11:22  ,  23 սեպտեմբերի, 2024

Էլինա Ավանեսյան․ Ամեն ինչ կանեմ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում Հայաստանը պատշաճ ներկայացնելու համար

Ես ամուր կապ եմ զգում Հայաստանի հետ եւ ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ հայկական թենիսի զարգացման մեջ: Ամեն ինչ կանեմ 2028 թ. Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում Հայաստանը պատշաճ ներկայացնելու համար: Ճիշտ աշխատանքի արդյունքում իմ շանսերը շատ մեծ կլինեն Լոս Անջելեսում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ներկայացուցիչ, Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում 47-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը։

Նախորդ շաբաթ Էլինա Ավանեսյանը Երեւանում էր: Արմատներով արցախցի թենիսիտուհին Հայաստանում գտնվելու 5 օրերի ընթացքում հանդիպեց արցախցի երեխաների հետ, վարպետության դաս անցկացրեց, մարզվեց, հանդիպումներ ունեցավ, մասնակցեց համաժողովի եւ ծննդյան տարեդարձն առաջին անգամ նշեց Երեւանում: 

NEWS.am Sport-ի թղթակիցը ներկա է եղել Ավանեսյանի մարզումային օրերից մեկին եւ զրուցել մարզական քաղաքացիությունը փոխելու որոշման, Հայաստանի հետ կապի, Հայաստանի դրոշի ներքո խաղալու պատասխանատվության եւ մեծ նպատակների մասին:          

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսից Էլինա Ավանեսյանը ներկայացնում է Հայաստանը: Նրան մարզական քաղաքացիությունը փոխելու եւ Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցում աջակցել են Հայաստանի թենիսի ֆեդերացիան, ԿԳՄՍ նախարարությունը եւ «Կերոն» բարեգործական հիմնադրամը, որի դեսպանն է: 

Էլինա, նախ շնորհակալ եմ հարցազրույցի առաջարկն ընդունելու համար: Ի՞նչ տպավորություններ ունես հայ երկրպագուների հետ հանդիպումից, ինչպե՞ս անցավ ծննդյանդ տարեդարձի օրը Հայաստանում:

Առաջին հանդիպումս հայ երկրպագուների հետ անմոռանալի էր, հույզերով լի: Թենիսային հանրությունն ինձ ընդունեց մեծ ջերմությամբ եւ անկեղծությամբ: Ինձ այս ամենը ոգեւորեց եւ առաջ շարժվելու նոր ուժեր տվեց: Յուրահատուկ զգացողություններ ունեցա առաջին անգամ ծննդյանս օրը Հայաստանում անցկացնելով: Այդ օրն ուղղակի տոն չէր ինձ համար, այլ հնարավորություն էր վերաիմաստավորել կապն իմ արմատների հետ, զգալ ջերմություն ու աջակցություն այն մարդկանցից, որոնք հանդիպեցին ինձ այստեղ:

Սկսենք ամենասկզբից. Ե՞րբ եւ ո՞ւմ խորհրդով ես սկսել զբաղվել թենիսով:

Թենիսով սկսել եմ զբաղվել շատ վաղ տարիքից: Իմ ավագ եղբայրն էր հաճախում թենիսի: Մի օր ես էլ ցանկացա խաղալ: Իմ կարիերայում շատ կարեւոր դերակատարում են ունեցել ծնողներս եւ քեռիս: Ես նրանց շատ շնորհակալ եմ:

Ի՞նչն է նպաստել թենիսիստ դառնալու որոշմանդ մեջ:

Միշտ ներքին ցանկություն է եղել ինքս ինձ եւ մյուսներին ապացուցել, որ կարող եմ ավելին: Թենիսը այն մարզաձեւն է, որը պարբերաբար մարտահրավերներ է նետում եւ դա ինձ ոգեւորում է:

Ո՞վ է քո կուռքը մեծ թենիսում:

Ինձ միշտ գրավել է Սերենա Ուիլյամսի խաղը. նրա ճկունությունը, ուժեղ բնավորությունը, հաղթելու անսահման ցանկությունը: Նա վառ օրինակ է այն բանի, որ անտրտունջ աշխատանքը, նվիրվածությունը թենիսին կարող են հասցնել բարձունքների:

Ո՞վ է քո ամենամեծ քննադատը:

Ես ինքս: Միշտ փորձում եմ անկեղծ եւ օբյեկտիվ իմ արդյունքների, մրցելույթների նկատմամբ, վերլուծում եմ սխալներս եւ մտածում՝ ինչպես դառնալ ավելի լավը:

Ինչպե՞ս ես հաղթահարում պարտությունները:

Պարտությունները սպորտի մի մասն են: Իհարկե, ցանկալի է միշտ հաղթել, հաղթող լինել, բայց հենց պարտություններն են մեզ սովորեցնում լինել ուժեղ: Ես դրանք ընդունում եմ որպես դասեր, որոնք օգնում են ինձ աճել եւ կատարելագործվել:

Ի՞նչը կարող հիասթափության պատճառ դառնալ թենիսում:

Հիասթափությունները կարող են լինել, երբ տեսնում ես անարդարություն, անարդար վերաբերմունք: Փորձում եմ կենտրոնանալ դրական պահերի վրա եւ ինձ կենտրոնացնել այն մտքի վրա, թե ինչու եմ ես ընտրել այս մարզաձեւը, այն է՝ թենիսի նկատմամբ սերն ու պայքարի հանդեպ կիրքը:

Ո՞րն է քեզ համար ամենամեծ նվաճումը մարզական կարիերայում:

Յուրաքանչյուր մասնակցությունն ու տարած հաղթանակն խոշոր միջազգային մրցաշարում իմ կարիերայում մեծագույն նվաճում եմ համարում: Այս ամենից զատ, այս պահին մեծ նվաճում եմ համարում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալը: Սա առանձնահատուկ ձեռքբերում է, որը մեծ հպարտություն է եւ նույնքան մեծ պատասխանատվություն ինձ համար:

Պատմիր քո հայկական արմատների մասին: Որտե՞ղ ես ծնվել:

Ես ծնվել եւ մեծացել եմ Ռուսաստանում, բայց իմ արմատներն Արցախից են: Ծնողներս, մեր ընտանիքը միշտ պահպանել են հայկական ավանդույթները, կապը հայկական մշակույթի հետ: Տանը խոսել ենք հայերեն: Ես միշտ հպարտացել եմ իմ հայկական արմատներով: Ինձ համար շատ կարեւոր է լինել անկեղծ ինքս ինձ հետ եւ ինձ շրջապատող մարդկանց հետ: Գտնում եմ, որ իմ ազգությունը իմ էության եւ բնույթի մի մասն է:

Բացի այն, որ դու ստացել ես հիանալի առաջարկ «Կերոն» հիմնադրամի կողմից, ի՞նչը դարձավ մարզական քաղաքացիությունը փոխելու եւ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու որոշման հիմնական պատճառ:

Ես ամուր կապ եմ զգում Հայաստանի հետ եւ ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ հայկական թենիսի զարգացման մեջ: «Կերոն» բարեգործական հիմնադրամի առաջարկը միայն աջակցություն չէր ինձ, այլ հնարավորություն է իրականություն դարձնել իմ բոլոր ձգտումները եւ իմ լուման ունենալ հայկական սպորտի զարգացման մեջ:

Քո առաջին մրցելույթը Հայաստանի դրոշի ներքո եղել է Ցինցինատիի WTA-1000 մրցաշարը: Մե՞ծ էր լարվածությունը:

Մեծ պատիվ է ինձ համար ներկայացնել Հայաստանը այդպիսի բարձրակարգ մրցաշարում: Լարվածությունը մեծ էր, պատասխանատու պահ էր: Ես այնտեղ զգում էի երկրպագուների աջակցությունը եւ փորձել եմ ցուցադրել իմ լավագույն խաղը: Ինձ համար շատ կարեւոր էր առաջին մրցաշարը, որպեսզի արդարացնեի բոլորի վստահությունը:

Ցինցինատիում պարտվեցիր հիմնական փուլի երրորդ շրջանում: Ի՞նչը պակասեց Լյուդմիլա Սամսոնովայի հետ մրցախաղում:

Լյուդմիլան ուժեղ մրցակից է: Նրա հետ ստացվեց լարված խաղ: Մի քանի դրվագներում ինձ պակասեց կենտրոնացվածությունը: Իմ խաղում կան որոշ շեշտադրումներ, որոնց վրա պետք է աշխատել: Դա ընդունում եմ որպես մոտիվացիա հետագայում խաղամակարդակս բարելավելու համար:

Հաջորդ երկու մրցաշարերում՝ WTA-500 –ում եւ US Open-ում ի՞նչը խանգարեց:

Սպորտը՝ վերելքներ է եւ վայրէջքներ: Ես հիվանդացել էի եւ չկարողացա այս երկու մրցաշարերին մասնակցել այնպես, ինչպես ցանկանում էի: Այսպիսի պահերը օգնում են հասկանալ, թե ինչ ասպեկտների վրա պետք է աշխատել հետագայում ավելի ուժեղ լինելու համար:

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակը գլխավորում է Իգա Շվյոնտեկը: Լավագույն տասնյակում ընդգրկված թենիսիտուհիներից ո՞ւմ հետ ես հանդիպել կորտում, ի՞նչ կասես նրանց մասին: Ի՞նչ որակներ պետք է ունենալ լավագույն տասնյակում ընդգրկվելու համար:

Ես խաղացել եմ այնպիսի թենիսիտների հետ, ինպիսիք են Մարիա Սակարին, Չժեն Ցինվենը, Օնս Ժաբերը: Թոփ-10-ից ցանկացածի հետ խաղալը մարտահրավեր է եւ հիանալի հնարավորություն սովորելու: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ուժեղ կողմերը՝ տեխնիկա, տակտիկա, մենթալ կայունություն:  Թոփ-10-ում հայտնվելու համար անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք, կայունություն եւ տարբեր պայմաններին, մրցակիցներին հարմարվելու ունակություն:

Հայաստանում թենիսը դանդաղ է զարգանում: Ըստ քեզ, ի՞նչն է գլխավոր պատճառը, խնդիրը:

Պատճառներից մեկն այն է, որ քիչ են ենթակառուցվածքների: Երիտասարդ թենիսիտներին ոչ պրոֆեսիոնալ աջակցություն կա: Ես հավատում եմ, որ «Կերոն» հիմնադրամի աջակցությամբ մենք կարող ենք իրավիճակը փոխել եւ ավելի մեծ ուշադրություն գրավել այս մարզաձեւի նկատմամբ:

Ես գիտեմ, որ քո մարզական քաղաքացիությունը փոխելը ծրագրվում էր ավելի վաղ, որպեսզի ներկայացնեիր Հայաստանը Փարիզ-2024-ում, բայց տեխնիկական պատճառներով չստացվեց: Կտեսնե՞նք քեզ 2028 թ. Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում:

Օլիմպիական խաղերին մասնակցելն իմ մեծագույն նպատակներից մեկն է: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի պատրաստվեմ եւ ներկայացնեմ Հայաստանը 2028 թ. Օլիմպիական խաղերում ամենաբարձր մակարդակով: Հավատում եմ, որ ճիշտ նախապատրաստական աշխատանքի եւ աջակցության շնորհիվ իմ շանսերն Օլիմպիական խաղերում բավականին իրատեսական են:

Ո՞րն է ամենամեծ երազանքդ մեծ սպորտում:

Ամենամեծ երազանքս թենիսի վարկանիշային աղյուսակում առաջինը լինելն է: Դրանից բացի նաեւ երազում եմ երիտասարդ թենիսիստների ոգեշնչման աղբյուրը լինել:  Ուզում եմ, որ իմ մրցելույթները ոգեշնչեն ուրիշներին, օգնեն հավատալ սեփական ուժերին եւ ձգտել բարձրագույնին՝ ինչ խոչընդոտներ էլ լինեն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News