնասը գնահատեմ: Մասնագետները խոսել են, ՀՖՖ նախագահը, փոխնախագահը եկել են, գնահատել են եւ իրենք միայն կարող են հստակ պատասխանել»,- ասաց Աշոտ Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը եվրոպական գոտու F խմբում սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի հավաքանականին:
Մինչեւ այդ, «Արարատ-Արմենիա» ակումբը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում օգոստոսի 14-ին «Հանրապետական» ստադիոնում պատասխան խաղում կմրցի չեխական «Սպարտայի» հետ:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.