20:29  ,  14 նոյեմբերի, 2023

Պետրակովի խնդրանքով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թույլ չեն տվել խաղադաշտում աշխատել

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մարզում անցկացրեց Երեւանի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն / ֆուտբոլի ակադեմիայում, որը բաց էր երկրպագուների եւ լրագրողների համար: Մարզմանը մասնակցում էին Հայաստանի հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, որոնք պատրաստվում են Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներին:

Բաց մարզմանը երկրպագուներն ու լրագրողները հետեւում էին տրիբունաներից, որը վերահսկվում էր անվտանգության աշխատակիցների կողմից: Տրիբունաների մի մասում էլ Հայաստանի հավաքականի երկրպագուների FAF շարժման անդամներն էին, որոնք երգերով, վանկարկումներով աջակցում էին հավաքականի անդամներին: 1,5 ժամ տեւած մարզումից հետո, ավանդույթի համաձայն, ֆուտբոլիստները երկրպագուներին գնդակներ նետեցին, լուսանկարվեցին եւ ինքնագրեր բաժանեցին:

Երկրպագուների մեծ մասը հնարավորություն չունեցավ տրիբունաներից դուրս գալ, քանի որ անվտանգության աշխատակիցները մարզումից հետո էլ թույլ չէին տալիս մոտ գնալ խաղադաշտին, մոտենալ սիրելի ֆուտբոլիստներին:

Մարզման ընթացքում մի քանի անգամ պատանի երկրպագուները ճեղքեցին անվտանգության պատնեշը եւ վազեցին խաղադաշտ: Այդպես մարզման գրեթե ամբողջ ընթացքում անտվանգության աշխատակիցները փորձում էին երկրպագուներ բռնել խաղադաշտում: Անվտանգության կոշտ նկատողությունների արդյունքում էլ տրիբունաներում քաշքշուկ եւ վեճ սկսվեց երկրպագուի եւ ծառայությունն իրականացնող անվտանգության աշխատակցի միջեւ, որն արագ հարթվեց:

Տրիբունաներից մարզումը լուսաբանող լրատվամիջողների ներկայացուցիչները դժգոհություն հայտնեցին երկրպագուների հետ նույն տրիբունայում գտնվելու համար: Ֆոտոթղթակիցները բոյկոտեցին մարզումը, քանի որ ոչ միայն լրագրողներին, այլեւ ֆոտոթղթակիցներին եւ օպերատորներին էր արգելված խաղադաշտի մոտից աշխատել: ՀՖՖ ներկայացուցիչը լրագրողներին մեկնաբանեց, որ այդպես է ցանկանցել գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը: Ուկրաինացի մասնագետը ասել է, թե խաղադաշտի շուրջ հավաքաված լրագրողները, ֆոտոթղթակիցներն ու օպերատորները խանգարում են իր աշխատանքին: 

Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներում կմրցի Ուելսի (նոյեմբերի 18, Երեւան) եւ Խորվաթիայի (նոյեմբերի 21, Զագրեբ) հետ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով