Հակոբ Սերոբյանը՝ Կոտբուսից․ Համլետ Մանուկյանին եւ Մամիկոն Խաչատրյանին խանգարեց լարվածությունը

10:10   23 փետրվարի, 2025

Հավաքականի նորեկներ Համլետ Մանուկյանին եւ Մամիկոն Խաչատրյանին խանգարեց լարվածությունը: Մեդալ նվաճել չհաջողվեց, բայց կարող էին, նրանք ունեն բոլոր հնարավորությունները: Մինչեւ աշխարհի գավաթին գալը, մեր տղաների մասին արդեն խոսում էին: Նրանց շատ ջերմ ընդունեցին մեծահասակների պայքարում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Կոտբուսից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Երիտասարդ մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում նորամուտը նշեցին հավաքականի կազմում: Մեծահասակներում առաջին պաշտոնական մրցաշարում  նժույգ թափեր վարժության եզրափակիչում Մամիկոն Խաչատրյանը գրավեց 4-րդ տեղը (13.800),  Համլետ Մանուկյանը՝ 8-րդ (12.166):

«Տարվա առաջին մրցաշարին ենք մասնակցում եւ արդեն ունենք ոսկե մեդալ, ինչն ուրախացնող է:

Համլետ Մանուկյանին եւ Մամիկոն Խաչատրյանին խանգարեց հոգեբանական լարվածությունը: Որակավորման փուլում այնքան լավ հանդես եկան, որ, ուղղակի, իրենք էլ զարմացան ու եզրափակիչում շփոթվեցին: Սխալներ թույլ տվեցին եւ մեդալային պայքարից դուրս  մնացին: Եթե ամեն ինչ անեին այնպես, ինչպես որակավորման փուլում, երկուսն էլ մեդալակիր կդառնային, առաջին եւ երկրորդ տեղերում կլինեին նորից: Վստահ եմ, որ կարող էին:

Եզրափակիչում Մամիկոն Խաչատրյանն ընկավ գործիքի վրայից, բայց չորրորդ տեղը գրավեց: Մամիկոնի ընկնելը Համլետի մոտ լարվածություն առաջացրեց: Նա եզրափակիչում վերջինը մոտեցավ, որն ամենաբարդն է մեր մարզաձեւում: Նյարդային լարվածությանը նույնիսկ մեծերը չեն դիմանում:

Սխալներ թույլ չտալու դեպքում բոլորից մի գլուխ բարձր կլինեին: Այս մասին բոլորն էին ասում, ոչ միայն ես: Այս տղաներն ապագա ունեն, ավել ոչինչ չեմ ասում: Նրանք դեռ ցույց կտան, թե ինչ ներուժ ունեն: Մեծերի մեջ եզրափակիչ դուրս գալն առաջին փորձից մեծ արդյունք է: Սպասում էի, որ եզրափակիչում կլինեն, իրենք էլ էին սպասում, բայց որ մյուս ուժեղ մրցակիցներից մեծ տարբերությամբ առաջին-երկրորդ տեղերով դուրս կգան եզրափակիչ, չէին սպասում:

Նախավերջինը եւ վերջինը մոտեցան, որն առաջացրեց շփոթմունք եւ լարվածություն: Ապագան նրանցն է. պետք է փորձ մեծահասակներում, հոգեբանական կայունություն,  ինչպես, օրինակ, Արթուր Դավթյանինն է: Պատրաստ են եւ ուժեղ:

Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում ամենաբարդ մրցակցությունը նժույգ թափեր վարժությունում էր եւ հենց որակավորման փուլում: Մեր տղաները մրցում էին աշխարհի եւ Եվրոպայի մեդալակիրների հետ:

Մարմնամարզության հանրությունը շատ ջերմ ընդունեց տղաներին մեծահասակների պայքարում: Նրանց մասին խոսում էին մինչեւ մեր Կոտբուս գալը: Արդեն հարցազրույցներ են տալիս, ինքնագրեր բաժանում, նրանց հետ լուսանկարվում են: Բոլորը շատ լուրջ են ընդունում Համլետին եւ Մամիկոնին: Բոլորի համար շատ բարձր մակարդակի մարմնամարզիկներ են: Ամեն ինչ դեռ առջեւում է:

Ինչ վերաբերում է օղակների վարժության երզափակիչին, Վահագն Դավթյանը շտկեց որակավորման փուլում թույլ տված սխալը եւ ոսկե մեդալակիր դարձավ: Վահագն Դավթյանը հետ թողեց Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներին: Արթուր Ավետիսյանը վարժության վերջնամասում այնպիսի սխալ թույլ տվեց, որն, ուղղակի, զարմանալի է:

Արթուր Դավթյանի մասնակցությամբ սպասվող եզրափակիչում երկու ուժեղ մրցակից ունենք:

Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը 6-ն են, որից կմասնակցեն 5-ին: Հաջորդը Բաքվում է, բաց կթողնենք: Երրորդը փուլը տեղի է ունենալու Անկարայում, որին կմասնակցենք: Թուրքիա կմեկնեն Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը: Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակիցը հավասարը չունեցավ օղակների վարժության եզրափակիչում եւ 14.133 միավորով դարձավ հաղթող:

Փետրվարի 23-ին հենացատկի վարժության եզրափակիչում մեդալի համար կպայքարի Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Արթուր Դավթյանը: Հայաստանի թիմի ավագը որակավորման փուլի արգելքը հաղթահարել է 14.850 միավորով:

Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկության փուլերի արդյունքներով մարմնամարզիկները 2025 թ. աշխարհի առաջնության մասնակցության իրավունք ձեռք կբերեն:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.