09:33  ,  10 հուլիսի, 2024

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Արթուր Դավթյան (տեսանյութ)

NEWS.am Sport-ը սկսում է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մասնակիցների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը: 

Հուլիսի 10-ից «Օլիմպիական VLOG» շրջանակում կներկայացնենք Հայաստանի բոլոր օլիմպիականները Փարիզ-2024-ում, մարզումներ, հարցազրույցներ Խաղերի մասնակիցների հետ: 

«Օլիմպիական VLOG»-ի առաջին հերոսը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն է:

Արթուր Դավթյան, սպորտային մարմնամարզություն, հենացատկ

Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին Երեւանում։

Անձնական մարզիչը սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն է։

Ամուսնացած է, ունի 2 դուստր։

Արթուր Դավթյանը 2010 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2012 թ. աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2013 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013 թ. աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, 2016 թ.Եվրոպայի փոխչեմպիոն, 2019 թ. Եվրոպական խաղերի չեմպիոն, 2021 թ. Եվրոպայի չեմպիոն նժույգ թափեր վարժությունում, 2022 թ. աշխարհի չեմպիոն,  2023 թ. Եվրոպայի չեմպիոն հենացատկի վարժությունում, 2023 եւ 2024 թթ. աշխարհի գավաթակիր, 2024 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի եւ միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն:

Մասնակցել է Լոնդոն-2012, Ռիո-2016 եւ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին:

2021 թ. օգոստոսի 2-ին Տոկիոյում անցկացված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում 41 տարի անց նվաճել է անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալը Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում:

Հայաստանի առաջատար մարմնամարզիկը բրոնզե մեդալակիր է դարձել հենացատկի վարժությունում:

Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2023 թվականի սեպտեմբերի 30-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում բազմամարտի արդյունքով։

Փարիզ-2024-ում Արթուր Դավթյանը մրցահարթակ դուրս կգա հուլիսի 27-ին: Տղամարդկանց որակավորման փուլը տեղի կունենա Երեւանի ժամանակով 13:00-22:00 (ըստ ենթախմբի):

Աշխարհի չեմպիոնը կպայքարի իր հիմնական մրցաձեւում՝ հենացատկում:

Սպորտային մարմնամարզության մրցաշարը կանցկացվի Փարիզի  «Բերսի» մարզապալատում  (Bercy Arena):

Հենացատկի վարժության եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին, ժամը 18:25-ին:

Արթուր Դավթյանն արդեն Ֆրանսիայում է եւ Խաղերի մեկնարկից առաջ 14-օրյա հավաք է անցնում Ռուանում:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրին Փարիզի մրցահարթակում կօգնի հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը։

Հակոբ Սերոբյանը մրցավարական կազմում կսպասարկի Օլիմպիական խաղերը։

«Օլիմպիական VLOG» նախագծի թողարկումներին հետեւեք NEWS.am Sport-ի Facebook, Instagram, Tiktok-ի  էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերը կանկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print