15:56  ,  13 մայիսի, 2022

Կարեն Աղամալյան․ Թիմի առաջատարներից Կարեն Տոնականյանը ոտքի վնասվածք է ստացել

Բռնցքամարտիկները մեծ պատասխանատվությամբ են մոտենում Եվրոպայի առաջնությանը: Ցավոք, չկարողացանք խուսափել վնասվածքներից: Այսօր թիմի առաջատարներից Կարեն Տոնականյանը ոտքի վնասվածք ստացավ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Մայիսի 21-30-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանն առաջին անգամ է մեծահասակների Եվրոպայի առաջնություն ընդունելու: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 8-ից Երեւանի Օլիմպավանում անցկացնում է վերջին հավաքը ԵԱ-ից առաջ։ Մասնակցում է 26 բռնցքամարտիկ:

NEWS.am Sport-ի թղթակիցը ներկա է եղել մարզումներից մեկին, որին մասնակցում էին նաեւ Ուկրաինայի հավաքականի անդամները: Կարեն Աղամալյանը տեղեկացրեց, որ վերջին հավաքը փակ է, բայց քանի որ արդեն Երեւանում է Ուկրաինայի թիմը, մարզիչների հետ որոշել են մի քանի համատեղ մարզում անցկացնել սփարինգ մենամարտերի համար:

Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականների անդամները Կարեն Աղամալյանի, մյուս մարզիչների, անձնական մարզիչների եւ Ուկրաինայի թիմի մարզիչների գլխավորությամբ հաջորդաբար մենամարտեր են անում ռինգում, անհատական աշխատում մարզիչների հետ, առանձին մարզվում հարվածային տեխնիկայի վրա: Քանի որ Օլիմպավանի մարզադահլիճը փոքր է, մարզիչների որոշմամբ մարզումները երկու խմբով են անցնում՝ առաջին խմբում ցածր քաշերն են, երկրորդում՝ բարձր: 

Մայիսի 13-ին մարզման ընթացքում ոտքի վնասվածք ստացավ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը:

«Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլը սկսեցինք Սերբիայի միջազգային մրցաշարից, որին մասնակցեց այն բռնցքամարտիկները, որոնց նախատեսնում ենք  ընդգրկել Եվրոպայի առաջնության կազմ: Տղաներն այնտեղ լավ հանդես եկան, յուրաքանչյուրը երկու-երեք մենամարտ ոանցկացրեց, երկու չեմպիոն ունեցանք: Այստեղ ինձ համար մեդալներն այդքան կարեւոր չէին։ Ցանկանում էի տեսնել նրանց մարզավիճակը: Սերբիայի մրցաշարից հետո երկու շաբաթ հավաք ունեցանք Ծաղկաձորում։ Այն ուղղված էր ընդհանուր ֆիզպատրաստությանը: Ծաղկաձորի հավաքին հրավիրեցի երկու ծանր քաշ Լիտվայի թիմից: Ծանր քաշերում սփարինգ մրցակիցների խնդիր ունենք, մասնավորապես Դավիթ Չալոյանը սփարինգի համար չուներ համապատասխան քաշի զուգընկեր: Նրա հետ աշխատեցին Լիտվայի, ինչպես նաեւ Իսրայելի հավաքականից հրավիրված բռնցքամարտիկներ:

Երեւանում վերջին փուլն ենք անցնում: Այս պահին վատ մարզավիճակում չեն տղաները: Մինչ այս պահը վնասվածքներ չունեինք, բայց այսօր Կարեն Տոնականյանը ոտքի վնասվածք ստացավ մարզման ընթացքում: Նա թիմի առաջատարներից մեկն է: Ցավոք, սա է վիճակը: Բուժզզնում կանցնի, կհասկանանք՝ կկարողանա մասնակցել, թե ոչ: Եթե վնասվածքը լուրջ լինի, մենք ունենք այդ քաշային կարգում նրան փոխարինող: Ամեն դեպքում՝ Կարեն Տոնականյանը մեր առաջատարներից մեկն է»,- ասաց Կարեն Աղամալյանը:

Երեւանյան հավաքին Հայաստանի թիմին է միացել նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը, որի մասնակցությունը դեռ հարցականի տակ է վնասվածքի պատճառով:

«Հովհաննես Բաչկովի մասնակցության հարցը եւս պարզ չէ: Առաջիկա օրերին այդ հարցն էլ կլուծվի: Այս պահին ոչինչ հստակ չեմ կարող ասել: Ինչպես տեսնում եք՝ նա թիմի հետ լուրջ պատրաստվում է»,- նշեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Կարեն Աղամալյանի խոսքով, հավաքականի անդամները մեծ պատասխանատվությամբ են մոտենում Եվրոպայի առաջնությանը:

«Տղաների տրամադրությունը բարձր է: Մեծ պատասխանատվություն են զգում. գիտակցում են, որ Երեւանում է Եվրոպայի առաջնությունը  եւ, այդ առումով, պարտականությունը շատ մեծ է: Ամենայն լրջությամբ պատրաստվում են: Իմ տրամադրությունն էլ է լավ: Դեռ մեկ շաբաթ ունենք աշխատելու եւ այդ մեկ շաբաթվա ընթացքում տղաների մարզավիճակը ավելի կբարձրանա»,- հավելեց Կարեն Աղամալյանը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը առաջիկա օրերին կհայտարարի  կազմը, որը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս