12:15  ,  19 նոյեմբերի, 2024

Գնդապետ Դավթյան․ Բանակայինների ԱԱ-ին այլ մարզիկների մասնակցության դեպքում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ (տեսանյութ)

Թուրքիայի եւ բոլոր երկրների թիմերի դեմ Հայաստանը ներկայանում է ուժեղ կազմով: Հայաստանի թիմը կազմավորվել է ոչ թե այլ երկրների թիմերի հաշվարկով, այլ իրավական հնարավոր ուժեղագույնների ընտրությամբ: Այլ մարզիկների մասնակցության պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ: 

Այս մասին ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը:

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կանցկացվի ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունը: Հայաստանն առաջնությանը մասնակցում է ոչ ուժեղագույն կազմով:

Թե ինչու Հայաստանը ուժեղագույն կազմով չի ներկայանում առաջնությանը, Արման Դավթյանը լրագրողների կողմից հնչեցված բոլոր հարցերը թողեց անպատասխական կամ տվեց ոչ լիարժեք պատասխան:

Նրա խոսքով, Հայաստանի կազմը որոշվել է ԶՈՒ ԳՇ ղեկավարների եւ մասնագետների քննարկումների արդյունքում եւ հաշվի են առնվել մարզիկների ֆիզպատրաստությունը, նախկինում գրանցած արդյունքները, նաեւ վնասվածքներն ու հոգեկան խնդիրները: Ըստ Արման Դավթյանի, Հայաստանը որպես ընդունող երկիր, առաջնորդվել է Բանակային սպորտի միջազգային ֆեդերացիայի կանոնադրությամբ եւ սահմանափակումներով:

«Առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել 24 երկրի 400 ըմբիշ: Մասնակցում է նաեւ Թուրքիայի հավաքականը: Ադրբեջանը հրավեր ստացել է, բայց մասնակցության հայտ չի ներկայացրել:

Հայաստանի թիմի կազմի ընտրության հարցում, որպես հյուրընկալող երկիր,  առաջնորդվել ենք Ռազմական սպորտի ֆեդերացիայի կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ: Այլ մարզիկների մասնակցության պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ: Այն մարզիկները, որոնք մասնակցելու են, մարզական վաշտի ժամկետային զինծառայողներ են: Ես ակնկալում եմ բոլորի աջակցությունը բոլոր զինվորներին, որպեսզի նրանք կարողանան էլ ավելի լավ մասնակցել:

Մասնակից բոլոր մարզիկները լիարժեք զինծառայողներ են, նաեւ այն մարզիկները, որոնք չեն ընդգրկվել կազմ: Հայաստանի կազմը չի որոշել ըմբշամարտի ֆեդերացիան:

Ռազմական սպորտի միջազգային կանոնադրոթյունն ունի սահմանափակումներ նաեւ զինծառայողների համար: Նշված զինծառայողները եթե այսօր չեն մասնակցում այս առաջնությանը, որեւէ մեկը չի ասում, որ չեն կարող մասնակցել հաջորդ տարի:

Ընտրության համար հաշվի են առնվել զինվորականներին ներկայացված պահանջներն ու մարզական լավագույն պահանջները՝ օրինականության շրջանակներում»,- ասաց Արման Դավթյանը:

Նշենք, որ Թուրքիայի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է ուժեղագույն կազմով՝ աշխարհի չեմպիոններով, օլիմպիական մեդալակիրներով, սակայն Հայաստանի թիմը կազմված է մեծահասակներում արդյունքներ չգրանցած, երիտասարդ ըմբիշներով:

NEWS.am Sport-ի հարցին, թե ինչու է Հայաստանը Թուրքիայի ուժեղագույն ըմբիշների դեմ մրցագորգ դուրս բերում թույլ ըմբիշների, կազմից դուրս թողնելով ուժեղագույններին, Արման Դավթյանը պատասխանից խուսափեց:

«Ես թիմերի կազմի մասին տվեցի ինֆորմացիա: Մարզիկների ընտրության հարցում կա երկու ասպեկտ՝ թույլատրելիություն եւ ուժեղություն: Մեր թիմը կազմավորվել է ոչ այլ երկրների կազմերի հաշվարկով, այլ հնարավորության հաշվարկով: Թիմի կազմում փոփոխություն չի կարող լինել, քանի որ մասնակցության հայտերի ժամկետները լրացել են: Ի դեպ, այն մարզիկները, որոնք դուրս են մնացել կազմից, իրենց շնորհակալություն աջակցում են եւ մեր թիմի կողքին են»,- ասաց Արման Դավթյանը՝ նկատի ունենալով Մալխաս Ամոյանին, Արսեն Հարությունյանին, Վազգեն Թեւանյանին եւ Արման Անդրեասյանին:

Հիշեցնենք, որ հայ առաջատար ըմբիշները երեկվանից սոցիալական ցանցերում արված գրառումներով իրենց բողոքն են ներկայացրել Հայաստանի հավաքականի կազմ չընդգրկվելու եւ մրցաշարից դուրս մնալու վերաբերյալ:

Բանակային սպորտի միջազգային ֆեդերացիայի (CISM) նախագահ Ռոլիմ Նիլտոն իր խոսքում նշեց, որ երկրների կազմերը որոշում են երկրները եւ այս տեսանկյունից CISM-ը որեւէ սահմանափակում չունի:

«Մեզ համար մեծ կարեւորություն ունի Հայաստանում այս առաջնությունն անցկացնելը: Բարձրակարգ մարզիկներ ենք բերում Հայաստան, որպեսզի ցույց տանք՝ սպորտը կարող է խթանել խաղաղությանը: Վստահ ենք, որ առաջնությունն իրականացվում է արդար պայմաններում: Շնորհակալ եմ Հայաստանի կառավարությանը ներդրված ջանքերի համար:

Զինվորական մարզիկների ընտրությունը կախված չէ միայն նրանց մարզական կարգավիճակից, այլ նաեւ ֆիզպատրաստության, առողջական հարցերից՝ վնասվածքներ, հոգեբանական խնդիրներ:

Ժամկետներն արդեն ավարտված են, այն հարցերը, որոնք այժմ բարձրացվում են, այեւս չեն լուծվելու:

Արդեն հնարավոր չէ կազմերում փոփոխություններ մտցնել: Հայաստանի հավաքականի կազմում փոփոխություն չի կարող լինել, քանի որ ժամկետներն արդեն լրացել են: Երկրների կազմերը որոշում են երկրները, այս տեսանկյունից CISM-ը սահմանափակումներ չունի»,- ասաց Ռոլիմ Նիլտոն:

Ի դեպ, հունահռոմեականների թիմը գլխավորում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, ազատ ոճայիններին՝ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print