15:58  ,  22 հունիսի, 2023

ԵԽ․ Հայաստանի թիմը գրավել է առաջին տեղը՝ հետ թողնելով ադրբեջանցիներին

Լեհաստանում անցկացվող Եվրոպական խաղերում երրորդ դիվիզիոնի թիմային մրցաշարում պայքարը շարունակում են աթլետները։ Հայաստանի թիմից հունիսի 22-ին մեկնարկ են դուրս եկել 7 աթլետներ եւ փոխանցումավազքի քառյակը։

4x400 մետր խառը (կին, տղամարդ) փոխանցավազքում Հայաստանի թիմը 3։29.99 արդյունքով առաջինն է երկրորդ խմբում՝ 3 վայրկյանով հետ թողնելով Ադրբեջանի թիմին, որ այս խմբում երկրորդ տեղն է զբաղեցրել։

Գայանե Չիլոյանը կանանց 200 մետր վազքում 24.36 արդյունքով 4-րդ տեղն է զբաղեցրել։ Հեռացատկորդ Յանա Սարգսյանը 5.99 արդյունքով 3-րդն է, Էլլադա Ալավերդյանը խոչընդոտավազքում 11։02.54 արդյունքով՝ 6-րդը,  Մարի Սարգսյանն էլ 1500 մետր վազք մրցաձեւում ցույց է տվել 11-րդ արդյունքը (4։54.92):

Տղամարդկանց պայքարում Դավիթ Սարսգյանը 200 մետր վազքի Բ խմբում 5-րդն է 23.11 արդյունքով, Երվանդ Մկրտչյանը 5000 մետր վազքում զբաղեցրել է 5-րդ տեղը։ Նա ցույց է տվել 14։23.92 արդյունք։

Եվրոպական խաղերի երրորդ մրցումային օրը Հայաստանի թիմից պայքարը սկսել են հրաձիգները։ Տղամարդկանց 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձեւում Բենիկ Ավետիսյանը վաստակել է 573 միավոր (92,95,98, 95,96,97): 36 մասնակիցների մեջ Հայաստանի ներկայացուցիչը 20-րդն է։ Որակավորման փուլը հաղթահարում են լավագույն 8-ը։

Քիչ անց պայքարը կսկսի Հայաստանի առաջատար հրաձիգ, Փարիզ-2024 օլիմպիական ուղեգիր նվաճած Էլմիրա Կարապետյանը, որը կմրցի  10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձեւում։

Հիշեցնենք, որ Եվրոպական երրորդ խաղերը օլիմպիական վարկանիշային են հրաձիգների համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում