19:29  ,  19 մարտի, 2023

ԱԱ. Անուշ Գրիգորյանը քառորդ եզրափակիչում է

Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում:

50 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Գրիգորյանը մրցեց  Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Չորոնգ Բանի հետ եւ 5:2 հաշվով կամային հաղթանակ տարավ:

Առաջին երկու ռաունդներում երիտասարդների Եվրոպայի չեմպիոնը շատ ակտիվ էր, հարվածաշարերով անդադար հետապնդում էր մրցակցին, բայց նաեւ բաց թողնում հարվածներ: Մրցավարները երկու ռաունդներում էլ հաղթանակը տվեցին կորեացի մրցակցին: Երրորդ ռաունդում Անուշ Գրգիգորյանը  մենամարտն իր ձեռքը վերցրեց՝ վերադարձնելով առաջին երկու ռաունդներում կորցրած միավորները: Անուշ Գրիգորյանը քառորդ եզրափակիչում է:

Աշխարհի առաջնությունում  Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորած հավաքականից հաղթանակով էր մեկնարկել նաեւ Էլիդա Քոչարյանը: Պայքարը դեռ չեն սկսել Սոնա Հարությունյանը (63 կգ) եւ Անի Հովսեփյանը (70 կգ):

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմենամարտի Տայպեի ներկայացուցիչ Սու Չինգ-Վենի հետ:

Եվրոպայի գործող չեմպիոնը Անի Հովսեփյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Պան Զու (Չինաստան) - Շռուտի Յավադ (Հնդկաստան) զույգի հաղթողը:

6 բռնցքամարտիկով մասնակցող Հայաստանի թիմից երկուսը լքել են պայքարը: Գայանե Տեր-Բարսեղյանը 48 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել է Վենեսուելայի ներկայացուցիչ Տայոնիս Անաոնիս Ռայոս Կադեոսին: Եկատերինա Սիչեւան (54 կգ) պարտվել էր Ֆրանսիան ներկայացնող Դելֆին Մանչինիին եւ լքել պայքարը:

Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կավարտվի մարտի 26-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում