Հավաքականի նորեկներ Համլետ Մանուկյանին եւ Մամիկոն Խաչատրյանին խանգարեց լարվածությունը: Մեդալ նվաճել չհաջողվեց, բայց կարող էին, նրանք ունեն բոլոր հնարավորությունները: Մինչեւ աշխարհի գավաթին գալը, մեր տղաների մասին արդեն խոսում էին: Նրանց շատ ջերմ ընդունեցին մեծահասակների պայքարում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Կոտբուսից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Երիտասարդ մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում նորամուտը նշեցին հավաքականի կազմում: Մեծահասակներում առաջին պաշտոնական մրցաշարում նժույգ թափեր վարժության եզրափակիչում Մամիկոն Խաչատրյանը գրավեց 4-րդ տեղը (13.800), Համլետ Մանուկյանը՝ 8-րդ (12.166):
«Տարվա առաջին մրցաշարին ենք մասնակցում եւ արդեն ունենք ոսկե մեդալ, ինչն ուրախացնող է:
Համլետ Մանուկյանին եւ Մամիկոն Խաչատրյանին խանգարեց հոգեբանական լարվածությունը: Որակավորման փուլում այնքան լավ հանդես եկան, որ, ուղղակի, իրենք էլ զարմացան ու եզրափակիչում շփոթվեցին: Սխալներ թույլ տվեցին եւ մեդալային պայքարից դուրս մնացին: Եթե ամեն ինչ անեին այնպես, ինչպես որակավորման փուլում, երկուսն էլ մեդալակիր կդառնային, առաջին եւ երկրորդ տեղերում կլինեին նորից: Վստահ եմ, որ կարող էին:
Եզրափակիչում Մամիկոն Խաչատրյանն ընկավ գործիքի վրայից, բայց չորրորդ տեղը գրավեց: Մամիկոնի ընկնելը Համլետի մոտ լարվածություն առաջացրեց: Նա եզրափակիչում վերջինը մոտեցավ, որն ամենաբարդն է մեր մարզաձեւում: Նյարդային լարվածությանը նույնիսկ մեծերը չեն դիմանում:
Սխալներ թույլ չտալու դեպքում բոլորից մի գլուխ բարձր կլինեին: Այս մասին բոլորն էին ասում, ոչ միայն ես: Այս տղաներն ապագա ունեն, ավել ոչինչ չեմ ասում: Նրանք դեռ ցույց կտան, թե ինչ ներուժ ունեն: Մեծերի մեջ եզրափակիչ դուրս գալն առաջին փորձից մեծ արդյունք է: Սպասում էի, որ եզրափակիչում կլինեն, իրենք էլ էին սպասում, բայց որ մյուս ուժեղ մրցակիցներից մեծ տարբերությամբ առաջին-երկրորդ տեղերով դուրս կգան եզրափակիչ, չէին սպասում:
Նախավերջինը եւ վերջինը մոտեցան, որն առաջացրեց շփոթմունք եւ լարվածություն: Ապագան նրանցն է. պետք է փորձ մեծահասակներում, հոգեբանական կայունություն, ինչպես, օրինակ, Արթուր Դավթյանինն է: Պատրաստ են եւ ուժեղ:
Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում ամենաբարդ մրցակցությունը նժույգ թափեր վարժությունում էր եւ հենց որակավորման փուլում: Մեր տղաները մրցում էին աշխարհի եւ Եվրոպայի մեդալակիրների հետ:
Մարմնամարզության հանրությունը շատ ջերմ ընդունեց տղաներին մեծահասակների պայքարում: Նրանց մասին խոսում էին մինչեւ մեր Կոտբուս գալը: Արդեն հարցազրույցներ են տալիս, ինքնագրեր բաժանում, նրանց հետ լուսանկարվում են: Բոլորը շատ լուրջ են ընդունում Համլետին եւ Մամիկոնին: Բոլորի համար շատ բարձր մակարդակի մարմնամարզիկներ են: Ամեն ինչ դեռ առջեւում է:
Ինչ վերաբերում է օղակների վարժության երզափակիչին, Վահագն Դավթյանը շտկեց որակավորման փուլում թույլ տված սխալը եւ ոսկե մեդալակիր դարձավ: Վահագն Դավթյանը հետ թողեց Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներին: Արթուր Ավետիսյանը վարժության վերջնամասում այնպիսի սխալ թույլ տվեց, որն, ուղղակի, զարմանալի է:
Արթուր Դավթյանի մասնակցությամբ սպասվող եզրափակիչում երկու ուժեղ մրցակից ունենք:
Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը 6-ն են, որից կմասնակցեն 5-ին: Հաջորդը Բաքվում է, բաց կթողնենք: Երրորդը փուլը տեղի է ունենալու Անկարայում, որին կմասնակցենք: Թուրքիա կմեկնեն Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը»,- ասաց Հակոբ Սերոբյանը:
Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը: Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակիցը հավասարը չունեցավ օղակների վարժության եզրափակիչում եւ 14.133 միավորով դարձավ հաղթող:
Փետրվարի 23-ին հենացատկի վարժության եզրափակիչում մեդալի համար կպայքարի Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Արթուր Դավթյանը: Հայաստանի թիմի ավագը որակավորման փուլի արգելքը հաղթահարել է 14.850 միավորով:
Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկության փուլերի արդյունքներով մարմնամարզիկները 2025 թ. աշխարհի առաջնության մասնակցության իրավունք ձեռք կբերեն:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի