10:55  ,  26 նոյեմբերի, 2012

Արման Երեմյան. Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, կարող եք մեծ խաչ դնել Հայաստանում թաեքվոնդոյի զարգացման վրա

«Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան ինձնով չի զբաղվում: Ես ինքս պետք է միջոցներ եւ պայմաններ գտնեմ, որպեսզի պատշաճ մակարդակով մարզվեմ, հրավիրեմ սպարինգ մրցակիցների կամ մեկնեm այլ երկիր: Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան ինձ վրա անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում»: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց  2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում 5-րդ տեղ զբաղեցրած Արման Երեմյանը:

Թաեքվոնդոյի 2008թ. Եվրոպայի չեմպիոնն այժմ մարզվում է «Օլիմպիկ» ակումբում Վարդան Վարդանյանի ղեկավարությամբ: Արման Երեմյանը հանդիսանում է  ակումբի նախագահ:  Արմանը պատմեց Հայաստանում այս կորեական մարտարվեստի զարգացման խնդիրների մասին:  

Արման, Օլիմպիական խաղերից հետո դու հրաժարվեցիր հարցազրույց տալ: Ի՞նչն էր պատճառը:

Օլիմպիական խաղերում մրցումներից բացի տարվում է յուրօրինակ քաղաքականություն: Մրցավարները երբեմն բարեհաճ են ոչ ուժեղագույններին: Ես շատ էմոցիոնալ ընդունեցի Լոնդոնում տեղի ունեցածը, այդ պատճառով չէի ցանկանում որեւէ հարցազրույց տալ: Ամեն դեպքում ես չեմ ցանկանում ամեն ինչում մեղադրել մրցավարներին եւ կարծում եմ, որ 5-րդ տեղը Օլիմպիական խաղերում լավ արդյունք է, թեեւ գնում էի ոսկե մեդալի հետեւից: Ցավալին այն է, որ ես պարտվեցի մրցակիցների, որոնց նախկինում հաղթել եմ:

Արման, ինչպե՞ս էիր պատրաստվել Օլիմպիական խաղերին, եւ ինչպե՞ս է ընթանում կյանքդ Խաղերից հետո:

Որպեսզի դուք հասկանաք, թե ինչպես եմ ես պատրաստվել եւ պատրաստվում` ես պետք է մանրամասնեմ հետեւյալ հանգամանքները: Ես 2008թ. Եվրոպայի չեմպիոն եմ, Կազանի օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող, բազմաթիվ միջազգային մրցաշարերի մրցանակակիր: Այլ երկրում ինձ հետ կզբաղվեին օր ու գիշեր: Հայաստանում թաեքվոնդոյի ֆեդերացիան ինձնով չի զբաղվում: Ես ինքս պետք է միջոցներ եւ պայմաններ գտնեմ, որպեսզի պատշաճ մակարդակով մարզվեմ, հրավիրեմ սպարինգ մրցակիցների կամ մեկնեմ այլ երկիր: Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան ինձ անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում: Օրինակ` Օլիմպիական խաղերի ժամանակ իմ քաշային կարգում հանդես էր գալիս ադրբեջանցի Ռամին Ազիրովը, որն այնքան էլ հաջող հանդես չեկավ: Ադրբեջանը այդ մարզիկին պատրաստելու համար մինչեւ Խաղերը մեծ գումարներ էր ներդրել, բայց Խաղերից հետո ոչ թե կրճատեց ֆինանսավորումը, այլ հակառակը` մեծացրեց ուշադրությունն իր մարզիկի նկատմամբ: Նրան այժմ մշակած ծրագրով պարաստում են 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերին: Ինչ վերաբերում է ինձ, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Օլիմպիական խաղերից հետո ինձ պատշաճ ուշադրություն չեն դարձնում: Օրինակ՝ հաջորդ տարի Մեքսիկայում կայանալու է աշխարհի առաջնությանը, սակայն մինչեւ այսօր թաեքվոնդոյի ֆեդերացիան իմ նախապատրաստական փուլի համար հստակ ծրագիր չունի:

Ինչ վերաբերում է Լոնդոնի Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլին` ես մասնակցել եմ յոթ հավաքի, հինգը` արտասահմանում, երկուսը` Հայաստանում: Յոթ հավաքներից միայն մեկն է կազմակերպել թաեքվոնդոյի ֆեդերացիան: Ես ընդհանրպես չէի կարողանա մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերին, եթե չօգներ Օլիմպիական կոմիտեն: Ես շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին եւ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանին աջակցության համար: Իմ մարզումների հետ կապված բոլոր հարցերին ֆեդերացիան ունի միայն մեկ պատասխան` միջոց չկա:  

Ի՞նչ պայմաններում ես դու մարզվում:

Ինչ պայմանների մասին կարող է խոսք լինել, եթե Հայաստանում չկան տատամիով նորմալ դահլիճներ: Ինչպես կարող է ակումբը լավ մարզիկ պատրաստել, եթե չունի պայմաններ այս օլիմպիական մարզաձեւի զարգացման համար: Անկեղծ խոստովանենք, որ մեզ մոտ մակարդակը թույլ է, իսկ ես չեմ ցանկանում, որ ինձնից հետո հաջորդ հայ թաեքվոնդոիստը Օլիմպիական խաղերի մեկնի միլիոն տարի հետ: Մենք ունենք տաղանդավոր տղաներ, բայց չկան պայմաններ: Բացի այդ, նրանցով ոչ ոք չի զբաղվում:

Ես ամեն տեղ ասում եմ, որ եթե իմ նախապատրաստության մեջ ներդրումներ արվեն, ապա ես արդյունք ցույց կտամ: Ես վստահ եմ իմ ուժերին եւ գիտեմ իմ բոլոր մրցակիցներին: Բայց ինչի մասին կարող է խոսք լինել, եթե ամբողջ աշխարհում իմ մակարդակի մարզիկը եւ նրա մարզիչը աշխատավարձ է ստանում, իսկ Հայաստանի ֆեդերացիայում այդպիսի հասկացություն գոյություն չունի: Այլ երկրներում, օրինակ, Ադրբեջանում մարզիկը ստանում է մինչեւ 4 հազար դոլար աշխատավարձ: Հայաստանում լավ զարգանում են միայն ըմբշամարտի, ծանրամարտի եւ բռնցքամարտի ֆեդէրացիաները: Բայց, եթե ես ինքս այսպիսի արդյունքների եմ հասել, պատկերացրեք, թե ինչքան հեռու կգնամ, եթե ինձ վրա ուշադրություն դարձնեն եւ զբաղվեն այնպես, ինչպես հարկն է զբաղվել պրոֆեսիոնալ մարզիկի հետ:

Արման, դու համաշխարհային մակարդակի պրոֆեսիոնալ ես: Քեզ այլ երկրների հավաքականներ չեն հրավիրե՞լ:

Հրավիրել են: Առաջարկում էին լավ պայմաններ եւ արժանի վարձատրություն:

Ինչո՞ւ չընդունեցիր հրավերը:

Չեմ ցանկանում: Հայաստանն է իմ երկիրը: Ես ցանկանում եմ ներկայացնել իմ երկիրը եւ մրցման դուրս գալ հայրենիքիս դրոշով: Ցավոք, շատերը դա չեն հասկանում:

Ի՞նչ հետագա ծրագրեր ունես:

Կնախապատրաստվեմ հաջորդ տարի Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Կփորձեմ միջոցներ գտնել եւ պատրաստվել արժանի մակարդակով:

Ի՞նչ կավելացնես վերջում:

Ասեմ, որ եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա կարող եք մեծ խաչ դնել Հայաստանում թաեքվոնդոյի զարգացման վրա: Այս հիմնախնդիրը պետք է լուծվի հենց ֆեդերացիայում, իսկ այս պահին ֆեդերացիայում միայն ներքին տարաձայնություններ են:

Զրուցեց Պարույր Սինյավսկին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում