14:47  ,  13 փետրվարի, 2024

ԵԱ. Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց թուրք մրցակցի նկատմամբ տպավորիչ հաղթանակով (ֆոտո, վիդեո)

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանի 5 մասնակիցներից առաջինը մրցագորգ դուրս եկավ Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանը (97կգ):

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխրահի քառակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն, Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճած Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մեկնարկային 1/8 եզրափակիչում մրցեց թուրք Բեյտուլա Կաիսդագի հետ եւ 9:1 հաշվով ժամանակից շուտ վստահ հաղթանակ տարավ:

Օլիմպիական չեմպիոնը նախ 5 միավոր վաստակեց առաջին մրցափուլում, երկրորդ մրցափուլում գորգի մրցավարը օլիմպիական չեմպիոնին պարտեր նստեցրեց, բայց թուրք ըմբիշին չհաջողվեց գլորում կատարել:

Գոտեմարտի 5-րդ րոպեին Արթուր Ալեքսանյանը եւս 4 միավոր ավելացրեց հաշվին եւ 9:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:

Փետվարի 13-ին տեղի կունենան նաեւ 60, 67, 72, 82 կգ քաշային կարգերի նախնական գոտեմարտերը: Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Գեւորգ Ղարիբյանը (60կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ):

Եվրոպայի չեմպիոն, բրոնզե մեդալակիր Գեւորգ Ղարիբյանը (60կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ մրցակիցը Հունաստանի ներկայացուցիչ Իլիաս Զաիրակիսն է: Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Սլավիկ Գալստյանը (67 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ մրցակիցը Շվեդիայի ներկայացուցիչ Օլեն Նիկլաս Յան Օլով Պոնտուսն է:

Աշոտ Խաչատրյանը (72 կգ) նույնպես կմեկնարկի 1/8 եզրափակիչից եւ ուժերը կչափի 2019 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Բաքու-2015 Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Դոմինիկ Էտլինգերի հետ:

Կարեն Խաչատրյանը (82 կգ) նույնպես կմեկնարկի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը կլինի որակավորման փուլի Մատեյ Մանդիչ (Խորվաթիա) - Լուկաս Ստավդաչեր (Ավստրիա) զույգի հաղթողը:

Երեկոյան մրցահերթում Եվրոպայի երրորդ չեմպիոնության համար կպայքարի աշխարհի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը:

77 կգ քաշայինների եզրափակիչում Ամոյանը կգոտեմարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն թուրք Յուսուն Բասարի հետ:

Բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի 55 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի նորեկ Մանվել Խաչատրյանը: Մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Ստեֆան Գրիգորովն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում