10:55 26 նոյեմբերի, 2012«Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան ինձնով չի զբաղվում: Ես ինքս պետք է միջոցներ եւ պայմաններ գտնեմ, որպեսզի պատշաճ մակարդակով մարզվեմ, հրավիրեմ սպարինգ մրցակիցների կամ մեկնեm այլ երկիր: Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան ինձ վրա անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում»:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում 5-րդ տեղ զբաղեցրած Արման Երեմյանը:
Թաեքվոնդոյի 2008թ. Եվրոպայի չեմպիոնն այժմ մարզվում է «Օլիմպիկ» ակումբում Վարդան Վարդանյանի ղեկավարությամբ: Արման Երեմյանը հանդիսանում է ակումբի նախագահ: Արմանը պատմեց Հայաստանում այս կորեական մարտարվեստի զարգացման խնդիրների մասին:
Արման, Օլիմպիական խաղերից հետո դու հրաժարվեցիր հարցազրույց տալ: Ի՞նչն էր պատճառը:
Օլիմպիական խաղերում մրցումներից բացի տարվում է յուրօրինակ քաղաքականություն: Մրցավարները երբեմն բարեհաճ են ոչ ուժեղագույններին: Ես շատ էմոցիոնալ ընդունեցի Լոնդոնում տեղի ունեցածը, այդ պատճառով չէի ցանկանում որեւէ հարցազրույց տալ: Ամեն դեպքում ես չեմ ցանկանում ամեն ինչում մեղադրել մրցավարներին եւ կարծում եմ, որ 5-րդ տեղը Օլիմպիական խաղերում լավ արդյունք է, թեեւ գնում էի ոսկե մեդալի հետեւից: Ցավալին այն է, որ ես պարտվեցի մրցակիցների, որոնց նախկինում հաղթել եմ:
Արման, ինչպե՞ս էիր պատրաստվել Օլիմպիական խաղերին, եւ ինչպե՞ս է ընթանում կյանքդ Խաղերից հետո:
Որպեսզի դուք հասկանաք, թե ինչպես եմ ես պատրաստվել եւ պատրաստվում` ես պետք է մանրամասնեմ հետեւյալ հանգամանքները: Ես 2008թ. Եվրոպայի չեմպիոն եմ, Կազանի օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող, բազմաթիվ միջազգային մրցաշարերի մրցանակակիր: Այլ երկրում ինձ հետ կզբաղվեին օր ու գիշեր: Հայաստանում թաեքվոնդոյի ֆեդերացիան ինձնով չի զբաղվում: Ես ինքս պետք է միջոցներ եւ պայմաններ գտնեմ, որպեսզի պատշաճ մակարդակով մարզվեմ, հրավիրեմ սպարինգ մրցակիցների կամ մեկնեմ այլ երկիր: Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան ինձ անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում: Օրինակ` Օլիմպիական խաղերի ժամանակ իմ քաշային կարգում հանդես էր գալիս ադրբեջանցի Ռամին Ազիրովը, որն այնքան էլ հաջող հանդես չեկավ: Ադրբեջանը այդ մարզիկին պատրաստելու համար մինչեւ Խաղերը մեծ գումարներ էր ներդրել, բայց Խաղերից հետո ոչ թե կրճատեց ֆինանսավորումը, այլ հակառակը` մեծացրեց ուշադրությունն իր մարզիկի նկատմամբ: Նրան այժմ մշակած ծրագրով պարաստում են 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերին: Ինչ վերաբերում է ինձ, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Օլիմպիական խաղերից հետո ինձ պատշաճ ուշադրություն չեն դարձնում: Օրինակ՝ հաջորդ տարի Մեքսիկայում կայանալու է աշխարհի առաջնությանը, սակայն մինչեւ այսօր թաեքվոնդոյի ֆեդերացիան իմ նախապատրաստական փուլի համար հստակ ծրագիր չունի:
Ինչ վերաբերում է Լոնդոնի Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլին` ես մասնակցել եմ յոթ հավաքի, հինգը` արտասահմանում, երկուսը` Հայաստանում: Յոթ հավաքներից միայն մեկն է կազմակերպել թաեքվոնդոյի ֆեդերացիան: Ես ընդհանրպես չէի կարողանա մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերին, եթե չօգներ Օլիմպիական կոմիտեն: Ես շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին եւ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանին աջակցության համար: Իմ մարզումների հետ կապված բոլոր հարցերին ֆեդերացիան ունի միայն մեկ պատասխան` միջոց չկա:
Ի՞նչ պայմաններում ես դու մարզվում:
Ինչ պայմանների մասին կարող է խոսք լինել, եթե Հայաստանում չկան տատամիով նորմալ դահլիճներ: Ինչպես կարող է ակումբը լավ մարզիկ պատրաստել, եթե չունի պայմաններ այս օլիմպիական մարզաձեւի զարգացման համար: Անկեղծ խոստովանենք, որ մեզ մոտ մակարդակը թույլ է, իսկ ես չեմ ցանկանում, որ ինձնից հետո հաջորդ հայ թաեքվոնդոիստը Օլիմպիական խաղերի մեկնի միլիոն տարի հետ: Մենք ունենք տաղանդավոր տղաներ, բայց չկան պայմաններ: Բացի այդ, նրանցով ոչ ոք չի զբաղվում:
Ես ամեն տեղ ասում եմ, որ եթե իմ նախապատրաստության մեջ ներդրումներ արվեն, ապա ես արդյունք ցույց կտամ: Ես վստահ եմ իմ ուժերին եւ գիտեմ իմ բոլոր մրցակիցներին: Բայց ինչի մասին կարող է խոսք լինել, եթե ամբողջ աշխարհում իմ մակարդակի մարզիկը եւ նրա մարզիչը աշխատավարձ է ստանում, իսկ Հայաստանի ֆեդերացիայում այդպիսի հասկացություն գոյություն չունի: Այլ երկրներում, օրինակ, Ադրբեջանում մարզիկը ստանում է մինչեւ 4 հազար դոլար աշխատավարձ: Հայաստանում լավ զարգանում են միայն ըմբշամարտի, ծանրամարտի եւ բռնցքամարտի ֆեդէրացիաները: Բայց, եթե ես ինքս այսպիսի արդյունքների եմ հասել, պատկերացրեք, թե ինչքան հեռու կգնամ, եթե ինձ վրա ուշադրություն դարձնեն եւ զբաղվեն այնպես, ինչպես հարկն է զբաղվել պրոֆեսիոնալ մարզիկի հետ:
Արման, դու համաշխարհային մակարդակի պրոֆեսիոնալ ես: Քեզ այլ երկրների հավաքականներ չեն հրավիրե՞լ:
Հրավիրել են: Առաջարկում էին լավ պայմաններ եւ արժանի վարձատրություն:
Ինչո՞ւ չընդունեցիր հրավերը:
Չեմ ցանկանում: Հայաստանն է իմ երկիրը: Ես ցանկանում եմ ներկայացնել իմ երկիրը եւ մրցման դուրս գալ հայրենիքիս դրոշով: Ցավոք, շատերը դա չեն հասկանում:
Ի՞նչ հետագա ծրագրեր ունես:
Կնախապատրաստվեմ հաջորդ տարի Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Կփորձեմ միջոցներ գտնել եւ պատրաստվել արժանի մակարդակով:
Ի՞նչ կավելացնես վերջում:
Ասեմ, որ եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա կարող եք մեծ խաչ դնել Հայաստանում թաեքվոնդոյի զարգացման վրա: Այս հիմնախնդիրը պետք է լուծվի հենց ֆեդերացիայում, իսկ այս պահին ֆեդերացիայում միայն ներքին տարաձայնություններ են:
Զրուցեց Պարույր Սինյավսկին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.