15:23  ,  24 հոկտեմբերի, 2012

Ալեքսանդր Ելագին. Շատ ուրախ եմ Հայաստանի համար, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստներ է տալիս

«Ես շատ ուրախ եմ Հայաստանի համար, որ այսպիսի հարձակվողներ է աճեցնում: Մեզ մոտ էլ խաղում է Յուրա Մովսիսյանը, ով նույնպես շատ գոլեր է խփում: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի հավաքականում խաղում էն շատ լավ հարձակվողներ, որոնք շատ պահանջված են»: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «НТВ плюс» հեռուստաըներության մարզական մեկնաբան Ալեքսանդր Ելագինը:

Պարոն Ելագին, Դուք երեկ մեկնաբանում էիք Չեմպիոնների լիգայի «Շախտյոր» - «Չելսի»  հանդիպումը: Խաղի մեկնարկից առաջ կարո՞ղ էիք պատկերացնել, որ «Շախտյորը»  կարող է հաղթել գործող գավաթակրին:

Ես պատկերացնում էի, որ սա լինելու է Չեմպինոների լիգայի խմբային փուլի այս տուրի առաջին օրվա կենտրոնական հանդիպումը: Ես այդ մասին ասացի նաեւ եթերի ժամանակ: Առաջին հերթին խաղը վճռորոշ էր «Շախտյորի»  համար: Թիմն այժմ հավաքեց յոթ միավոր: Երկու շաբաթ հետո Լոնդոնում տեղի կունենա պատասխան հանդիպումը, եւ եթե լավ խաղ ստացվի, ապա ուկրաինական թիմը հարյուր տոկոսով 1/8 եզրափակիչի մասնակից է: Երկրորդ հերթին, հետաքրքիր էր տեսնել, թե ինչ տեսք ունի «Շախտյորը» ուժեղ մրցակցի դեմ խաղալիս: Լուչեսկուի թիմը Ուկրաինայի առաջատարն է եւ պետք է խաղար Չեմպիննորի լիգայի գործող չեմպիոնի հետ: Եվ երրորդը, ցանկություն կար դիտելու «Շախտյորի»  առաջատար ֆուտբոլիստների խաղը, ում մասին վերջերս անընդհատ գրում է եվրոպական մամուլը: Նույն Մխիթարյանը, ով արդեն 14  գնդակ է խփել Ուկրաինայի առաջնությունում, Վիլիանը, ով հետաքրքրել էր «Չելսիին»: Ինձ ոչ թե զարմացրեց «Շախտյորի»  հաղթանակը, այլ այն թե ինչպես նրանք դա արեցին: Հյուրերը գրեթե չստեղծեցին վտանգավոր պահեր: Մեկ անգամ դաշտի տերերը բաց թողեցին Ազարին, եւ խաղավերջում Օսկարը դարձավ գոլի հեղինակ: Իսկ այլ պահեր կարելի է ասել չեղան:

Ինչի՞ շնորհիվ «Շախտյորը»  հեշտությամբ հաղթեց «Չելսիին»:

Ես չէի ասի, թե հեշտությամբ: Բավական ջանք գործադրեց: Այստեղ ոչ թե հեշտության մասին է պետք մտածել, այլ հոյակապ կազմակերպված խաղի: Լուչեսկուն տակտիկապես գերազանցեց Դի Մատեոյին: «Շախտյորը»  ուներ հզոր բռունցք դաշտի կենտրոնական մասում: Մխիթարյանը գրեթե խաղում էր կիսապաշտպանությունում: Այդ ուժեղ զսպանակի խնդիրը «Չելսիի» ուժեղ կիսապաշտպանական գոտուն դիմակայելն էր եւ արագ հարձակումներին անցնելը: «Շախտյորի»  ամբողջ կիսապաշտպանական գոտին շատ լավ խաղաց: Մխիթարյանը մի քանի գոլային պահեր ունեցավ: Շատ վատ խաղացին անգլիացիների պաշտպանները: Դավիդ Լուիսը ձախողեց հանդիպումը: Թերին նույնպես լավ չխաղաց: Այս խաղում ամեն ինչ օբյեկտիվ էր:

Ո՞ր թիմերը դուրս կգան խմբից:

Կարծում եմ՝ «Շախտյորն»  ու «Չելսին», քանի որ «Յուվենթուսը» երեկ երկու միավոր կորցրեց «Նորդշելանդի» հետ խաղում: Ես խաղից առաջ ասում էի, որ պետք չէ թերագնահատել Դանիայի չեմպիոնին: Թուրինյան թիմն օգնեց իր մրցակիցներին` երրորդ խաղն անընդմեջ ոչ ոքի խաղալով: «Շախտյորը» դեռ պետք է խաղա «Յուվենթուսի» հետ, բայց խաղը տեղի է ունենալու Դոնեցկում, այստեղ  սեփական դաշտում խաղալու գործոնը շատ կարեւոր է: Եթե նոյեմբերին «Շախտյորը»  կարողանա միավոր վաստակել Լոնդոնում, ապա այստեղ ամեն ինչ հստակ կլինի:

Ի՞նչ կասեք Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին:

Ես շատ ուրախ եմ Հայաստանի համար, որ այսպիսի հարձակվողներ է աճեցնում: Մեզ մոտ էլ խաղում է Յուրա Մովսիսյանը, ով նույնպես շատ գոլեր է խփում: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի հավաքականում խաղում էն շատ լավ հարձակվողներ, որոնք շատ պահանջված են: Կարեւորը, որ նրանք կանգ չառնեն, քանի որ երեւում է, թե ինչպիսի պոտենցիալ ունի Հենրիխ Մխիփթարյանը: Նա շատ խելացի ֆուտբոլիստ է: Երեկ նա լավագույներից մեկն էր դաշտում: Անընդհատ աչքի էր ընկնում: Եվ պաշտպանվում էր եւ հարվածներ կատարում: Նրա արդյունքը խոսուն է` 14 գոլ: Իհարկե, Ուկրաինայի առաջնությունը Լա լիգա չէ, անգամ Ռուսաստանի առաջնություն չէ, բայց այնուամենայնիվ 12 տուրում խփել 14 գնդակ` հոյակապ արդյունք է :

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով