Խառը մենամարտերում մեծ նպատակներ ունեմ, բայց ըմբշամարտից եւ Հայաստանի հավաքականից չեմ հեռացել եւ չեմ հեռանալու:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, MMА մարտիկ Մաքսիմ Մանուկյանը:
34-ամյա ըմբիշը մարտի 19-ին Կալիֆոռնիայում անցկացված Celtic Gladiator 31 մրցաշարում երրորդ հաղթանակն է տարել խառը մենամարտերում: Մրցակիցը ամերիկացի Ջեյմս Քենոնն էր (7-5-0):
Հայաստանը ներկայացնող Մանուկյանը հաղթանակի հասավ երրորդ ռաունդում, մրցավարների միաձայն որոշմամբ:
«Երրորդ հաղթանակս հեշտ չտրվեց, մինչեւ վերջին ռաունդը ձգվեց, բայց փորձի առումով, երեւի, ավելի լավ էր, որ այսքան երկար տեւեց մենամարտը:
Ուրախ եմ այս հաղթանակի համար: MMA-ում նպատակներս մեծ են, բայց այդ մասին հետո կխոսեմ:
Ըմբշամարտից եւ հավաքականից չեմ հեռացել եւ չեմ հեռանալու»,- ասաց Մաքսիմ Մանուկյանը:
Մաքսիմ Մանուկյանը խառը մենամարտերում նորամուտը նշել է 2021 թվականի օգոստոսի 8-ին LXF5 մրցաշարում եւ հաղթել մեծ առավելությամբ։ Երկրորդ մենամարտը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին Կալիֆորնիայի «Վալի Սենթեր» մարզապալատում Gladiator Challenge մրցաշարի Underground 2 երեկոյում: Այստեղ նույնպես աշխարհի չեմպիոնը վստահ հաղթանակ է տարել:
ԱՄՆ-ում Մաքսիմ Մանուկյանի մենեջերը UFC մարտիկ Էդմեն Շահբազյանի անձնական մարզիչ, մենեջեր, ԱՄՆ-ի «Գլենդեյլ ֆայթինգ քլաբի» ղեկավար Էդմոնդ Թարվերդյանն է: Նրա հետ աշխատում է նաեւ ազատ ոճի ըմբշամարտի 2004 թվականի Եվրոպայի չեմպիոն Մարտին Բերբերյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում