01:42  ,  7 օգոստոսի, 2024

Վահագն Դավթյան․ Գոհ եմ Օլիմպիական խաղերում կատարածս աշխատանքից

Կլինեմ անկեղծ. մրցակցությունը շատ մեծ էր: Այդ պահին այդքանի էի պատրաստ մասնակցել: Գոհ եմ Օլիմպիական խաղերում կատարածս աշխատանքից, քանի որ մարզիչներս են գոհ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոցում» ասաց Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Վահագն Դավթյանը:

Օղակների վարժությունում Հայաստանի առաջատար մարմնամարզիկը օգստոսի 6-ին օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանի եւ Հայաստանի թիմի հետ Փարիզից վերադարձավ հայրենիք:

«Եզրափակիչում ավելի լավ հանդես եկա, ավելի որակով վարժությունս կատարեցի: Կլինեմ անկեղծ. մրցակցությունը շատ մեծ էր: Այդ պահին այդքանի էի պատրաստ մասնակցել: Միանշանակ կասեմ, որ մրցակիցներս շատ ուժեղ էին: Ես ավելի շատ պարտվեցի իմ վարժության պակաս բարդությունով, քան թույլ տված սխալների վերջնական արդյունքով:

Գոհ եմ Օլիմպիական խաղերում կատարածս աշխատանքից: Մարզիչներս եւս գոհ են իմ մրցելույթներից, ինչը թույլ է տալիս, որ ես էլ դրական գնահատեմ իմ աշխատանքը: Այս մրցումներում ուղղակի այսքանը ստացվեց: Անթերի չէր, միշտ կան թերություններ, միշտ կա աշխատելու տեղ: Եթե ինչ-որ մի բան չի բավականացրել, ուրեմն հաջորդ մրցաշարերի համար պետք է ավելացնել ու ձգտել ավելի բարձր արդյունքի:

Չեմ կարող ասել, թե հաջորդ Օլիմպիական խաղերում կլինեմ, թե ոչ: Այս պահին առաջնահերթությունը կտամ վնասվածքս բուժելուն: Փարիզում մասնակցում էի ուսի վնասվածքով»,- ասաց Վահագն Դավթյանը: 

Փարիզ-2024-ի սպորտային մարմնամարզության օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը զբաղեցրեց 6-րդ տեղը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print