22:50  ,  8 մայիսի, 2025

Կարատեի Եվրոպայի բացման արարողությունը Երեւանում (ֆոտո)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շքեղ բացման արարողությամբ մեկնարկեց կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը:

Բացման արարողությունը մեկնարկեց կարճ շոու ծրագրով, որում ընդգծված էր ստեղծարար հայի կերպարը եւ պայքարող տեսակը, առանձին պատկերներով եւ լուսային ձեւավորվմամբ ներկայացվեց նաեւ  հայկական մշակույթը՝ Մարտիրոս Սարյանի գունագեղ պատկերներից մինչեւ հայկական գորգագործություն: Շոու ծրագրի ընթացքում երկինք բաց թողնվեցին քարեր պատկերող փուչիկներ, որոնք պատկերված էին հայկական զարդանախշերով:

Շոու ծրագրին հաջորդեց մասնակից 53 երկրի շքերթը: Եվրոպայի առաջնությանը մասնակից 53 երկրի ներկայացուցիչները այբբենական կարգով հերթով անցան մրցումային տատամիով: Հիշեցնենք, որ Երեւանում անցկացվող կարատեի Եվրոպայի առաջնությանը մասնակցում է նաեւ Թուրքիայի թիմը, որը նույնպես շքերթով անցավ համալիրով: Տրիբունաները հարեւան երկրին չսուլեցին: Հանդիսատեսը ծափերով ողջունեց շքերթը եզրափակող Հայաստանի պատվիրակությանը:

Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկա էին Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնատար հյուրերը, 53 երկրի ազգային ֆեդերացիաների նախագահներ եւ Կարատեի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, որն էլ Եվրոպայի առաջնությունը հայտարարեց բացված:

«Հայաստանի նախարարության, կարատեի ազգային ֆեդերացիայի, ինչպես նաեւ Եվրոպական ֆեդերացիայի համատեղ ջանքերով Եվրոպայի առաջնությունը Երեւանում արդեն իրականություն է:  Մենք կարողացել ենք ապահովել հնարավոր լավագույն պայմանները բոլոր մարզիկների համար։ Բոլոր մարզիկներին մաղթում եմ հաջող պայքար եւ հաղթանակ։ Մեծ ձեռքբերում է այստեղ գտնվելը՝ ներկայացնելով ձեր երկիրը։ Բոլորին մաղթում եմ անմոռանալի օրեր այս հիասքանչ երկրում՝ Հայաստանում»,- ասաց Անտոնիո Էսպինոսը:

Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Եվրոպայի ֆեդերացիային՝ 60-րդ առաջնությունը Հայաստանին վստահելու համար:

«Եվրոպայի ֆեդերացիայի Կոնգրեսի հյուրընկալումը Երեւանում մեր երկրի համար մեծ պատիվ է եւ պատասխանատվություն։ Կարատեն պարզապես սպորտ չի․ այն ճանաչման, միասնության եւ փոխադարձ վստահության պահ է Եվրոպական կարատեի ընտանիքի ներսում։ Հայաստանը մի երկիր է, որի հիմքում դրված են արժեքները, կարգապահությունը, հարգանքը եւ տոկունությունը. սրանք այն արժեքներն են, որոնք խորապես արմատավորված են կարատեի ոգում։ Վերջին տարիներին մենք աշխատել ենք մեր ֆեդերացիայի ամրապնդման, երիտասարդների զարգացման եւ կարատեն ոչ միայն որպես մարզաձեւ, նաեւ որպես կյանքի ուղի  տարածելու ուղղությամբ։ Հպարտ ենք հյուրընկալել ավելի քան 1000 պատվիրակների՝ ավելի քան 50 երկրից, ինչը վկայում է մեր համայնքի մասշտաբի, բազմազանության եւ ներառականության մասին։ Նրանց շարքում են նաեւ պարա-կարատեի մարզիկներ, մարզիչներ, պաշտոնյաներ եւ մրցավարներ: Բարձր ենք գնահատում ԿԳՄՍ նախարարության աջակցությունը, որն առանցքային դեր է ունեցել այս միջոցառման իրականացման հարցում։ Միջոցառումը լայն արձագանք է գտել միջազգային լրատվամիջոցներում, մասնավորապես՝ Associated Press, Yahoo News եւ այլ մեծ հարթակներ, ինչը բարձրացնում է ինչպես Հայաստանի սպորտային հեղինակությունը, այնպես էլ մեր ֆեդերացիայի միջազգային վարկանիշը։ Հպարտությամբ հայտարարում եմ, որ Երևանը պատրաստ է նորից ընդունել կարատեի եվրոպական մեծ իրադարձություն՝ 2027թ․ Եվրոպայի կադետների, պատանիների եւ մինչեւ 21 տարեկանների առաջնությունը։

Թող այս առաջնությունը լինի ոչ միայն սպորտի տոն, այլեւ առաջընթացի հարթակ, որտեղ մենք կոգեշնչենք նոր սերունդներին, կխթանենք մեր համագործակցությունը և կընդլայնենք կարատեի համընդհանուր հասանելիությունը»,- ասաց Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը։

Կարատեի Եվրոպայի առաջնությունը կավարտվի մայիսի 11-ին:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print