10:34  ,  5 ապրիլի, 2022

Գեւորգ Ղարիբյանը դժգոհ է ԵԱ-ում ունեցած արդյունքից, Սլավիկ Գալստյանը՝ գոհ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ Գեւորգ Ղարիբյանն ու Սլավիկ Գալստյանն, որոնք անցած գիշեր Եվրոպայի նորընծա չեմպիոնի եւ Հայաստանի թիմի հետ վերադարձել են հայրենիք, ամփոփել են իրենց մրցելույթները Բուդապեշում։

60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ առաջնության մրցավայր էր մեկնել վնասվածքով։ 2020 թականի Եվրոպայի չեմպիոնը գոհ չի իր արդյունքից։

«Այդքան էլ ուրախ չեմ բրոնզե մեդալ նվաճելու համար։ Սա ինձ նոր աշխատելու տեղ է տալիս աշխարհի առաջնության համար։ Կիսաեզրափակիչում ինձ ինչ-որ բան պակասեց։ Եվրոպայի առաջնության մեկնել էի արդեն վնասվածքով։ Մեկ ամիս էր, ինչ վերականգնվում էի։ Չէի հասցրել լիարժեք ապաքինվել։ Կարծում եմ՝ վնասվածքս զգացվեց։

Երբ արդեն ապրել ես չեմպիոն դառնալու զգացողությունը, բրոնզե մեդալը շատ քիչ է լինում քեզ համար։ Միշտ տեղ կա աշխատելու, որովհետեւ չեմպիոն լինելն ուրիշ է»,- ասաց Գեւորգ Ղարիբյանը։

Գեւորգ Ղարիբյանը 60 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում 5։1 հաշվով հաղթել էր Հունգարիան ներկայացնող Էրիկ Տորբային։ Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 1։10 հաշվով պարտվել էր կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդուն՝ Էդմոնդ Նազարյանին։

Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալ նվաճած Սլավիկ Գալստյանը գոհ է իր արդյունքից։

«Բրոնզե մեդալի համար գոտեմարտեցի վրացի Ռամազ Զոիձեի հետ, որին պարտվել էի նախորդ երկու գոտեմարտերում։ Այս անգամ ինձ հաջողվեց հաղթել։ Կարող էի ավելին, բայց բրոնզե մեդալի համար էլ ուրախ եմ։ Մյուս մրցաշարերում կփորձեմ ոսկի նվաճել։

Ինչպես միշտ, այս Եվրոպայի առաջնությունն էլ բարդ անցավ։ Ուժեղ մրցաշար էր»,- ասաց Սլավիկ Գալստյանը։

Հիշեցնենք, որ 67 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում Սլավիկ Գալստյանը տուշեով հաղթել էր 2021 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր, Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեին։

Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր էր դարձել նաեւ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, իսկ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 23-ամյա Մալխաս Ամոյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում