14:09  ,  4 օգոստոսի, 2024

Հակոբ Սերոբյանը՝ Փարիզից. Արթուր Դավթյանը համարվում է գլխավոր ֆավորիտը

Արթուր Դավթյանին համարում են գլխավոր ֆավորիտը: Նա օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելու մեծ հնարավորություն ունի: Կարող է: Այսօր ամեն գույնի մեդալ կարող է լինել եւ լուրջ, մնում է իր լավագույնն անի այնպես, ինչպես անում է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Փարիզի Օլիմպիական խաղերի մրցավար Հակոբ Սերոբյանը:

Սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում օգոստոսի 4-ին հենացատկի վարժության եզրափակիչում չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: Օղակների վարժության եզրափակիչում մեդալային պայքարում կլինի Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը:

«Որակավորման փուլը լարված անցավ: Արթուր Դավթյանը բոլորիս ստիպեց մի փոքր անհանգստանալ: Նա իրեն նման չէր, չարեց այն, ինչ գերազանց է կատարում: Ամեն դեպքում եզրափակիչում է, որտեղ ամեն ինչ մոռանում ես եւ զրոյից սկսում պայքարը:

Վահագն Դավթյանը որակավորման փուլում փայլուն հանդես եկավ, նա արեց իր լավագույնը, առավելագույնը եւ շատ լավ միավորներ վաստակեց:

Արթուր Դավթյանի 14.666 միավորը գուցե բարձր ցուցանիշ է, եզրափակիչի արդյունք է, բայց քանի որ գիտենք նրա հնարավորությունները, մեզ համար այս գնահատականն այն չէր, բավարար չէր: Հուսամ, եզրափակիչում լավ կցատկի: Մարզումներին շատ լավ է կատարում:

Թե ինչու որակավորման փուլում առաջին ցատկն անհաջող ստացվեց, չեմ կարող ասել: Նոր գործիքներ են, կամրջակը գուցե մի փոքր չոր է, բայց այս ամենը մեզ համար պատճառ չպետք է լինի, քանի որ այն բոլորի համար է, բոլորն էլ կատարում են:

Արթուրի 4-րդ Օլիմպիական խաղերն է, նա ավելի փորձառու է, արդեն հասուն տղա է եւ  ավելի լավ գիտի ու կարող է մեկնաբանել, թե ինչ տեղի ունեցավ, ինչու այդպես ցատկեց առաջին ցատկը: Ես նրան հանդիպեցի որակավորման փուլի օրը.  մենք այստեղ միմյանց հանդիպելու իրավունք չունենք: Նա ինձ ոչինչ չի ասում, ոչնչից չի բողոքում:

Ինձ ավելի շատ անհանգստացնում է ծունկը, քանի որ վնասվածք ունի: Պետք է ամեն ինչի մասին մոռանանք: Եզրափակիչում պետք է փորձի իր առավելագույնը կատարել:

Եզրափակիչում ակնկալում եմ մեծ եւ ուժեղ մրցակցություն ինչպես Արթուրի վարժությունում, այնպես էլ՝ Վահագնի: Օլիմպիական խաղերում բոլորն էլ շատ ուժեղ են, մեծ մրցակցություն է:

Վահագն Դավթյանը մեդալի հնարավորություն ունի, Արթուր Դավթյանն՝ ավելի շատ: Մնում է՝ տեսնենք, թե ինչպես կկատարի: Արթուր Դավթյանը օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելու մեծ հնարավորություն ունի:

Օղակների վարժությունում Վահագն Դավթյանի մրցակիցների վարժությունների բարդություններն ավելի շատ են: Այս առումով եմ գնահատում, որ Վահագնը հնարավորություն ունի, բայց Արթուրն ավելի շատ: Եվս մեկ անգամ նշեմ, որ որակավորման փուլում Վահագն Դավթյանի մրցելույթից շատ գոհ եմ, շատ լավ կատարեց, իր ամենալավն արեց: Նա նույնպես վնասվածքով է մասնակցում: Ուսի վնասվածք ունի, բոլորս էլ գիտենք, բայց ամեն ինչ մոռացած, բարձրացավ հարթակ եւ ամենալավ ձեւով կատարեց իր վարժությունը, իսկ Արթուրը՝ ոչ: Առաջին ցատկը միջինից ցածր էր:

Երբ հայտնի դարձավ, որ եզրափակիչում է, նրան ասացի՝ «ուզում ես՝ ինձ հետ մի բան կատարվի՞» (ծիծաղում է): Իմ տղաներն են, ոչինչ էլ չեմ կարող ասել, սպորտ է, փորձություն է, ամեն ինչ էլ կարող է պատահել:

Արթուր Դավթյանը կարող է: Այսպիսի լավ հնարավորություն ունի: Օրինակ՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալի շանս չուներ, ամեն ինչ այսպես չէր, ֆավորիտ չէր: Այստեղ՝ Փարիզում, Արթուրը հենացատկի վարժության գլխավոր ֆավորիտն է: Այսօր ամեն գույնի մեդալ կարող է լինել, մնում է իր ցատկերը մաքուր կատարի:

Իսկապես, Արթուրին համարում են ֆավորիտներից գլխավորը: Այստեղ էլ նրան գնահատում են, սիրում են, իր տեսակով էլ համեստ է. մեծ հարգանք է վայելում:

Ինչ մեդալ էլ լինի, ագահություն չենք անի: Ինչ վաստակել ենք, թող դա էլ լինի»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Վահագն Դավթյանի մասնակցությամբ եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:

Արթուր Դավթյանի մասնակցությամբ եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:25-ին:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս