09:20  ,  2 դեկտեմբերի, 2022

Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրեց ծանրամարտի Հայաստանի թիմի կազմը ԱԱ-ում

Ուժեղ կազմով ենք մասնակցում ծանրամարտի  աշխարհի առաջնությանը։ Մեդալների սպասելիքներ ունենք։ Թիմը պատրաստ է։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը։

Դեկտեմբերի 5-16-ը Կոլումբիայում տեղի կունենա ծանրամարտի  աշխարհի առաջնությունը։

Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականներն այս շրջանում վերջին մարզումներն են անցնում մրցավայր մեկնելուց առաջ։ Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրել է տղամարդկանց հավաքականի կազմը եւ խոսել սպասելիքների մասին։

«Աշխարհի առսջնությանը ներկայանում ենք ուժեղ կազմով․ 89 կգ քաշային կարգ՝ Անդրանիկ Կարապետյան եւ Վարդան Մանուկյան, 96 կգ՝  Հակոբ Մկրտչյան եւ Դավիթ Հովհաննիսյան, 102 կգ՝  Սամվել Գասպարյան, +109 կգ՝ Վարազդատ Լալայան եւ Սիմոն Մարտիրոսյան։

Բարդ է լինելու, բայց մեդալային ակնկալիքներ ունենք։ Գերծանր քաշային կարգում հետաքրքիր պայքար է սպասվում, անակնկալ ենք սպասում։

Իրականում հայկական ծանրամարտը մեծ հեռանկար ունի։ Մաանավորապես, ազգային  հավաքականի փոխարինող սերունդը, երիտասարդները մեծ հեռանկարներ ունեն։ Ամենակարեւորը՝ արդյունքներն աճում են, չեն նվազում։ Վստահ եմ, որ շատ մոտ ապագայում կկարողանանք նաեւ ձեռնոց նետել Լաշա Տալախաձեին։  Նա իսկապես ուղենիշ է, որովհետեւ շատ ուժեղ մարզիկ է։

Թիմը պատրաստ է աշխարհի առաջնությանը։ Ծանրամարտը վնասվածքներով լի մարզաձեւ է, բոլորը գիտեն։ Այս պահին տղաները որեւէ լուրջ խնդիրներ, վնասվածքներ  չունեն։ Ըստ նախանշված ծրագրի, բոլոր ուսումնամարզական հավաքները ամբողջական անցնել ենք: Թիմում կա առողջ մթնոլորտ:

Մեր նպատակը Փարիզ-2024-ում երեք տղամարդ, երեք կին մասնակից ունենալն է։ Կարծում եմ, որ երեքական ուղեգրերը մեզ համար լուծելի խնդիր է։

Աշխարհի առաջնությունից հետո կնախապատրաստվենք Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Երեւանում»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր երկիր ամեն քաշային կարգում երկու մասնակցի իրավունք ունի:

Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմաանակցի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով