21:27  ,  2 հուլիսի, 2025

Հովհաննես Բաչկովը նոկաուտով հասավ հաղթանակի Ստամբուլում (ֆոտո, վիդեո)

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը  8-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:

Ստամբուլում անցկացվող IBA Pro-7 Champions Night մրցաշարում 63,5 կգ քաշային կարգում Բաչկովը մենամարտեց հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիի հետ եւ հաղթանակի հասավ 9-րդ ռաունդում՝ մրցակցին նոկաուտի ենթարկելով: Օլիմպիական բրոնզե մեդալակիրը նվաճեց IBA Pro չեմպիոնական գոտի:

Մենամարտի 9-րդ ռաունդում Հովհաննես Բաչկովի հարվածից մրցակիցը ծնկի իջավ: Այդ ընթացքում մրցավարը ցանկանում էր հաշիվ բացել, հարավաֆրիացու անկյունն անմիջապես սպիտակ սրբիչ նետեց ռինգ:

«Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթանակի հասնել եւ նվաճել այս չեմպիոնական գոտին: Շնորհակալ եմ բոլորին, ով եկել էր հետեւելու իմ մենամարտին, նաեւ նրանց ովքեր չեն կարողացել ժամանել Թուրքիա»,- ասաց Հովհաննես Բաչկովը:

Մենամարտը 10 ռաունդանոց էր:

Առաջին երկու ռաունդներում Հովհաննես Բաչկովը պաշտպանողական մենամարտ էր վարում՝ աշխատելոց  ռինգի կենտրոնից: Այս ռաունդներում մրցակցի հարվածները հասնում էին նպատակին: Երրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկն ակտիվացավ եւ իրար հաջորդող հարվածաշարերով առավելություն ձեռք բերեց մրցակցի նկատմամբ:

IBA Pro չեմպիոնական գոտին ստանալուց հետո ռինգ բարձրացավ նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Համբարձումյանը: Հայաստանի հավաքականի ավագը շնորհակալություն հայտնեց նաեւ ֆեդերացիայի նախագահին: Հովհաննես Բաչկովի մենամատին Ստամբուլի մարզադահլիճում հետեւում էր նաեւ IBA նախագահ Ումար Կրեմլյովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում