13:11  ,  3 մայիսի, 2024

Խաբի Ալոնսո․ Հաշիվը կարող էր մի փոքր այլ լինել, բայց սա էլ արդար արդյունք է

Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» իսպանացի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակն իտալական «Ռոմայի» նկատմամբ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում։ «Բայերը» այս մրցաշրջանի 47 խաղում անընդմեջ անպարտելի է։

«Լուրջ եւ զգուշավոր խաղ էր։ Մենք գործեցինք խելացի եւ հասուն։ Մրցակիցն ուներ պահեր, բայց գոլի առավելությունը մեզ ավելի մեծ վստահություն հաղորդեց գնդակով եւ առանց գնդակի խաղում։

Մենք գտանք ճիշտ փոխզիջում հարձակման եւ պաշտպանության միջեւ,  սկսեցինք լավ տեղաշարժվել, երբ մրցակիցը բաց էր խաղում։ Մենք շատ ազատ գոտիներ ունեցանք։

Մեր խաղացողների նվիրվածությունն ու կարգապահությունը ֆանտաստիկ էին, բայց դեռ ունենք պատասխան հանդիպում։ Մենք շատ բարձր մակարդակ ցուցադրեցինք։ Հնարավոր է՝ կարող էինք ավելի շատ գոլեր խփել, բայց մրցակիցն էլ ուներ գոլային պահեր, որոնք չիրացրեց։ Հաշիվը կարող էր մի փոքր այլ լինել, բայց սա էլ արդար արդյունք է»,- Խաբի Ալոնսոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Պատասխան հանդիպումը Լեւերկուզենում տեղի կունենա մայիսի 9-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում