19:46  ,  26 սեպտեմբերի, 2024

Արման Փաշիկյան․ Շատ գոհ եմ մեր երիտասարդ շախմատիստներից, շատ լավ խաղ ցույց տվեցին

Ընդհանուր, թիմի արդյունքը գոհացնող էր: Շատ մոտ էինք մրցանակային տեղերին: Ցավալի է, որ երկրորդ տեղի արդյունք ես ցույց տալիս, բայց հայտնվում ես 6-րդ տեղում: Կարող էր ավելի լավ լինել, կարող էինք կես միավորի առավելություն ունենալ եւ 2-րդ տեղ գրավել: Ունենք այն, ինչ ունենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը:

Սեպտեմբերի 11-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված 45-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայում Արման Փաշիկյանի գլխավորած թիմը 17 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը: Չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճեց Հնդկաստանը՝ 21 միավոր։

Պարոն Փաշիկյան, Ձեր գլխավորած հավաքականը 6-րդն է: Ի՞նչ գնահատական կտաք թիմի մրցելույթին եւ գրանցած արդյունքին:

Այդքան էլ 6-րդ չի, որովհետեւ 2-րդ տեղից ենք բաժանել: 2-6-րդ տեղը զբաղեցրած հավաքականները հավասար միավորներով ենք կիսում եւ լրացուցիչ ցուցանիշներով 6-րդ տեղ գրավեցինք: Կարծում եմ՝ լավ արդյունք է:

Վարկանիշով 17-րդն էինք մասնակից թիմերի մեջ եւ սա չի նշանակում, որ տղաները գործակիցները գցել են:  2022թ․ Օլիմպիադայում՝ 12-րդն էինք, բայց միջին գործակիցն այս անգամ ավելի բարձր էր: Ռուսաստանի հավաքականը չի կարող մասնակցել եւ շատ շախմատիստներն իրենց ֆեդերացիաները փոխում են, համալրում են այլ հավաքականների կազմեր եւ ուժեղացնում դրանք: Ստացվում է՝ մեկ հավաքական չի մասնակցում, բայց շատ այլ հավաքականներ ուժեղանում են: Կարծում եմ՝ սա է պատճառը, որ 17-րդ գործակցով բաժանում ենք 2-6-րդ տեղը: Ամեն դեպքում ինձ համար սա լավ արդյունք է: Միշտ էլ ցանկալի է՝ ավելի բարձր տեղ գրավել, մեդալներ նվաճել, բայց այս արդյունքը պատվաբեր է եւ տղաները պատվով կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը:

11 տուրում՝  2 պարտություն եւ  1 ոչ ոքի. մրցակցության մասին ի՞նչ կասեք: Ո՞ր տուրը  բարդ ստացվեց: Ի՞նչը պակասեց Չինաստանի եւ Հունգարիայի հետ մրցախաղերում հաղթանակի հասնելու համար:

Այնպես ստացվեց, որ Չինաստանի հետ պայքարում կարող էինք չպարտվել: Նույնիսկ հաղթելու շանսեր կային: Կարեն Գրիգորյանը հաղթած դրություն ուներ մի պահ, Գաբրիել Սարգսյանն էլ մի քիչ վատ էր, բայց կարող էր ոչ ոքի անել: Այս տուրում նա պարտվեց, Կարեն Գրիգորյանը  ոչ ոքի արեց եւ թիմը պարտվեց:

Օբյեկտիվորեն, Չինաստանի հետ խաղը պետք է ոչ ոքի ավարտվեր, իսկ եթե հաջողությունը մի քիչ էլ մեր կողմը լիներ, պետք է հաղթեինք, արդյունքում՝ հակառակը ստացվեց:

Հունգարիայի հետ երեք պարտիա ավարտվեց ոչ ոքի, Ռոբերտ Հովհաննիսյանը հետաքրքիր դիրք ուներ եւ ցանկացած արդյունք կարող էր գրանցել: Մի քիչ ճիշտ չկողմնորոշվեց, ժամանակ շատ ծախսեց. պարտվեցինք: Այս տուրն էլ կարող էինք հանգիստ չպարտվել, հաղթել կամ ոչ ոքի անել:

Ուկրաինայի հետ խաղացինք ոչ ոքի: Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց, Գաբրիել Սարգսյանը կոպիտ վրիպում թույլ տվեց եւ մրցախաղը ոչ ոքի ավարտվեց:

Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանըը հավաքականում մշտապես լավ արդյունքներ են ցույց տալիս: Այս անգամ երիտասարդ շախմատիստները լավ արդյունքներով աչքի ընկան: Իհարկե, Գաբրիելն ու Ռոբերտը կարող էին շատ ավելի լավ խաղ ցույց տալ: 2022 թվականի Օլիմպիադայում ֆանտաստիկ խաղ էին ցույց տալիս:

Ինչո՞վ էր պայմանավորված վրիպումները: Լարվածություն կա՞ր:

Չէի ասի, թե լարվածությունն էր պատճառը: Այնպես չի լինում, որ շախմատիստը բոլոր մրցաշարերին մոտենա իր լավագույն մարզավիճակում: Շախմատում, երբեմն, մրցաշարից առաջ էլ շատ դժվար է գնահատել, թե ինչ մարզավիճակում ես: Մարզվում ես, քեզ թվում է՝ ամեն ինչ լավ է, գնում ես մրցաշարի,  խաղում ես եւ պատկերը հիասթափեցնող է: Կոնկրետ պատճառ չեմ կարող ասել, թե ինչը խանգարեց տղաներին: Լարվածությունը մեծ է լինում թիմային պայքարում: Միշտ երբ խաղում ես թիմի համար, ավելի լարված է ստացվում մրցաշարը: Հարցն այն է, որ Գաբրիելն ու Ռոբերտն ավելի փորձառու շախմատիստներ են, թիմային պայքարը նրանց համար ավելի հեշտ պետք է լիներ:

Շատ գոհ եմ մեր երիտասարդ շախմատիստներից, շատ լավ խաղ ցույց տվեցին: Հայկ Մարտիրոսյանն առաջին խաղատախտակի վրա երկրորդ անգամ էր խաղում եւ հրաշալի հանդես եկավ: Շանթ Սարգսյանը առաջին անգամ էր երկրորդ խաղատախտակի վրա խաղում, նա նույնպես հիանալի մրցաշար անցկացրեց, ոչ մի խաղ չպարտվեց, թիմային խաղ ցույց տվեց: 

Կարեն Գրիգորյանն էլ լավ հանդես եկավ: Ընհանուր, թիմի արդյունքը գոհացնող էր: Շատ մոտ էինք մրցանակային տեղերին: Ցավալի է, որ երկրորդ տեղի արդյունք ես ցույց տալիս, բայց բաժանում ես 6-րդ տեղը: Կարող էր ավելի լավ լինել, կարող էին կես միավորի առավելություն ունենալ եւ 2-րդ տեղը գրավել: Ունենք այն, ինչ ունենք:

Չեմպիոնի տիտղոսը նվաճած Հնդկաստանի մասին ի՞նչ կասեք: Ի՞նչը պակասեց տիտղոսի պայքարի համար:

Հնդկաստանի թիմը շատ ուժեղ էր: Այդ հավաքականը համալրված է երիտասարդ խաղացողներով, որոնք վերջին տարիներին շատ մեծ վերելք են գրանցել: Նրանց շախմատիստներից երկուսն արդեն մոտեցել են 2800 գործակցին: Նրանց չեմպիոնությունը սպասելի էր: Կարծում եմ՝ ոչ ոք չզարմացավ, որ նրանք դարձան չեմպիոն: 

2022-2024 Օլիմպիադա, Ձեր գլխավորած թիմի խաղամակարդակի ինչպիսի՞ աճ եք գրանցել:

Եթե համեմատենք 2022 թվականի հավաքականի հետ, այնտեղից միայն Գաբրիելն ու Ռոբերտն են, որ խաղում էին այս Օլիմպիադայում: Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Կարեն Գրիգորյանը  2022 թվականի Օլիմպիադայի հավաքականում չկային: Մեզ մոտ էլ հավաքականն ավելի երիտասարդացել է: Շանթը եւ Հայկն ավելի երիտասարդ են: Նրանք անցած տարի մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը, որտեղ Հայկ Մարտիրոսյանն առաջին անգամ խաղաց առաջին խաղատախտակի վրա: Շանթն էլ Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ էր թիմից խաղում: Նրանք երկուսն էլ շատ վստահ միանգամից համալրեցին թիմն՝ առանց ցնցումների:

Օլիմպիադայի օրերին Հայաստանի տղամարդկանց հավաքականը ճանաչվեց 100-ամյակի լավագույն թիմ...

Սա, իհարկե, ֆանտաստիկ մեծ արդյունք է: Այս տարի ՖԻԴԵ-ի 100-ամյակն է եւ ՖԻԴԵ-ի ամբողջ պատմության մեջ Հայաստանը լավագույն թիմն է: Ստացվում է՝ մեր պետականության 33 տարիների ընթացքում այնքան արդյունք ենք գրանցել, որ ճանաչվել ենք 100-ամյակի լավագույն թիմ: Շատ պատվաբեր է եւ պարտավորեցնող: Շատ ուրախալի էր մեզ համար:

Օլիմպիադայի օրերին Լեւոն Արոնյանի հետ հանդիպում, զրույցներ եղա՞ն:  

Մենք տարբեր հյուրանոցներում էինք մնում, բայց մրցաշարի դահլիճում պարբերաբար հանդիպում էինք: Նրա շփումը թիմի հետ, բոլորիս հետ շատ ջերմ է, մշտապես: Նա պարբերաբար փորձում է օգտակար լինել: Լեւոնի հետ մշտապես կապի մեջ ենք, նա ժամանակ առ ժամանակ լինում է Հայաստանում, մեր հավաքների ժամանակ էլ փորձում է այնպես անել, որ մեզ հետ լինի: Այդպես, ապրիլին մեր հավաքին նա էլ միացավ: Գուցե մարզումներին չի մասնակցում, բայց կապը միշտ կա, զրույցներ, քննարկումներ ենք ունենում պարբերաբար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News