16:49  ,  13 մայիսի, 2022

Դավիթ Չալոյան. Պատասխանատվությունն ավելի մեծ է, բոլորը սպասելու են հաղթանակի

Պատասխանատվությունն ավելի մեծ է, որ Եվրոպայի առաջնությունը մեր երկրում է անցնելու. բոլորը սպասելու են հաղթանակի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտի 2021 թվականի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:

+92 կգ քաշային Չալոյանը Հայաստանի հավաքականի հետ պատրաստվում է Երեւանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:

«Աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսն ինձ մեծ վստահություն է տալիս, որ Երեւանում Եվրոպայի առաջնությանն ավելի լավ հանդես գամ: Ամեն ինչ պետք է անենք, որ մեր երկրի պատիվը բարձր պահենք:

Հավաքներից առաջ մասնակցեցի Սերբիայի մրցաշարին, որտեղ լավ հանդես եկա, ճանաչվեցի մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ: Այդ մրցաշարից հետո մանսակցել եմ Ծաղկաձորի հավաքին: Այժմ վերջին մարզումներն ենք անցնում: Այս պահին արդեն բավական լավ մարզավիճակ ունեմ: Մինչեւ Եվրոպայի առաջնություն կփորձեմ ավելի բարելավել մարզավիճակս»,- նշեց Դավիթ Չալոյանը:

Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա մայիսի 21-30-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում