16:06  ,  6 հոկտեմբերի, 2022

Արցախցի Էրիկ Առստամյան․ Առաջին մեծ երազանքս իրականացավ, դարձա Եվրոպայի չեմպիոն

Առաջին մեծ երազանքս իրականացավ, դարձա Եվրոպայի չեմպիոն: Նպատակս էր հաղթել, որ այս դժվար շրջանում բոլորն ուրախանան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Իտալիայից ասաց բռնցքամարտի ավագ տարիք պատանիների Եվրոպայի նորընծա չեմպիոն Էրիկ Առստամյանը:

Իտալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում պատանի բռնցքամարտիկը 52 կգ քաշային կարգի եզրափակիչում պարտության մատնեց անգլիացի Լեյթոն Բիրչոլին եւ դարձավ ոսկե մեդալակիր:

Էրիկ Առստամյանն 15 տարեկան է, Արցախից է: Բռնցքամարտով սկսել է զբաղվել 7 տարեկանից: Մարզվում է Ստեփանակերտում:  2021 թվականի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր է: 

Էրիկ, շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ: Սպասվա՞ծ էր հաղթանակդ:

Շատ շնորհակալ եմ: Այո, իսկապես սպասված էր: Շատ էի մարզվել: Միայն չեմպիոն դառնալու համար էի մարզվում: Նպատակս դա էր: Վստահ էի, որ կկարողանամ հասնել իմ նպատակին եւ նվաճել ոսկե մեդալ:

4 մենամարտ անցկացրիր: Ո՞րը կառանձնացնես:

Բոլոր մենամարտերս բարդ էին, ուժեղ մրցակիցներ ունեի: Շատ բարդ ստացվեց կիսաեզրափակիչը եւ եզրափակիչը: Կիսաեզրափակիչում հաղթեցի իռլանդացի Ջոն Հարթին, եզրափակիչում՝ անգլիացի  Լեյթոն Բիրչոլին: Տեխնիկապես եւ ֆիզիկապես լավ պատրաստված էին: Դժվար տրվեցին այդ երկու հաղթանակները, բայց դժվարությունները հաղթահարելու համար են:

Անցած տարի նվաճել էի բրոնզե մեդալ: Այս տարի նպատակ էի դրել, որ պետք է հաղթեմ:

Ի՞նչ զգացողություններ ունեցար պատվո հարթակին, երբ քո պատվին հնչում էր Հայաստանի հիմնը:

Առաջին անգամ եմ այսպիսի մեծ մրցաշարում հաղթող դառնում: Շատ լավ զգացողություններ էին: Շատ ուրախ էի: Հպարտ էի, որ ամբողջ Հայաստանը եւ Արցախը մեզ է նայում, մենք էլ կարողացանք բոլորին մեր հաղթանակով ուրախացնել: Առաջին նպատակս դա էր, որ այս դժվար շրջանում կարողանանք բոլորին ուրախացնել:

Քանի՞ տարեկանից ես զբաղվում բռնցքամարտով եւ ո՞ւմ խորհրդով:

7 տարեկանից եմ զբաղվում բռնցքամարտով: Սկզբում ֆուտբոլի էի հաճախում, հետո ընտրեցի բռնցքամարտը: Հենց սկզբից մարզվել եմ Արցախի ֆեդերացիայի նախագահ, վաստակավոր մարզիչ Նարեկ Աբրահամյանի մոտ: Հիմա 15 տարեկան եմ եւ արդեն որոշել եմ, որ շարունակելու եմ բռնցքամարտով:

Ո՞րն է մեծ երազանքդ մեծ սպորտում:

Երազանքս իրականացավ: Երազում էի այս մրցաշարում Եվրոպայի չեմպիոն դառնալ: 9 տարի մարզվում եմ եւ երազանքների հերթականություն եմ սահմանել ինձ համար. առաջինը Եվրոպայի չեմպիոն դառնալն էր: Այսպես մինչեւ մեծահասակներ, կփորձեմ դառնալ Եվրոպայի չեմպիոն, հետո աշխարհի, հետո Օլիմպիական խաղեր եւ պրոֆեսիոնալ ռինգ: Այս հաղթանակն իմ առաջին ամենամեծ քայլն էր, որ պետք է անեի: Մեծ սպորտում մեծ երազանքս օլիմպիական չեմպիոն եւ պրոֆեսիոնալ ռինգում աշխարհի չեմպիոն դառնալն է: Ամենալավ բռնցքամարտիկները օլիմպիական չեմպիոններն են:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս