12:15 19 նոյեմբերի, 2024Թուրքիայի եւ բոլոր երկրների թիմերի դեմ Հայաստանը ներկայանում է ուժեղ կազմով: Հայաստանի թիմը կազմավորվել է ոչ թե այլ երկրների թիմերի հաշվարկով, այլ իրավական հնարավոր ուժեղագույնների ընտրությամբ: Այլ մարզիկների մասնակցության պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ:
Այս մասին ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կանցկացվի ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունը: Հայաստանն առաջնությանը մասնակցում է ոչ ուժեղագույն կազմով:
Թե ինչու Հայաստանը ուժեղագույն կազմով չի ներկայանում առաջնությանը, Արման Դավթյանը լրագրողների կողմից հնչեցված բոլոր հարցերը թողեց անպատասխական կամ տվեց ոչ լիարժեք պատասխան:
Նրա խոսքով, Հայաստանի կազմը որոշվել է ԶՈՒ ԳՇ ղեկավարների եւ մասնագետների քննարկումների արդյունքում եւ հաշվի են առնվել մարզիկների ֆիզպատրաստությունը, նախկինում գրանցած արդյունքները, նաեւ վնասվածքներն ու հոգեկան խնդիրները: Ըստ Արման Դավթյանի, Հայաստանը որպես ընդունող երկիր, առաջնորդվել է Բանակային սպորտի միջազգային ֆեդերացիայի կանոնադրությամբ եւ սահմանափակումներով:
«Առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել 24 երկրի 400 ըմբիշ: Մասնակցում է նաեւ Թուրքիայի հավաքականը: Ադրբեջանը հրավեր ստացել է, բայց մասնակցության հայտ չի ներկայացրել:
Հայաստանի թիմի կազմի ընտրության հարցում, որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել ենք Ռազմական սպորտի ֆեդերացիայի կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ: Այլ մարզիկների մասնակցության պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ: Այն մարզիկները, որոնք մասնակցելու են, մարզական վաշտի ժամկետային զինծառայողներ են: Ես ակնկալում եմ բոլորի աջակցությունը բոլոր զինվորներին, որպեսզի նրանք կարողանան էլ ավելի լավ մասնակցել:
Մասնակից բոլոր մարզիկները լիարժեք զինծառայողներ են, նաեւ այն մարզիկները, որոնք չեն ընդգրկվել կազմ: Հայաստանի կազմը չի որոշել ըմբշամարտի ֆեդերացիան:
Ռազմական սպորտի միջազգային կանոնադրոթյունն ունի սահմանափակումներ նաեւ զինծառայողների համար: Նշված զինծառայողները եթե այսօր չեն մասնակցում այս առաջնությանը, որեւէ մեկը չի ասում, որ չեն կարող մասնակցել հաջորդ տարի:
Ընտրության համար հաշվի են առնվել զինվորականներին ներկայացված պահանջներն ու մարզական լավագույն պահանջները՝ օրինականության շրջանակներում»,- ասաց Արման Դավթյանը:
Նշենք, որ Թուրքիայի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է ուժեղագույն կազմով՝ աշխարհի չեմպիոններով, օլիմպիական մեդալակիրներով, սակայն Հայաստանի թիմը կազմված է մեծահասակներում արդյունքներ չգրանցած, երիտասարդ ըմբիշներով:
NEWS.am Sport-ի հարցին, թե ինչու է Հայաստանը Թուրքիայի ուժեղագույն ըմբիշների դեմ մրցագորգ դուրս բերում թույլ ըմբիշների, կազմից դուրս թողնելով ուժեղագույններին, Արման Դավթյանը պատասխանից խուսափեց:
«Ես թիմերի կազմի մասին տվեցի ինֆորմացիա: Մարզիկների ընտրության հարցում կա երկու ասպեկտ՝ թույլատրելիություն եւ ուժեղություն: Մեր թիմը կազմավորվել է ոչ այլ երկրների կազմերի հաշվարկով, այլ հնարավորության հաշվարկով: Թիմի կազմում փոփոխություն չի կարող լինել, քանի որ մասնակցության հայտերի ժամկետները լրացել են: Ի դեպ, այն մարզիկները, որոնք դուրս են մնացել կազմից, իրենց շնորհակալություն աջակցում են եւ մեր թիմի կողքին են»,- ասաց Արման Դավթյանը՝ նկատի ունենալով Մալխաս Ամոյանին, Արսեն Հարությունյանին, Վազգեն Թեւանյանին եւ Արման Անդրեասյանին:
Հիշեցնենք, որ հայ առաջատար ըմբիշները երեկվանից սոցիալական ցանցերում արված գրառումներով իրենց բողոքն են ներկայացրել Հայաստանի հավաքականի կազմ չընդգրկվելու եւ մրցաշարից դուրս մնալու վերաբերյալ:
Բանակային սպորտի միջազգային ֆեդերացիայի (CISM) նախագահ Ռոլիմ Նիլտոն իր խոսքում նշեց, որ երկրների կազմերը որոշում են երկրները եւ այս տեսանկյունից CISM-ը որեւէ սահմանափակում չունի:
«Մեզ համար մեծ կարեւորություն ունի Հայաստանում այս առաջնությունն անցկացնելը: Բարձրակարգ մարզիկներ ենք բերում Հայաստան, որպեսզի ցույց տանք՝ սպորտը կարող է խթանել խաղաղությանը: Վստահ ենք, որ առաջնությունն իրականացվում է արդար պայմաններում: Շնորհակալ եմ Հայաստանի կառավարությանը ներդրված ջանքերի համար:
Զինվորական մարզիկների ընտրությունը կախված չէ միայն նրանց մարզական կարգավիճակից, այլ նաեւ ֆիզպատրաստության, առողջական հարցերից՝ վնասվածքներ, հոգեբանական խնդիրներ:
Ժամկետներն արդեն ավարտված են, այն հարցերը, որոնք այժմ բարձրացվում են, այեւս չեն լուծվելու:
Արդեն հնարավոր չէ կազմերում փոփոխություններ մտցնել: Հայաստանի հավաքականի կազմում փոփոխություն չի կարող լինել, քանի որ ժամկետներն արդեն լրացել են: Երկրների կազմերը որոշում են երկրները, այս տեսանկյունից CISM-ը սահմանափակումներ չունի»,- ասաց Ռոլիմ Նիլտոն:
Ի դեպ, հունահռոմեականների թիմը գլխավորում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, ազատ ոճայիններին՝ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.