10:04  ,  26 մայիսի, 2024

Հաբեթնակ Կուրղինյան․ Փարիզ-2024-ից առաջ վերջին բարդ, պատասխանատու եւ կարեւոր շրջանն ենք անցնում

Ծաղկաձորի հավաքով սկսում ենք պատրաստվել Օլիմպիական խաղերին: Փարիզ-2024-ից առաջ վերջին բարդ,  պատասխանատու եւ կարեւոր շրջանն ենք անցնում: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Ազատ ոճի ըմբշամարտ Հայաստանի երեք հավաքականներն այս օրերին 14-օրյա ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորի մարզաբազայում: Մեծահասակների հավաքականում թիմի հետ մարզվում են նաեւ Փարիզ-2024-ի ուղեգրեր նվաճած Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը: Հավաքին մասնակցում են մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների թիմերը:

Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թեւանյանը, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը պատրաստվում են միջազգային մրցաշարի:

«Այս հավաքն ուղղված է ընդհանուր ֆիզիկական պատրաստականությանը: Հավաքից հետո ունենք միջազգային մրցաշար, որին կհաջորդի եւս երեք հավաք: Միջազգային մրցաշարից հետո հավաք կունենանք Երեւանում, ապա արտագնա հավաք՝ Վրաստանում կամ Ռուսաստանում: Դեռ հստակ որոշված չէ, թե որտեղ: Վերջին հավաքը նորից կանենք Երեւանում եւ կմեկնենք Փարիզ:

Միջազգային մրցաշարը 4 «Գրան Պրիներից» մեկն է, որը վարկանիշային միավորներ է տալիս Եվրոպայի, աշխարհի առաջնությունների համար: Արսեն Հարությունյանի եւ Վազգեն Թեւանյանի համար մրցաշարը կլինի ստուգատես Փարիզ-2024-ից առաջ: Նրանց հետ կմասնակցի նաեւ Արման Անդրեասյանը:

Օլիմպիական տարին միշտ լարված է անցնում, վարկանիշային մրցաշարեր, նախապատրաստական փուլ: Տարեսկզբում նշել էի, որ բարդ շրջան ենք անցնելու՝ նկատի ունենալով վարկանիշային մրցաշարերը: Այժմ վերջին շրջանն ենք անցնում, որը նույնքան բարդ է, պատասխանատու, կարեւոր:

Մարզիկների հետ ես էլ լարվածություն եմ զգում այս փուլում։ Լարվածությունն ավելի է մեծանում պատասխանատվության ֆոնին: Թե տղաները, թե մենք Օլիմպիական խաղերին մասնակցելու փորձ ունենք: Տոկիո-2020-ի համեմատ այս առումով մի փոքր ավելի հանգիստ է անցնում պատասխանատու շրջանը: Հոգեբանական առումով որպես գլխավոր մարզիչ զգում եմ այդ տարբերությունը, մի փոքր ավելի հանգիստ եմ այս անգամ»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Ծաղկաձորի հավաքում Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը մարզվում են թիմի հետ, ընդհանուր մարզումային ծրագրով: Թիմի մարզումից հետո օլիմպիականները շարունակում են անհատական մարզումները Հաբեթնակ Կուրղինյանի եւ հավաքականի մյուս մարզիչների գլխավորությամբ: 

Հավաքականի ընդհանուր մարզումից հետո, երբ բոլորը լքում են մարզադահլիճը, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը եւս երկու ժամ ծանրաբեռնված անհատական մարզում է անցկացնում:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում թիմի երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանն ասաց, որ Արսեն Հարոթյունյանն ու Վազգեն Թեւանյանը մեծ ուժերով կենտրոնացած են Օլիմպիական խաղերին լավագույնս պատրաստվելու վրա:

«Օլիմպիական խաղերին մոտենում ենք մեծ ակնկալիքներով: Օրինակ՝ Արսեն Հարությունյանն ամեն մարզմանը գորգի վրա 3 ժամ աշխատանք է տանում, այդպես օրական երկու-երեք անգամ: Երբ կողքից հետեւում ես, թե նրանք ինչպես են աշխատում, անհնար է նրանցից բարձր հարգի մեդալի հույսեր չունենալ: Այս անգամ լրիվ այլ կերպ ենք մոտենում Օլիմպիական խաղերին»,- մանրամասնեց Էդգար Ենոքյանը:   

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում