17:11  ,  3 օգոստոսի, 2024

Կարեն Աղամալյանը՝ Փարիզից. Դավիթ Չալոյանն արեց ամեն ինչ, չնահանջեց

Դավիթ Չալոյանն արեց ամեն ինչ, չնահանջեց: Կարելի էր «պոկել» բրոնզե մեդալը, բայց այսպես ստացվեց: Ուզում էր կռիվ տալ, ամեն ինչ անել, բայց չստացվեց: Ափսոսում եմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը՝ մեկնաբանելով Դավիթ Չալոյանի երկրորդ մենամարտը Օլիմպիական խաղերում:

Երեկ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը +92 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 0:5 հաշվով պարտվեց աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն, Իսպանիան ներկայացնող Այուբ Ղադֆա Դրիսիին եւ լքեց պայքարը:

«Կարելի էր «պոկել» բրոնզե մեդալը, բայց այսպես ստացվեց: Դավիթ Չալոյանն արեց ամեն ինչ, նահանջելու տեղ չունեցավ երեկվա մենամարտում: Ուզում էր կռիվ տալ, ամեն ինչ անել, բայց չստացվեց: Արժանի մենամարտ էր, իհարկե, կային սխալներ:

Իր առաջին Օլիմպիական խաղերն էր: Նա պայքարեց: Առաջին մենամարտն անգլիացու շատ ծանր ստացվեց: Ռեւանշ վերցրեց: Երկրորդ մենամարտում իսպանացի մրցակիցն ավելի պատրաստված բռնցքամարտիկ էր: Դավիթի ոտքերի աշխատանքը մի փոքր սահմանափակ էր: Կարծում եմ, հին վնասվածքը նրան ստիպեց ավելի զգույշ մենամարտ անցկացնել: Մրցակիցը մոտ տարածությունից էր աշխատում, Դավիթն ավելի զգուշություն էր ցուցաբերում, ինչի արդյունքում չստացվեց:  Հնարավորություն ուներ բրոնզե մեդալ նվաճել:

Դավիթի տրամադրությունն ընկած էր, որովհետեւ ամեն ինչ այդքան էլ վատ չէր մեզ համար: Վիճակահանությունն էլ լավ էր դասավորվել, ամեն ինչ լավ էր, բայց երկրորդ մենամարտում շատ զգույշ էր աշխատում, հարվածները ոչ լիարժեք էին հասնում նպատակակետին,  դիպուկ չէին»,- ասաց Կարեն Աղամալյանը:

Հուլիսի 29-ին մեկնարկային մենամարտում Դավիթ Չալոյանը համառ պայքարում 3:2 հաշվով հաղթել էր անգլիացի Դելիշուս Օրիին:

15 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից ելույթներն ավարտել են հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս