19:10  ,  3 սեպտեմբերի, 2023

Վիկտոր Խաչատրյան. Ոսկե մեդալ չնվաճեցինք մրցավարական կողմնապահության պատճառով

Ստամբուլում անցկացված Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ չնվաճեցինք մրցավարական կողմնապահության պատճառով: Կարծում եմ՝ ուղղակի թույլ չէին տա, որ Թուրքիայում հնչի Հայաստանի հիմնը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթացի հետ զրույցում ասաց Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի հավաքականի մարզիչ, «Սյունիք» ակումբի մարզիչ Վիկտոր Խաչատրյանը:

Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 3-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված WAKO-ի քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ՝ երկու արծաթ եւ երեք բրոնզ:

Լայթ եւ կիդլայթ ոճերում 13-ամյա Մարկ Միքայելյանը (-32 կգ) նվաճել է արծաթե եւ բրոնզե մեդալներ, 13-ամյա Սերժ Պապյանը (-32 կգ) նույնպես երկու ոճերում նվաճել է արծաթե եւ բրոնզե մեդալներ, 15-ամյա Տիգրան Հարությունյանը(-51 կգ) ֆուլ-կոնտակտ ոճում բրոնզե մեդալակիր է:

Սեպտեմբերի 3-ին Եվրոպայի առաջնության մեդալակիրներին մեծ շուքով դիմավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում: Եվրոպայի փոխչեմպիոններին եւ բրոնզե մեդալակրին դիմավորելու էին եկել ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը, ծնողներ, հարազատներ, մարզաձեւի ներկայացուցիչներ:

Թիմի հետ Ստամբուլ մեկնած ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Խաչատրյանի խոսքով Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ չեն նվաճել մրցավարական կողմնապահության պատճառով:

«Եվրոպայի առաջնությունում 5 մեդալ նվաճեցինք: Լարված մրցաշար ստացվեց մեզ համար: Մեծ պայքար էր գնում: Մեզ համար շատ պատասխանատու առաջնություն էր, որովհետեւ գտնվում էինք Թուրքիայում, թշնամի երկրում: Այնտեղ էր նաեւ Ադրբեջանի թիմը: Լարվածությունը կրկնապատիկ էր: Մեր տղաները լավ մասնակցեցին, պայքարեցին մինչեւ վերջ, արեցին ամեն ինչ մեդալներ նվաճելու համար:

Ոսկե մեդալ չնվաճեցինք մրցավարական կողմնապահության պատճառով: Կարծում եմ՝ ուղղակի թույլ չէին տա, որ Թուրքիայում հնչի Հայաստանի հիմնը: Շատ լարված պայքար եղավ եզրափակիչներում, որտեղ կային ակնհայտ կողմնապահությունները: Կապանում գործող «Սյունիք» ակումբից 6 մասնակից ունեինք, որոնցից երկուսը երկուական արծաթե եւ բրոնզե մեդալակիրներներն են»,- նշեց Վիկտոր Խաչատրյանը:

-32 կգ քաշային Սերժ Պապյանը արծաթե մեդալ է նվաճել կիդլայթ ոճում, բրոնզե մեդալակիր դարձել լայք ոճում: Երկու մենամարտերում էլ մրցակիցը եղել է նույն ադրբեջանցի մարզիկը:

«Ստամբուլում դժվարություններ կային: Ես ավելին էի սպասում, ոսկե մեդալի ակնկալիք ունեի: Հուսամ՝ մյուս առաջնություններում արդեն կկարողանամ ոսկե մեդալներ նվաճել: Եվրոպայի առաջնությունը բարդ անցավ: Եթե չլիներ իմ ընկերների աջակցությունը, խրախուսումը, հաստատ չէի հասնի այս արդյունքներին եւ երկու մեդալ չէի նվաճի: Մենամարտ ունեցա ադրբեջանցու հետ, որին մի ոճում պարտվեցի, մյուսում՝ հաղթեցի: Իրականում նա բարձրահասակ էր եւ ինձ համար դժվար էր նրա հետ մենամարտելը: Ուրախ եմ, որ հաղթահարեցի այդ դժվարությունը: Ուզում էի անպայման հաղթել ադրբեջանցուն, որովհետեւ ինձ համար պատվի հարց էր»,- պատմեց Սերժ Պապյանը:

Նույն քաշային կարգում հանդես եկող 13-ամյա Մարկ Միքայելյանը Եվրոպայի առաջնության երկու մեդալները նվիրում է հայ զինվորներին:

«Շատ բարդ մրցումներ էր: Հաջողությամբ կարողացա մինչեւ եզրափակիչ հասնել: Կիսաեզրափակիչում հաղթեցի ադրբեջանցի մրցակցի: Եզրափակիչում պարտվեցի թուրք մարզիկի: Երկրորդ տեղը շատ լավ մեդալ է, բայց հաջորդ մրցումներին կձգտեմ առաջին տեղը զբաղեցնել: Թուրքիայում երկու մեդալ նվաճեցի: Լավ զգացողություններ ունեցա, որ հասել էի Թուրքիա եւ հաջողություններ գրանցեցի իմ երկրի համար: Պարգեւատրման ժամանակ հպարտության զգացողություններ ունեցա, որ մեր երկրի դրոշը բարձրանում է մի երկրում, որը պատերազմում է մեր դեմ: Այս երկու մեդալներս նվիրում եմ հայ զինվորներին»,- մանրամասնեց 13-ամյա Մարկը:

15-ամյա Տիգրան Հարությունյանը բավարարվել է բրոնզե մեդալով:

«Ստամբուլում երրորդ տեղը գրավեցի: Բրոնզե մեդալի համար էի պայքարում, ամենաբարդ մենամարտս դա ստացվեց: Մրցակիցս ուկրաինացի էր: Այսքանով չեմ բավարարվի, ամեն ինչ կանեմ, որ հաջորդ Եվրոպայի առաջնությունում ավելի բարձր հարկի մեդալ նվաճեմ»,- ասաց Տիգրան Հարությունյանը:

Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 38 պետության 2015 մարզիկ: Հայաստանի թիմը  մասնակցել է ակումբի մշտական հովանավոր ԶՊՄԿ ՓԲԸ-ի հովանավորությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում