17:32  ,  4 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Վահագն Դավթյանը 6-րդն է (ֆոտո, վիդեո)

Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում գրավեց 6-րդ տեղը:

Սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարի օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը վաստակեց 14.866 միավոր:

Հուլիսի 27-ին Վահագն Դավթյանը որակավորման փուլում գերազանց կատարումով վաստակել էր 14.733 միավոր եւ դուրս եկել եզրափակիչ՝ հնարավորություն ստանալով իր առաջին Օլիմպիական խաղերում պայքարել մեդալի համար:

Հայաստանի առաջատար մարմնամարզիկին Փարիզ-2024-ի մրցահարթակում օգնում էր հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը:

Օղակների վարժությունում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը 15.300 միավորով նվաճեց Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, չինացի Լյու Յանը, արծաթե մեդալակիր՝ Տոկիո-2020 օլիմպիական չեմպիոն, բրոնզե մեդալակիր, Փարիզ-2024 արծաթե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Ասիայի քառակի չեմպիոն, չինացի Ցզոու Ցզինյուան (15.233 միավոր), բրոնզե մեդալակիր՝ Ռիո-2016 օլիմպիական չեմպիոն, Տոկիո-2020 բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն, հույն Էլեֆտերիոս Պետրունիաս (15.100 միավոր):

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

մարմնամարզիկ, 35 տարեկան

Ծնվել է 1988 թ. օգոստոսի 18-ին, Երեւանում

Ամուսնացած է, ունի որդի

Անձնական մարզիչներ՝ Հակոբ Սերոբյան, Հարություն Մերդինյան

Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2014 թ. աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2016 թ. Գերմանիայի ակումբային չեմպիոն, 2019 թ. աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, 2019 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2019 թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 2022 թ. աշխարհի գավաթի ոսկե, արծաթե մեդալակիր, 2023 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2024թ. աշխարհի գավաթակիր

Փարիզ-2024-ի օլիմպիական ուղեգիրը նվաճել էր  2024 թ. ապրիլի 19-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված աշխարհի գավաթի մրցաշարում ոսկե մեդալակիր դառնալու շնորհիվ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news