Կարեն Աղամալյան․ Բաչկովը շատ է ցանկանում մասնակցել ԵԱ-ին, բայց դեռ վնասվածք ունի

09:07   27 ապրիլի, 2022

Հովհաննես Բաչկովը շատ է ցանկանում մասնակցել Երեւանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը, բայց դեռ վնասվածք ունի եւ այս պահին դեռ հայտնի չէ՝ կկարողանա մասնակցել, թե ոչ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Մայիսի 21-31-ը Երեւանում կանցկացվի բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ այս օրերին Ծաղկաձորում նախավերջին ուսումնամարզական հավաքն է անցնում Լիտվայի եւ Իսրայելի հավաքակաների հետ: Հավաքին մասնակցում է Հայաստանի հավաքականի ամբողջական կազմը, բացառությամբ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի:

Պարոն Աղամալյան, ծաղկաձորյան հավաքը Եվրոպայի առաջնության նախապատրաստական շրջանի նախավերջին փուլն է: Ովքե՞ր են ընդգրկված Հայաստանի հավաքականի կազմում հավաքում:

Հավաքը մեկնարկել է ապրիլի 20-ից: Ծաղկաձորի հավաքն ուղղված է ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությանը: Հավաքին մասնակցում են Լիտվայի եւ Իսրայելի հավաքականների անդամներ: Ընդհանուր 26 բռնցքամարտիկ է հավաք անցնում: Համատեղ հավաք է, նորմալ է անցնում՝ ըստ մեր ծրագրի: Հատուկ է ընտրված Ծաղկաձորրը այս փուլի համար, բայց եղանակի հետ կապված խնդիրներ ունենք. հուսանք կկարգավորվի առաջիկա օրերին: Հավաքը կավարտենք մայիսի 2-ին եւ կվերադառնանք Երեւան: Հաջորդ՝ վերջին փուլը կանցնենք Երեւանում մայիսի 7-ից 20-ը: Երեւանում արդեն կկենտրոնանանք կոնկրետ մենամարտերի, բռնցքամարտի վրա:

Հայաստանի հավաքականից հավաքին մասնակցում է 26 բռնցքամարտիկ։ 13-ը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այսինքն՝ բոլոր քաշային կարգերում ներկայացուցիչ կունենանք:

Հովհաննես Բաչկովը մասնակցու՞մ է հավաքին եւ մասնակցելո՞ւ է Եվրոպայի առաջնությանը:

Այս հավաքին Բաչկովը չի մասնակցում, քանի որ ձեռքի վնասվածք ունի: Այս քանի օրը պարզ կլինի, թե վնասվածքը որքան լուրջ է եւ թույլ կտա  նրան մասնակցել Եվրոպայի առաջնությանը, թե ոչ: Եթե ամեն ինչ նորմալ լինի, նա կմիանա թիմին երեւանյան հավաքում: Հովհաննես Բաչկովը շատ է ցանկանում մասնակցել:

Եթե վնասվածքը խանգարի, ո՞վ կփոխարինի նրան իր քաշային կարգում:

Հայաստանի չեմպիոնը կմասնակցի նրա քաշում՝ Նարեկ Հովհաննիսյանը:

Լիտվայի եւ Իսրայելի հավաքականներն ամբողջական կազմո՞վ են մասնակցում հավաքին: Ի՞նչ կարգով են ընտրվել այդ երկրների թիմերը համատեղ հավաքի համար:

Ոչ, ամբողջական կազմով չեն:  5 բռնցքամարտիկ Լիտվայից է, 4-ը՝  Իսրայելից: Մեզ համար լավ է այս համադրությունը, քանի որ, օրինակ, Լիտվայից 3 բռնցքամարտիկ ծանր քաշերի ներկայացուցիչներ են: Մեզ շատ են օգնում, որովհետեւ ծանր քաշերում Դավիթ Չալոյանը, Նարեկ Մանասյանը սփարինգ զուգընկերներ չունեն: Մենք միշտ այս քաշերոմ սփարինգ զուգընկերների խնդիր ենք ունեցել:

Շատ առաջարկներ ենք ստացել տարբեր երկրներից, որոնք ցանկացել են Հայաստանում համատեղ հավաք անցնել մեր թիմի հետ ամբողջական կազմերով: Ես հրաժարվել եմ ամբողջական կազմերով թիմեր ընդունել: Ուսումնասիրել ենք ցանկություն հայտնող թիմերի կազմերը, համաձայնության ենք եկել այն երկրների հավաքականների հետ, որոնք մի քանի բռնցքամարտիկ են ուղարկել հավաքի համար: Շեշտը դրել են մեզ օգտակար քաշերի ներկայացուցիչներ ունենալու վրա:

Այս բռնցքամարտիկները մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը: Երկկողմ օգտակար աշխատանք ենք անում, ուղղակի ինձ համար կարեւոր էր, որ խնդրային քաշերի ներկայացուցիչներ ունենայինք համատեղ հավաքներում:

Երեւանում հավաքն ինչպե՞ս եք նախատեսնում անցկացնել: Նախկինում նշել էիք, որ վերջին հավաքը փակ է լինելու:

«Օլիմպավանում» ենք անելու վերջին հավաքը: Ինչպես նախատեսել էի՝ փակ կանենք: Եթե թիմեր կլինեն, որոնք կցանկանանք մեկ-երկու բռնցքամարտիկով համատեղ անցկացնել հավաքը, կհամաձայնենք, եթե ամբողջական կազմերով՝ ոչ: Առանձին կանենք մեր հավաքը:

Պարոն Աղամալյան, այս պահին ընդհանուր թիմի մարզավիճակը, բռնցքամարտիկների տրամադրություններն ինչպիսի՞ն են:

Այս պահի համար բավարար մարզավիճակ ունենք: Ամեն ինչ լավ է ընթանում, վնասվածքներ չունենք: Տրամադրությունները՝ մեծ պատասխանատվություն. այն, որ Եվրոպայի առաջնությունը Հայաստանում, Երեւանում է տեղի ունենալու, մեծ պատասխանատվություն է յուրաքանչյուրի համար եւ բոլորն էլ զգում են դա: Այժմ պատրաստ ենք այնքան, որքան այս պահին մեզ անհրաժեշտ է: Աստիճանաբար կհասնենք գագաթնակետին մայիսի 22-ին, 23-ին: Մենամարտերը սկսվում են մայիսի 23-ից:

Դուք ինչպե՞ս եք տրամադրված: Ձեզ վրա ինչպե՞ս է անդրադառնում պատասխանատվությունը: Կա՞ լարվածություն:

Լարվածություն որպես այդպիսին չկա, բայց կա մտածմունք: Մտածում եմ ամբողջ օրը (ծիծաղում է): Ռուսը մի լավ խոսք ունի՝ «дома и стены помогают», ես հավելում եմ՝ տանը եւ լարվածությունն է խանգարում: Դա էլ կա:

Արդեն հայտնի՞ է, թե քանի երկիր է մասնակցելու: Ադրբեջանի հավաքականը մասնակցելո՞ւ է:

Դեռ տեղյակ չեմ՝ քանի երկիր է մասնակցելու: Ադրբեջանի հավաքականի մասնակցության մասին եւս հստակ տեղեկություն չունեմ: Ես զրուցել եմ Ադրբեջանի հավաքականի մարզիչների հետ: Նրանք ցանկանում են մասնակցել, բայց զրույցների ընթացքում ասել են, որ իրենց որոշելիքը չի: Իմ կարծիքով՝ Թուրքիան կգա, Ադրբեջանը, երեւի, ոչ: Չեմ կարող ասել, թե անվտանգության ինչ երաշխիքներ են տալու նրանց: Մարզիչների հետ զրուցել եմ տարբեր մրցաշարերի ժամանակ եւ նրանք հայտնել են, որ ցանկանում են մասնակցել. բայց իրենց խոսքով, «վերեւներն» են որոշելու:  Ռուսաստանը, Բելառուսը չեն մասնակցելու:

Ի՞նչ սպասելիքներ ունեք:

Տղաների 90 տոկոսը, շատ հնարավոր է, մեդալակիրներ դառնան, բայց նույն հաջողությամբ շատ հնարավոր է՝ այդ 90 տոկոսը մեդալ չնվաճեն: Ոչինչ չենք կարող կանխատեսել:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.