19:23  ,  18 սեպտեմբերի, 2022

ԱԱ. Արսեն Հարությունյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Սերբիայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը գերլարված պայքարում հաղթեց սփոփիչ գոտեմարտում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:

Միակ սփսոփիչ գոտեմարտում Հարությունը մրցեց 2022 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ալբանացի Իսլամ Դուդաեւի հետ եւ համառ պայքարում հաղթեց 12:11 հաշվով:

Առաջին մրցափուլում Հարությունյանը պարտվում էր 3:5 հաշվով: Երկրորդ մրցափուլում ալբանացի մրցակիցը հաշվի մեջ մեծ առավելություն ուներ: Աշխարհի բրոնզե մեդալակիրը վերջին վայրկյաններին 6:11 հաշվով պարտվելիս, հարմար բռնվածքով հաշիվը դարձրեց 11:10: Գոտեմարտի ժամանակն ավարտվեց Արսենի 3-րդ գլորման ժամանակ, բայց մրցավարը միավոր տվեց միայն երկու գլորումներին: Երրորդ գլորումը ոչ ամբողջական էր: Հաբեթնակ Կուրղինյանը բողոքարկեց: Մրցավարները բավարարեցին բողոքարկումը քանի որ երրորդ գլորումը հատել էր 45 աստիճանի սահմանը: Հաշիվը դարձավ 12:11՝ Արսեն Հարությունյանի հաղթանակով:

Եվրոպայի կրկնակի չեմպիոնը աշխարհի առաջնության իր երկրորդ բրոնզե մեդալը կվիճարկի ԱՄՆ ներկայացուցիչ Սեթ Էնթոնի Գրոսի հետ:

Հարությունյանը  61 կց քաշայինների քառորդ եզրափակիչում 0:10 հաշվով  պարտվել էր Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուտիին, որը դուրս է եկել եզրափակիչ։  Եվրոպայի կրկնակի չեմպիոնը բրոնզե մեդալի պայքարի համար մեկ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի՝ մրցելով 2022 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ալբանացի Իսլամ Դուդաեւի հետ։

Հարությունյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 12:2 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջահոնգիրմիրզա Տուրոբովի նկատմամբ։ Գոտեմարտը տեւել էր  2 րոպե։

Երրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Վազգեն Թեւանյանը մեկ սփոփիչ գոտեմարտ հաղթելուց հետո պարտվեց երկրորդ սփոփիչում:

Աշխարհի գավաթակիրը առաջին սփոփիչ գոտեմարտում հաղթեց  աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, բուլղարացի Վլադիմիր Դուբովին, երկրորդ սփոփիչ գոտեմարտում 6:7 հաշվով պարտվեց Հնդկաստանի ներկայացուցիչ Բաջրանգ Բաջրանգին եւ լքեց պայքարը:

Հիշեցնենք, որ Թեւանյանը մեկնարկային 1/16 եզրափակիչում Ջոն Մայքլ Դիակոմիհալիսիին պարտվել էր կողմնակալ մրցավարության պայմաններում: ԱՄՆ ներկայացուցիչը դուրս էր եկել եզրափակիչ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում