Ուրախ եմ, որ կարողացա մեծահասակների պայքարում եւս մեկ անգամ մեդալակիր դառնալ: Անցյալ տարվա չեմպիոնությունից հետո շատ էի ուզում կրկնել հաջողությունս։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մոլդովայից ասաց Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը:
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը կանանց 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 202 կգ արդյունքով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը (85+117): Հրում վարժությունում գյումրեցի ծանրորդը արժանացավ փոքր ոսկե մեդալի: Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվեց նաեւ 2024 թ. Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ եւ պարգեւատրվեց:
Ալեքսանդրա, շնորհավորում եմ արծաթե մեդալի կապակցությամբ: Ինչպե՞ս կգնահատես մրցելույթներդ Եվրոպայի առաջնությունում:
Ուրախ եմ, որ կարողացա մեծահասակների պայքարում եւս մեկ անգամ մեդալակիր դառնալ: Անցած տարվա չեմպիոնությունից հետո շատ կուզեի կրկնել հաջողությունս: Այստեղ եկել էի ոսկե մեդալ նվաճելու, չեմպիոնության համար: Երկրորդը լինելուց մի քիչ նեղվել էի: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ թեկուզ երկրորդն եմ, բայց մեդալակիր եմ:
Պարգեւատրման արարողության ժամանակ չկարողացար զսպել արցունքներդ: Ինչո՞վ էր պայմանավորված:
Չեմ կարող բացատրել... Ես կարող էի ոսկե մեդալակիր դառնալ: Կարող էի վերջին մոտեցումներս լավ կատարել, բայց չստացվեց: Եթե բարձրացնեի, չեմպիոն կդառնայի, բայց ձախողեցի երկու մոտեցում: Չստացվեց, այդ պատճառով էի հուզվել:
Ի՞նչը չբավականացրեց հրման վերջին երկու մոտեցումներում:
Այդ պահին չստացվեց: Մարզումներին 120 կգ հրել էի: Իմ ուժերի սահմաններում էր 120 կգ-ն: Լարվածությունը խանգարեց: Մարզումներին ցավեր ունեի: Վիրահատությունից որոշ ժամանակ անց ուսիս շրջանում ցավեր ունեմ: Մարզումների սկզբնական փուլում խանգարում էր, լավ չէին ստացվում մարզումներս: Մարզիչներիս, թիմի օգնությամբ ուժ հավաքեցի եւ լավ հավաքներ ունեցա: Ուսիս վիրահատությունից անցել է շուրջ մեկ տարի, բայց հիմա ավելի շատ է ցավում, քան վիրահատությունից առաջ էր:
Եվրոպայի մրցահարթակում միայն այդ մտքից արդեն լարված էի: Այս առումով այս առաջնությունն ինձ համար ավելի լարված ստացվեց, քան 2024-ինը, որտեղ չեմպիոն էի դարձել:
Ամեն դեպքում նախորդ տարվա համեմատ 8 կգ-ով բարելավել ես արդյունքդ: Սա գոհացնո՞ւմ է քեզ:
Եվրոպայի առաջնությունում մասնակցությունիցս գոհ չեմ, որովհետեւ մեկական մոտեցում հաջող աշխատեցի: Մարզումներին պոկել էի 90 կգ, հրել՝ 120կգ:
Լարված էի, երեւի հենց ուսիս ցավն էր պատճառը, որ չէի կարողանում կենտրոնանալ: Այն միտքը, որ մարզումների սկզբնական փուլը լավ չէր ստացվել, արդեն լարում էր, ինչն էլ ինձ խանգարեց:
Վիրահատությունից հետո մասնակցել եմ մեծահասակների աշխարհի առաջնությանը, որտեղ բրոնզե մեդալակիր դարձա: Այդ ժամանակ ցավը չէր անհանգստացնում: Կարծում եմ, այս փուլում ծանրաբեռնվածությունը շատ էր, ինչն էլ անհետեւաք չմնաց: Նույնիսկ մեծահասակների աշխարհի առաջնությունում այդքան լարված չէի, որքան այստեղ:
Մրցակցության մասին ի՞նչ կասես:
Շատ մեծ մրցակցություն էր: Իմ կարծիքով, գրեթե հավասար ուժեղ էինք բոլորս Եթե 120 կգ-ն հրեի, չեմպիոն կդառնայի:
Այլեւս չեմ կենտրոնանում: Գուցե այնպես ստացվեր, որ ավելի վատ արդյունք ունենայի, մեդալ չլիներ: Կարեւորն այն է, որ վերադառնում եմ մեդալով:
Մասնակցությունից անմիջապես հետո այստեղ վերսկսեցի մարզումներս, չեմ հանգստացել, քանի որ մայիսի 1-ից Պերուում մեկնարկում է երիտասարդների սշխարհի առաջնությունը:
Թիմով կվերադառնանք հայրենիք եւ կշարունակեմ պատրաստվել աշխարհի երիտասարդական առաջնությանը, որից սպասելիքներս ավելի մեծ են: Եվրոպայի առաջնությունն ինձ համար մեծ փորձ եղավ, որ ավելի լավ մասնակցեմ աշխարհի երիտասարդական առաջնությանը:
Ճանաչվեցիր 2024 թ. Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ: Ի՞նչ նշանակություն ունի այն քեզ համար:
Ավելի պարտավորված եմ: Լավագույնը դառնալուց հետո պատկերացնում էի, որ Եվրոպայի առաջնությունում արդյունքներս ավելի լավը պետք է լինեն, որովհետեւ ես արդեն լավագույնն եմ: Քիշնեւի մրցահարթակը լավ փորձ եղավ, որ կարողանանք հաղթահարել բարդությունները, չբավարարվենք այն ամենով, ինչ ունենք: Ես չեմ բավարարվում: Մեդալ նվաճելուց բացի, առավել կարեւոր է առանց վնասվածքների մրցաշարն ավարտելը, քանի որ որեւէ մեկիս համար այն վերջինը չի:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի