15:51  ,  12 հուլիսի, 2022

Արմեն Բաբալարյան․ Ամեն ինչ պետք է անենք, որ այս վիճակից դուրս գանք եւ մեր ժողովրդին ուրախացնենք հաղթանակներով

Մեծ պատասխանատվություն է գլխավորել ազգային հավաքականը: Ամեն ինչ պետք է անենք, որ այս վիճակից դուրս գանք եւ մեր ժողովրդին ուրախացնենք հաղթանակներով: Չեմ խոստանում մեծ հաղթանակներ, բայց խոստանում եմ դրանց հասնելու համար անել ամեն ինչ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Հուլիսի 12-ին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչին, որը փոխարինեց Էդուարդ Սահակյանին:

«Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքի եւ այս վստահության համար: Այն ժառանգությունը, որ ստանում եմ Էդուարդ Սահակյանից, իմ ժառանգությունն է (ծիծաղում է): Հավաքականի բոլոր անդամներն էլ իմ սաներն են եղել: Բացի այդ, ես մշտապես ազգային հավաքականի կողքին եմ եղել, մարզումներին, հավաքներին մասնակցել:

Լավ լինի, գոհ կլինեմ, վատ լինի, ես եմ մեղավոր լինելու: Սպասելիքներ կան, պետք է արդարացնենք: Պետք է միայն աշխատենք, այլ տարբերակ չկա: Պատասխանատվությունը մեծ է: Ամեն ինչ պետք է անենք, որ այս վիճակից դուրս գանք, մեր հաղթանակներով փորձենք ուրախացնել մեր ազգին: Կարող եմ միայն խոստանալ, որ անելու եմ ամեն ինչ, որպեսզի շարունակենք ունենալ մեծ հաղթանակներ:

Առջեւում աշխարհի առաջնությունն է, բոլորս միասնական, թիմային աշխատանքով պետք է փորձենք լավ արդյունքներ գրանցել: Հուսամ, ամեն ինչ լավ կլինի: Չեմ խոստանում մեծ հաղթանակներ, բայց խոստանում եմ, որ դրա համար կանեմ ամեն ինչ»,- ասաց Արմեն Բաբալարյանը:

54-ամյա մասնագետը մարզչական գործունեությունը սկսել 1995 թվականից: 2005-ից  գլխավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը: Այս տարիների ընթացքում երիտասարդ մարզիկները աշխարհի և Եվրոպայի առաջնություններից Հայաստան են վերադարձել մի քանի տասնյակ ոսկե և այլ հարգի մեդալներով: Այդպես երիտասարդների ավագ մարզիչի պաշտոնում վերջին մրցաշարում՝ հունիսի 27-29-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացված երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմը նվաճեց 4 մեդալ՝  1 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե. ոսկե մեդալակիր՝ Սուրեն Աղաջանյան (60 կգ), արծաթե մեդալակիր՝ Աշոտ Խաչատրյան (67 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Վիգեն Նազարյան (87 կգ)  եւ Ալբերտ Վարդանյան (130 կգ):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս