Փարիզի մրցագորգում ըմբշամարտի մրցավարությունն իրականացվում է երկակի ստանդարտներով եւ խայտառակ կողմնապահությամբ: Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ եզրափակիչի դրվագի նման դրվագի ականատես եղանք նաեւ ազատ ոճի ըմբշամարտի բրոնզե մեդալի համար գոտեմարտում եւ նույն պայմաններում նույն գերմանացի գլխավոր մրցավարն այս անգամ նախընտրեց միավոր տալ մրցակցին երկու ոտքով դուրս հանած ըմբիշին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց ԿԳՄՍ նախկին փոխնախարար, Արթուր Ալեքսանյանի ընկեր Գրիշա Թամրազյանը, որն այս օրերին գտնվում է օլիմպիական մայրաքաղաքում:
«Այստեղ եւս մեկ անգամ համոզվեցինք, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ ամեն ինչ պետք է անենք, որ Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալը վերադարձվի նրան, Հայաստան:
Օգոստոսի 9-ին ազատ ոճի ըմբշամարտի 74 կգ քաշային կարգի Չերմեն Վալիեւ (Ալբանիա) - Վիկտոր Ռասադին (Տաջիկստան) զույգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում ճիշտ նույն դրվագին ականատես եղանք:
Նույն իրավիճակում տաջիկ ըմբիշը (կապույտ մարզահագուստով) վերեւից հնարք արեց, երկու ոտքով հայտնվեց գորգից դուրս իրավիճակում, այնպես ինչպես Արթուր Ալեքսանյանն էր Սարավիին հանել: Բողոքարկումից հետո նույն գլխավոր մրցավարը` գերմանացի Անտոնիո Սիլվեստրին, որը վերանայել էր Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ դրվագը, այս անգամ միավորը նախընտրեց տալ մրցագորգից դուրս գալու համար: Այսինքն՝ մեկ միավոր տվեցին ալբանացի ըմբիշին (կարմիր մարզահագուստով):
Այս դրվագը եւ Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ դրվագն ապացուցում է, որ ըմբշամարտում մրցավարությունն իրականացվում է երկակի ստանդարտներով, խայտառակ կողմնակալության պայմաններում: Արթուր Ալեքսանյանն Օլիմպիական չեմպիոն է, որն ապացուցված փաստ է:
Այսքանից հետո մնում է միայն մեկ անգամ գործընթացը տանել մինչեւ վերջ եւ ոսկե մեդալը վերադարձնել Հայաստան: Արդարությունը պետք է հաղթի»,- ասում է Գրիշա Թամրազյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի
15:52 , 10 սեպտեմբերի
15:09 , 10 սեպտեմբերի
14:19 , 10 սեպտեմբերի 
13:38 , 10 սեպտեմբերի
13:01 , 10 սեպտեմբերի