12:21  ,  5 հունվարի, 2023

Արսեն Հարությունյան. Եթե կնոջս տեղն ուրիշ աղջիկ լիներ, գուցե ես այլեւս սպորտով չզբաղվեի (ֆոտո, վիդեո)

2023 թվականին երազում եմ մեծահասակների աշխարհի չեմպիոն դառնալ: Անցած առաջնությունում իմ սխալի պատճառով պարտվեցի կիսաեզրափակիչում, բայց կգա ժամանակը, որ ես կհաղթեմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը:

Մրցաշրջան-2022-ը հաղթանակներով լի ստացվեց 23-ամյա ըմբիշի համար: Նա երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, ապա աշխարհի առաջնությունում դարձավ կրկնակի բրոնզե մեդալակիր, իսկ մրցումային տարվա վերջում երկրորդ անգամ նվաճեց աշխարհի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը: Այդ ընթացքում երիտասարդ չեմպիոնը նաեւ ամուսանացավ: Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Արսեն Հարությունյանի ամուսնության արարողությունը:

2022 թվականին Եվրոպայի կրկնակի չեմպիոնը իր մարզական կարիերայում արդեն երրորդ անգամ համալրեց տարվա լավագույն մարզիկների տասնյակը:

Արսեն Հարությունյանը NEWS.am Sport-ի համար ամփոփել է մրցաշրջան-2022-ը եւ պատմել 2023 թվականի մեծ երազանքի մասին:

Արսեն, ինչպիսի՞ն ստացվեց 2022 թվականը քեզ համար:

2022 թվականը շատ լավ տարի էր ինձ համար: Տարին սկսեցի հաղթանակով, կարողացա Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակվել, ինչի համար շատ ուրախ էի: Յուրաքանչյուր տարվա սկզբից ես պլանավորում եմ տարին, թե ինչ մրցաշարերի եմ մասնակցելու, ինչ եւ ինչպես եմ անելու: Այնպես, ինչպես ծրագրել էի 2022-ը, գրեթե ամբողջությամբ ստացվեց՝ բացառությամբ աշխարհի առաջնության:

Նպատակս ու ցանկությունս աշխարհի ոսկե մեդալն էր, բայց այս անգամ էլ բրոնզ ստացվեց:  Ուրախ եմ, որ կարողացա մեծահասակների աշխարհի առաջնությունում եւս մեկ մեդալ նվաճել: Չեմ կարող ասել, թե շատ լավ էր, բայց կարողացա պահպանել իմ նվաճումը: Մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում էլ ոսկե մեդալակիր դարձա եւ հռչակվեցի կրկնակի աշխարհի չեմպիոն:

Մեծ նվաճումներից բացի, 2022-ում նաեւ ամուսնացար...

Այո: Շատ էի սպասում այդ իրադարձությանը: Ձեռք եմ բերել կյանքի ընկեր: Ես նրան շնորհակալ եմ: Նա ինձ շատ լավ է հասկանում: Եթե նրա տեղն ուրիշ աղջիկ լիներ, գուցե ես այլեւս սպորտով չզբաղվեի: Նա այլ կերպ է ընդունում իմ ընտրությունը: Որքան ես եմ ուզում միշտ հաղթել, դրանից շատ ինքն է ուզում, որ ես հաղթեմ: Ինձ օգնում է: Ամուսնությունից հետո ամեն ինչ փոխվել է, այլ կերպ եմ ամեն ինչին նայում, մարզումներիս տրամադրվում:

Ստացվում է համատեղել ամուսնական կյանքն ու մարզական կարիերան: Եթե ցանկությունը կա, ամեն ինչ էլ հնարավոր է համատեղել:

Ի՞նչի համար ես ափսոսում 2022-ում:

Ափսոսում եմ միայն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ գոտեմարտիս համար, որտեղ չկարողացա լավ տրամադրվել եւ հաղթել: Իմ սխալի պատճառով էլի պարտվեցի եւ չեմ կարողանում իմ մեջ այդ պարտությունը հաղթահարել: Կգա ժամանակը, որ դա էլ կհաղթահարեմ եւ կհաղթեմ:

Ի՞նչ երազանք ես պահել 2023-ի համար:

Ամեն տարի Ամանորի գիշերը պահում եմ երազանք: Հավատում եմ, որ իրականանալու են եւ երազանքներիս մեծ մասը իրականանում է: 2023-ի մեծ երազանքս մեծահասակների աշխարհի չեմպիոն դառնալն է:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով