19:46 26 սեպտեմբերի, 2024Ընդհանուր, թիմի արդյունքը գոհացնող էր: Շատ մոտ էինք մրցանակային տեղերին: Ցավալի է, որ երկրորդ տեղի արդյունք ես ցույց տալիս, բայց հայտնվում ես 6-րդ տեղում: Կարող էր ավելի լավ լինել, կարող էինք կես միավորի առավելություն ունենալ եւ 2-րդ տեղ գրավել: Ունենք այն, ինչ ունենք:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը:
Սեպտեմբերի 11-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված 45-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայում Արման Փաշիկյանի գլխավորած թիմը 17 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը: Չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճեց Հնդկաստանը՝ 21 միավոր։
Պարոն Փաշիկյան, Ձեր գլխավորած հավաքականը 6-րդն է: Ի՞նչ գնահատական կտաք թիմի մրցելույթին եւ գրանցած արդյունքին:
Այդքան էլ 6-րդ չի, որովհետեւ 2-րդ տեղից ենք բաժանել: 2-6-րդ տեղը զբաղեցրած հավաքականները հավասար միավորներով ենք կիսում եւ լրացուցիչ ցուցանիշներով 6-րդ տեղ գրավեցինք: Կարծում եմ՝ լավ արդյունք է:
Վարկանիշով 17-րդն էինք մասնակից թիմերի մեջ եւ սա չի նշանակում, որ տղաները գործակիցները գցել են: 2022թ․ Օլիմպիադայում՝ 12-րդն էինք, բայց միջին գործակիցն այս անգամ ավելի բարձր էր: Ռուսաստանի հավաքականը չի կարող մասնակցել եւ շատ շախմատիստներն իրենց ֆեդերացիաները փոխում են, համալրում են այլ հավաքականների կազմեր եւ ուժեղացնում դրանք: Ստացվում է՝ մեկ հավաքական չի մասնակցում, բայց շատ այլ հավաքականներ ուժեղանում են: Կարծում եմ՝ սա է պատճառը, որ 17-րդ գործակցով բաժանում ենք 2-6-րդ տեղը: Ամեն դեպքում ինձ համար սա լավ արդյունք է: Միշտ էլ ցանկալի է՝ ավելի բարձր տեղ գրավել, մեդալներ նվաճել, բայց այս արդյունքը պատվաբեր է եւ տղաները պատվով կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը:
11 տուրում՝ 2 պարտություն եւ 1 ոչ ոքի. մրցակցության մասին ի՞նչ կասեք: Ո՞ր տուրը բարդ ստացվեց: Ի՞նչը պակասեց Չինաստանի եւ Հունգարիայի հետ մրցախաղերում հաղթանակի հասնելու համար:
Այնպես ստացվեց, որ Չինաստանի հետ պայքարում կարող էինք չպարտվել: Նույնիսկ հաղթելու շանսեր կային: Կարեն Գրիգորյանը հաղթած դրություն ուներ մի պահ, Գաբրիել Սարգսյանն էլ մի քիչ վատ էր, բայց կարող էր ոչ ոքի անել: Այս տուրում նա պարտվեց, Կարեն Գրիգորյանը ոչ ոքի արեց եւ թիմը պարտվեց:
Օբյեկտիվորեն, Չինաստանի հետ խաղը պետք է ոչ ոքի ավարտվեր, իսկ եթե հաջողությունը մի քիչ էլ մեր կողմը լիներ, պետք է հաղթեինք, արդյունքում՝ հակառակը ստացվեց:
Հունգարիայի հետ երեք պարտիա ավարտվեց ոչ ոքի, Ռոբերտ Հովհաննիսյանը հետաքրքիր դիրք ուներ եւ ցանկացած արդյունք կարող էր գրանցել: Մի քիչ ճիշտ չկողմնորոշվեց, ժամանակ շատ ծախսեց. պարտվեցինք: Այս տուրն էլ կարող էինք հանգիստ չպարտվել, հաղթել կամ ոչ ոքի անել:
Ուկրաինայի հետ խաղացինք ոչ ոքի: Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց, Գաբրիել Սարգսյանը կոպիտ վրիպում թույլ տվեց եւ մրցախաղը ոչ ոքի ավարտվեց:
Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանըը հավաքականում մշտապես լավ արդյունքներ են ցույց տալիս: Այս անգամ երիտասարդ շախմատիստները լավ արդյունքներով աչքի ընկան: Իհարկե, Գաբրիելն ու Ռոբերտը կարող էին շատ ավելի լավ խաղ ցույց տալ: 2022 թվականի Օլիմպիադայում ֆանտաստիկ խաղ էին ցույց տալիս:
Ինչո՞վ էր պայմանավորված վրիպումները: Լարվածություն կա՞ր:
Չէի ասի, թե լարվածությունն էր պատճառը: Այնպես չի լինում, որ շախմատիստը բոլոր մրցաշարերին մոտենա իր լավագույն մարզավիճակում: Շախմատում, երբեմն, մրցաշարից առաջ էլ շատ դժվար է գնահատել, թե ինչ մարզավիճակում ես: Մարզվում ես, քեզ թվում է՝ ամեն ինչ լավ է, գնում ես մրցաշարի, խաղում ես եւ պատկերը հիասթափեցնող է: Կոնկրետ պատճառ չեմ կարող ասել, թե ինչը խանգարեց տղաներին: Լարվածությունը մեծ է լինում թիմային պայքարում: Միշտ երբ խաղում ես թիմի համար, ավելի լարված է ստացվում մրցաշարը: Հարցն այն է, որ Գաբրիելն ու Ռոբերտն ավելի փորձառու շախմատիստներ են, թիմային պայքարը նրանց համար ավելի հեշտ պետք է լիներ:
Շատ գոհ եմ մեր երիտասարդ շախմատիստներից, շատ լավ խաղ ցույց տվեցին: Հայկ Մարտիրոսյանն առաջին խաղատախտակի վրա երկրորդ անգամ էր խաղում եւ հրաշալի հանդես եկավ: Շանթ Սարգսյանը առաջին անգամ էր երկրորդ խաղատախտակի վրա խաղում, նա նույնպես հիանալի մրցաշար անցկացրեց, ոչ մի խաղ չպարտվեց, թիմային խաղ ցույց տվեց:
Կարեն Գրիգորյանն էլ լավ հանդես եկավ: Ընհանուր, թիմի արդյունքը գոհացնող էր: Շատ մոտ էինք մրցանակային տեղերին: Ցավալի է, որ երկրորդ տեղի արդյունք ես ցույց տալիս, բայց բաժանում ես 6-րդ տեղը: Կարող էր ավելի լավ լինել, կարող էին կես միավորի առավելություն ունենալ եւ 2-րդ տեղը գրավել: Ունենք այն, ինչ ունենք:
Չեմպիոնի տիտղոսը նվաճած Հնդկաստանի մասին ի՞նչ կասեք: Ի՞նչը պակասեց տիտղոսի պայքարի համար:
Հնդկաստանի թիմը շատ ուժեղ էր: Այդ հավաքականը համալրված է երիտասարդ խաղացողներով, որոնք վերջին տարիներին շատ մեծ վերելք են գրանցել: Նրանց շախմատիստներից երկուսն արդեն մոտեցել են 2800 գործակցին: Նրանց չեմպիոնությունը սպասելի էր: Կարծում եմ՝ ոչ ոք չզարմացավ, որ նրանք դարձան չեմպիոն:
2022-2024 Օլիմպիադա, Ձեր գլխավորած թիմի խաղամակարդակի ինչպիսի՞ աճ եք գրանցել:
Եթե համեմատենք 2022 թվականի հավաքականի հետ, այնտեղից միայն Գաբրիելն ու Ռոբերտն են, որ խաղում էին այս Օլիմպիադայում: Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Կարեն Գրիգորյանը 2022 թվականի Օլիմպիադայի հավաքականում չկային: Մեզ մոտ էլ հավաքականն ավելի երիտասարդացել է: Շանթը եւ Հայկն ավելի երիտասարդ են: Նրանք անցած տարի մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը, որտեղ Հայկ Մարտիրոսյանն առաջին անգամ խաղաց առաջին խաղատախտակի վրա: Շանթն էլ Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ էր թիմից խաղում: Նրանք երկուսն էլ շատ վստահ միանգամից համալրեցին թիմն՝ առանց ցնցումների:
Օլիմպիադայի օրերին Հայաստանի տղամարդկանց հավաքականը ճանաչվեց 100-ամյակի լավագույն թիմ...
Սա, իհարկե, ֆանտաստիկ մեծ արդյունք է: Այս տարի ՖԻԴԵ-ի 100-ամյակն է եւ ՖԻԴԵ-ի ամբողջ պատմության մեջ Հայաստանը լավագույն թիմն է: Ստացվում է՝ մեր պետականության 33 տարիների ընթացքում այնքան արդյունք ենք գրանցել, որ ճանաչվել ենք 100-ամյակի լավագույն թիմ: Շատ պատվաբեր է եւ պարտավորեցնող: Շատ ուրախալի էր մեզ համար:
Օլիմպիադայի օրերին Լեւոն Արոնյանի հետ հանդիպում, զրույցներ եղա՞ն:
Մենք տարբեր հյուրանոցներում էինք մնում, բայց մրցաշարի դահլիճում պարբերաբար հանդիպում էինք: Նրա շփումը թիմի հետ, բոլորիս հետ շատ ջերմ է, մշտապես: Նա պարբերաբար փորձում է օգտակար լինել: Լեւոնի հետ մշտապես կապի մեջ ենք, նա ժամանակ առ ժամանակ լինում է Հայաստանում, մեր հավաքների ժամանակ էլ փորձում է այնպես անել, որ մեզ հետ լինի: Այդպես, ապրիլին մեր հավաքին նա էլ միացավ: Գուցե մարզումներին չի մասնակցում, բայց կապը միշտ կա, զրույցներ, քննարկումներ ենք ունենում պարբերաբար:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.