Հովհաննես Բաչկովը շատ է ցանկանում մասնակցել Երեւանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը, բայց դեռ վնասվածք ունի եւ այս պահին դեռ հայտնի չէ՝ կկարողանա մասնակցել, թե ոչ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Մայիսի 21-31-ը Երեւանում կանցկացվի բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ այս օրերին Ծաղկաձորում նախավերջին ուսումնամարզական հավաքն է անցնում Լիտվայի եւ Իսրայելի հավաքակաների հետ: Հավաքին մասնակցում է Հայաստանի հավաքականի ամբողջական կազմը, բացառությամբ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի:
Պարոն Աղամալյան, ծաղկաձորյան հավաքը Եվրոպայի առաջնության նախապատրաստական շրջանի նախավերջին փուլն է: Ովքե՞ր են ընդգրկված Հայաստանի հավաքականի կազմում հավաքում:
Հավաքը մեկնարկել է ապրիլի 20-ից: Ծաղկաձորի հավաքն ուղղված է ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությանը: Հավաքին մասնակցում են Լիտվայի եւ Իսրայելի հավաքականների անդամներ: Ընդհանուր 26 բռնցքամարտիկ է հավաք անցնում: Համատեղ հավաք է, նորմալ է անցնում՝ ըստ մեր ծրագրի: Հատուկ է ընտրված Ծաղկաձորրը այս փուլի համար, բայց եղանակի հետ կապված խնդիրներ ունենք. հուսանք կկարգավորվի առաջիկա օրերին: Հավաքը կավարտենք մայիսի 2-ին եւ կվերադառնանք Երեւան: Հաջորդ՝ վերջին փուլը կանցնենք Երեւանում մայիսի 7-ից 20-ը: Երեւանում արդեն կկենտրոնանանք կոնկրետ մենամարտերի, բռնցքամարտի վրա:
Հայաստանի հավաքականից հավաքին մասնակցում է 26 բռնցքամարտիկ։ 13-ը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այսինքն՝ բոլոր քաշային կարգերում ներկայացուցիչ կունենանք:
Հովհաննես Բաչկովը մասնակցու՞մ է հավաքին եւ մասնակցելո՞ւ է Եվրոպայի առաջնությանը:
Այս հավաքին Բաչկովը չի մասնակցում, քանի որ ձեռքի վնասվածք ունի: Այս քանի օրը պարզ կլինի, թե վնասվածքը որքան լուրջ է եւ թույլ կտա նրան մասնակցել Եվրոպայի առաջնությանը, թե ոչ: Եթե ամեն ինչ նորմալ լինի, նա կմիանա թիմին երեւանյան հավաքում: Հովհաննես Բաչկովը շատ է ցանկանում մասնակցել:
Եթե վնասվածքը խանգարի, ո՞վ կփոխարինի նրան իր քաշային կարգում:
Հայաստանի չեմպիոնը կմասնակցի նրա քաշում՝ Նարեկ Հովհաննիսյանը:
Լիտվայի եւ Իսրայելի հավաքականներն ամբողջական կազմո՞վ են մասնակցում հավաքին: Ի՞նչ կարգով են ընտրվել այդ երկրների թիմերը համատեղ հավաքի համար:
Ոչ, ամբողջական կազմով չեն: 5 բռնցքամարտիկ Լիտվայից է, 4-ը՝ Իսրայելից: Մեզ համար լավ է այս համադրությունը, քանի որ, օրինակ, Լիտվայից 3 բռնցքամարտիկ ծանր քաշերի ներկայացուցիչներ են: Մեզ շատ են օգնում, որովհետեւ ծանր քաշերում Դավիթ Չալոյանը, Նարեկ Մանասյանը սփարինգ զուգընկերներ չունեն: Մենք միշտ այս քաշերոմ սփարինգ զուգընկերների խնդիր ենք ունեցել:
Շատ առաջարկներ ենք ստացել տարբեր երկրներից, որոնք ցանկացել են Հայաստանում համատեղ հավաք անցնել մեր թիմի հետ ամբողջական կազմերով: Ես հրաժարվել եմ ամբողջական կազմերով թիմեր ընդունել: Ուսումնասիրել ենք ցանկություն հայտնող թիմերի կազմերը, համաձայնության ենք եկել այն երկրների հավաքականների հետ, որոնք մի քանի բռնցքամարտիկ են ուղարկել հավաքի համար: Շեշտը դրել են մեզ օգտակար քաշերի ներկայացուցիչներ ունենալու վրա:
Այս բռնցքամարտիկները մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը: Երկկողմ օգտակար աշխատանք ենք անում, ուղղակի ինձ համար կարեւոր էր, որ խնդրային քաշերի ներկայացուցիչներ ունենայինք համատեղ հավաքներում:
Երեւանում հավաքն ինչպե՞ս եք նախատեսնում անցկացնել: Նախկինում նշել էիք, որ վերջին հավաքը փակ է լինելու:
«Օլիմպավանում» ենք անելու վերջին հավաքը: Ինչպես նախատեսել էի՝ փակ կանենք: Եթե թիմեր կլինեն, որոնք կցանկանանք մեկ-երկու բռնցքամարտիկով համատեղ անցկացնել հավաքը, կհամաձայնենք, եթե ամբողջական կազմերով՝ ոչ: Առանձին կանենք մեր հավաքը:
Պարոն Աղամալյան, այս պահին ընդհանուր թիմի մարզավիճակը, բռնցքամարտիկների տրամադրություններն ինչպիսի՞ն են:
Այս պահի համար բավարար մարզավիճակ ունենք: Ամեն ինչ լավ է ընթանում, վնասվածքներ չունենք: Տրամադրությունները՝ մեծ պատասխանատվություն. այն, որ Եվրոպայի առաջնությունը Հայաստանում, Երեւանում է տեղի ունենալու, մեծ պատասխանատվություն է յուրաքանչյուրի համար եւ բոլորն էլ զգում են դա: Այժմ պատրաստ ենք այնքան, որքան այս պահին մեզ անհրաժեշտ է: Աստիճանաբար կհասնենք գագաթնակետին մայիսի 22-ին, 23-ին: Մենամարտերը սկսվում են մայիսի 23-ից:
Դուք ինչպե՞ս եք տրամադրված: Ձեզ վրա ինչպե՞ս է անդրադառնում պատասխանատվությունը: Կա՞ լարվածություն:
Լարվածություն որպես այդպիսին չկա, բայց կա մտածմունք: Մտածում եմ ամբողջ օրը (ծիծաղում է): Ռուսը մի լավ խոսք ունի՝ «дома и стены помогают», ես հավելում եմ՝ տանը եւ լարվածությունն է խանգարում: Դա էլ կա:
Արդեն հայտնի՞ է, թե քանի երկիր է մասնակցելու: Ադրբեջանի հավաքականը մասնակցելո՞ւ է:
Դեռ տեղյակ չեմ՝ քանի երկիր է մասնակցելու: Ադրբեջանի հավաքականի մասնակցության մասին եւս հստակ տեղեկություն չունեմ: Ես զրուցել եմ Ադրբեջանի հավաքականի մարզիչների հետ: Նրանք ցանկանում են մասնակցել, բայց զրույցների ընթացքում ասել են, որ իրենց որոշելիքը չի: Իմ կարծիքով՝ Թուրքիան կգա, Ադրբեջանը, երեւի, ոչ: Չեմ կարող ասել, թե անվտանգության ինչ երաշխիքներ են տալու նրանց: Մարզիչների հետ զրուցել եմ տարբեր մրցաշարերի ժամանակ եւ նրանք հայտնել են, որ ցանկանում են մասնակցել. բայց իրենց խոսքով, «վերեւներն» են որոշելու: Ռուսաստանը, Բելառուսը չեն մասնակցելու:
Ի՞նչ սպասելիքներ ունեք:
Տղաների 90 տոկոսը, շատ հնարավոր է, մեդալակիրներ դառնան, բայց նույն հաջողությամբ շատ հնարավոր է՝ այդ 90 տոկոսը մեդալ չնվաճեն: Ոչինչ չենք կարող կանխատեսել:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում