2024-ում ամենահիշարժան օրս Հայաստանի դրոշի տակ առաջին խաղն էր: Հույզերով ու հպարտությամբ լի օր էր, ասես՝ կարիերայումս նոր փուլ էր սկսվում։ Հայաստանը ներկայացնելուց հետո հսկայական աջակցություն զգացի հայ երկրպագուների կողմից։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ներկայացուցիչ, Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում 43-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը։
2024 թ. օգոստոսից Էլինա Ավանեսյանը ներկայացնում է Հայաստանը: Նրան մարզական քաղաքացիությունը փոխելու եւ Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցում աջակցել են ԿԳՄՍ նախարարությունը, «Կերոն» զարգացման հիմնադրամը եւ Հայաստանի թենիսի ֆեդերացիան:
Էլինա Ավանեսյանն ամփոփել է մրցաշրջան-2024-ը, պատմել Հայաստանը ներկայացնելու կարեւորության, Նոր Տարվա տրամադրության եւ մանկական հիշողությունների մասին:
Էլինա, շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար: Սկզբում կցանկանայի՝ ամփոփեինք 2024 թվականը: Ինչպիսի՞ն այն ստացվեց Ձեզ համար:
2024-ն ինձ համար շատ հագեցած եւ կարեւոր տարի էր, առաջընթացի, նոր մարտահրավերների եւ կարեւոր որոշումների տարի էր։ Առանձնահատուկ էր այն, որ «Կերոն» հիմնադրամի, նախարարության եւ թենիսի ֆեդերացիայի աջակցությամբ սկսեցի ներկայացնել Հայաստանը։ Սա իմ մրցելույթներին հատուկ նշանակություն տվեց եւ ոգեշնչեց նոր նվաճումների հասնելու համար։
Ինչպե՞ս կգնահատեք տարին մարզական կարիերայում:
Այս տարին առանձնացավ զգալի առաջընթացով: Մի քանի հաջող մրցաշարեր եմ անցկացրել, բարելավել եմ խաղս եւ մեկ քայլ առաջ գնացել կարիերայումս, ամեն դեպքում, միշտ աշխատելու, ավելացնելու տեղ կա: Հայաստանը ներկայացնելն ինձ ոգեշնչեց ավելի ջանասիրաբար աշխատել։ Ցանկանում եմ, որ արդյունքներս մոտիվացնեն նաեւ երիտասարդ սերնդին թենիսում իրենց ուժերը փորձելու համար:
Այս տարի փոխեցիք Ձեր մարզական քաղաքացիությունը եւ ներկայացնում եք Հայաստանը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն Ձեզ համար, որքանով փոխվեց թենիսիստուհի Էլինա Ավանեսյանի կյանքը:
Ինձ համար սա հատկանշական քայլ էր, որը նոր էջ բացեց իմ կյանքում։ Հայաստանը ներկայացնելը մեծ պատիվ է, հպարտ եմ այս հնարավորության համար: Այս որոշումն ինձ լրացուցիչ մոտիվացիա եւ պատասխանատվություն տվեց։ Այս ամենը հնարավոր դարձավ «Կերոն» զարգացման հիմնադրամի աջակցությամբ, որը մեծ դեր ունեցավ քաղաքացիություն ստանալու գործընթացում, ցուցաբերեց անհրաժեշտ օգնություն եւ հավատաց իմ ընտրությանը։
Ինչպե՞ս անցավ մրցումային տարվա երկրորդ հատվածը արդեն որպես Հայաստանի ներկայացուցիչ: Մարզական քաղաքացիությունը փոխելուց հետո Ձեր նկատմամբ կա՞ վերաբերմունքի փոփոխություն մրցակիցների, երկրպագուների, սպորտային հանրության կողմից:
Մրցաշրջանի երկրորդ հատվածը հույզերի առումով լարված էր, հսկայական աջակցություն զգացի Հայաստանի եւ հայ երկրպագուների կողմից։ Այս աջակցությունն ինձ ոգեշնչում է շարունակել եւ նոր արդյունքներ գրանցել։ Այժմ իմ յուրաքանչյուր հաղթանակ ոչ միայն անհատական նվաճում է, այլեւ այն երկրով հպարտանալու առիթ, որը ես ներկայացնում եմ։
Ո՞րն եք համարում 2024-ի Ձեր գլխավոր ձեռքբերումը:
Գլխավոր ձեռքբերումս կենտրոնացած մնալն է եւ առաջ շարժվելու կարողությունը, չնայած դժվարությունների։ Այս տարին ցույց տվեց, որ կարող եմ հաղթահարել ցանկացած մարտահրավեր: Ինձ համար կարևոր է հատկապես այն, որ կարող եմ օրինակ ծառայել Հայաստանի երիտասարդ թենիսիստների համար։ Այս տարին ինձ համար յուրահատուկ է դարձնում այն գիտակցումը, որ կարող եմ իմ փորձով ոգեշնչել երեխաներին փորձել ուժերը թենիսում եւ հավատալ երազանքներին:
Իսկ բացթողո՞ւմը:
Բացթողում եմ համարում որոշ խաղեր, որտեղ կարող էի ավելի լավ հանդես գալ, բայց դա ընդունում եմ որպես արժանի փորձ, ինչն օգնում է ինձ ավելի լավը դառնալ:
Ունե՞ք իրականացած երազանք 2024-ում:
Իրականացված երազանքս Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու հնարավորություն ստանալն էր եւ որպես թենիսիտուհի, ավելի ուժեղանալը: Այս քայլը հատուկ նշանակություն տվեց իմ մրցելույթներին։ 2024-ի յուրաքանչյուր խաղ եւ մարզումներ օգնեցին բացահայտել իմ ներուժին եւ հասկանալ, որ ճիշտ ուղու վրա եմ:
2024-ի ամենահիշարժան օրը...
Ամենահիշարժան օրը Հայաստանի դրոշի տակ առաջին խաղս էր: Հույզերով ու հպարտությամբ լի օր էր, ասես՝ կարիերայումս նոր փուլ էր սկսվում։
Ի՞նչ մտքերով եք ճանապարհում 2024-ը:
Մտքերս ավելի ուժեղ դառնալու մասին են, թե ինչպես շարունակել աճ գրանցել արդյունքներումս, նոր նվաճումներ ունենալ 2025-ին իմ եւ Հայաստանի համար, որպեսզի ուրախացնեմ երկրպագուներին, ոգեշնչեմ նոր հայաստանցի մարզիկների:
Սիրո՞ւմ եք Նոր տարին, տոնական օրերը: Ինչո՞վ է առանձնանում այն Ձեզ համար:
Վերջին տարիներին Ամանորն անցկացնում եմ Ավստրալիայում, որտեղ մասնակցում եմ մրցաշարի: Ինձ համար դեռ անսովոր է, որովհետեւ Նոր Տարին նշում եմ առանց ընտանիքիս: Փորձում եմ ինձ համար տոնական տրամադրություն ստեղծել:
Մանկության ի՞նչ հիշողություններ ունեք Նոր տարվա հետ կապված:
Ամանորը միշտ ընտանեկան տոն է եղել ինձ համար մանկության տարիներին: Մենք ամբողջ ընտանիքով տոնական ֆիլմեր էինք դիտում, անհամբեր սպասում զանգերի ղողանջներին եւ վայելում տնական համեղ ուտեստներ։ Մեծ հաճույքով եմ հիշում այդ ջերմ ու սիրով լի երեկոները։
Ամենատպավորիչ նվերը ո՞րն է եղել Ձմեռ պապիկից:
Երբ ես նոր էի սկսել թենիս խաղալ, ռակետ նվեր ստացա: Այն իմ ամենահիշվող նվերն է եղել Ձմեռ պապիկից:
Նվերներ անե՞լ, թե՞ ստանալ:
Ավելի շատ սիրում եմ նվերներ տալ։ Միշտ հաճելի է տեսնել հարազատ մարդկանց ժպիտները:
Ինչպե՞ս եք սիրում դիմավորել, անցկացնել տոները:
Տոները սիրում եմ նշել ընտանեկան միջավայրում: Ինձ համար ամենակարեւորը հանգիստ եւ ջերմ մթնոլորտն է:
Տոնածառ զարդարել սիրո՞ւմ եք:
Այո, շատ եմ սիրում տոնածառ զարդարել։ Տոնածառը միշտ ստեղծում է տոնական տրամադրություն եւ հարմարավետության զգացողություն։
Ո՞րն է ամենասիրելի ուտեստը տոնական սեղանից:
Դժվար է միայն մեկն ընտրել: Տոնական սեղանի բոլոր ուտեստները շատ համեղ են: Սիրում եմ ամեն ինչից մի քիչ փորձել:
Հավատո՞ւմ եք Ամանորի հրաշքին:
Հավատում եմ Ամանորի հրաշքին, նաեւ նրան, որ դու ինքդ քո ձեռքերով կարող ես ստեղծել հրաշքը: ավՀՀավատստեղծել հրքը ստ
Եթե հանդիպեիք Ձմեռ պապին...
Եթե հանդիպեի Ձմեռ պապին, կասեի շնորհակալություն այն հրաշքի համար, որն ինքն է բերում: Ինձ համար կխնդրեի առողջություն եւ եռանդ, որպեսզի նոր տարում շարունակեմ կատարելագործվել եւ հասնել նպատակներիս:
Ո՞րն է Ձեր Նոր տարվա հեքիաթը:
Ինձ համար Նոր Տարվա հեքիաթը ամեն ինչ նոր էջից սկսելու, լավագույնին հավատալու եւ այս շրջանն առանձնահատուկ դարձնող հասարակ պահերի մեջ ուրախություն գտնելու հնարավորությունն է:
Ի՞նչ երազանքներով եւ նպատակներով եք դիմավորում 2025 թվականը:
Երազում եմ նոր հաղթանակների, խաղս կատարելագործելու եւ կայունության հասնելու մասին։ Հուսով եմ՝ 2025 թվականին կկարողանամ իրականացնել իմ նպատակները, իմ հաջողություններով կուրախացնել նրանց, ովքեր աջակցում եւ հավատում են ինձ:
Եվ վերջում Ձեր ամանորյա շնորհավորանքը, ցանկությունը:
Բոլորին մաղթում եմ առողջություն, երջանկություն եւ երազանքների իրականացում: Թող 2025-ը ուրախ պահեր եւ հաջողութուն բերի բոլորին:
Լուսինե Շահբազյան
Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի